Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵՐ ՈՒԺԻ ՈՒ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆԸ



ՄԵՐ ՈՒԺԻ ՈՒ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆԸՀամաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության, ՀՀ սփյուռքի նախարարության և Հայաստանի ժուռնալիստների միության կողմից 2016 թ. հայտարարված «Համազգային միասնությունը՝ որպես մեր ուժի, հզորության գրավական» թեմայով լրագրողների լավագույն հրապարակումների համահայկական մրցույթում ակնարկի ժանրում «Հայ զինվոր» թերթի լրագրող Գայանե Պողոսյանի՝ ապրիլյան հերոսներին նվիրված ակնարկաշարը ճանաչվել է լավագույնը:

 

-Գայանե՛, ի՞նչ նկատառումով էիր «Համազգային միասնությունը՝ որպես մեր ուժի, հզորության գրավական» թեմայով մրցույթին ներկայացրել ապրիլյան պատերազմի հերոսներին նվիրված վավերագրություն-նովելներդ, Անկախության 25-ամյակի կամ Ազգ- բանակ հայեցակարգի մասին հրապարակախոսություններդ ավելի հարմար չէի՞ն թեմային:

-Իմ հոդվածները մրցույթին ներկայացրել էր ժուռնալիստների միությունը: Երբ իմացա, որ «Հայ զինվորում» հրապարակված հոդվածս հաղթել է մրցույթում, ես էլ քեզ պես մտածեցի, որ խոսքը իմ հրապարակախոսություններից մեկի մասին է, որովհետև միասնականությամբ մեր համազգային կենսունակությունն ու դիմադրողականությունը բարձրացնելու գաղափարը շեշտված էր հենց այդ հոդվածներում: Սակայն չեմ կարող չհամաձայնել իմ հեղինակավոր գործընկերների հետ, որ ապրիլյան պատերազմում մեր ամուր դիմակայության ու անձնվեր խիզախումի գլխավոր խթանը դարձյալ միասնությունն էր՝ համախմբումը անսակարկելի ու բոլորիս համար գերակա հայրենիքի պաշտպանության գաղափարի շուրջ:

-Իսկ ինչպե՞ս ծնվեց ապրիլյան հերոսներին նվիրված ակնարկաշարը:

-Շատ դժվար է շոշափել պատերազմի թեման, երբ այն դեռ տաք է ու ցավոտ: Բայց զինվորական լրագրողի պարտքն է հենց այդ ծանր օրերին, երբ երկրի սահմանները կրակի մեջ են, երբ օդը լցված է հակասական լուրերով ու մեկնաբանություններով, խոսել ընթերցողի հետ, պատմել նրան ճշմարտությունը, տրամաբանված ու հավասարակշիռ խոսքով բարձր պահել մարդկանց ոգին, պայքարելու կամքն ու հաղթելու հավատը: Ես պատերազմի առաջին օրվանից պաշտպանության նախարարության կենտրոնական հոսպիտալում էի, զրուցում էի վիրավոր զինվորների ու սպաների հետ, լսում պատերազմի ականատեսների ու մասնակիցների պատմությունները, նրանց ապրումները, հույզերը փոխանցում ընթերցողին, մանավանդ այն, ինչ նրանք պատմում էին, իսկական հերոսապատում ասքեր էին: Ամենաոգեղենն ու տպավորիչը այցելությունն էր թիվ 5 հիվանդասենյակ, որտեղ հայրենիքը պաշտպանելիս վիրավորված և անդամահատված զինվորներն էին բուժվում: Աստիճաններից հիվանդասենյակ տանող ճանապարհը թերևս կյանքիս ամենադժվար ընթացքն էր. ես չգիտեի՝ ի՞նչ եմ ասելու տղաներին, որոնք ընդամենը 20 տարեկան են ու երբեք այլևս չեն կարողանա վազել, սար բարձրանալ, ինքնուրույն շարժվել…ի՞նչ խոսքեր եմ լսելու նրանցից, ինչպե՞ս են ինձ՝ զինվորական լրագրողիս, ընդունելու նրանց ծնողները: Բայց այն, ինչ տեսա ներսում, պարզապես աներևակայելի էր: Մեր տղաները այնքան պինդ էին, հուսավառ, ամուր, ժպտուն, լցված ապրելու կամքով ու երազանքներով: Հուսահատության ու ընկճվածության նշույլ չկար անգամ նրանց ծնողների պահվածքում ու խոսքում: Տղաները այնպիսի հպարտությամբ էին պատմում իրենց կռվի ու հաղթանակի մասին, որ հասկանում էիր՝ գիտակցաբար ու աներեր գնացել են ինքնազոհության, որ պաշտպանեն իրենց բաժին սահմանն ու փակեն թշնամու ճանապարհը: Այնպիսի ուժ ու ոգեղենության կար թիվ 5 հիվանդասենյակում, որ ինձ մնում էր միայն այդ զորությունը փոխանցելու ընթերցողին ու ասելու, որ մեր զինվորների տղամարդկային արժանապատվության, խիզախության ու հայրենիքի ճակատագրի հանդեպ պատասխանատվության ուժին ոչ մի զենք չի կարող հաղթել…

ՄԵՐ ՈՒԺԻ ՈՒ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆԸ-Ակնարկաշարը համալրված էր նաև զոհված զինվորների մասին նովելներով: Այդ օրերին նրանց հարազատների հետ հանդիպելը պիտի որ շատ ծանր լիներ:

-Ես ապշած եմ հայ կնոջ՝ մոր հոգու ուժից, հայրենիքի պաշտպանության համար ամենաթանկը նվիրաբերելու հերոսությունից, չկոտրվելու, իր օջախը վառ պահելու ու կողքիններին ապրեցնելու կամքից: Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մոր հետ հանդիպեցի ապրիլյան պատերազմից կարճ ժամանակ անց: Նա ոչինչ չխոսեց այն սարսափելի 6 օրերի մասին, երբ սպասում էր, որ թշնամին հերոսի մարմինը վերադարձնի իր երկրին…այլ ինձ տարավ անցյալ, որտեղ իր տղան ողջ էր, արթնացրեց քաղցր հուշերը, կարողացավ կուլ տալ արցունքն ու ժպտալ…Հետո ասաց՝ ես եմ հերոսության ու հայրենիքը ամեն գնով պաշտպանելու դասեր տվել որդուս: Հպարտ եմ, որ նա երկրին արժանի զավակ դարձավ: Բոլոր հերոսների մայրերը իրենց զավակների պես անկոտրում ու հերոսական էին: Եվ չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ մեր հայրենիքի սահմանների ամրությունը հայ մայրն է կռում, նա է զինում հայ տղամարդու ոգին, որը չի պարտվում ոչ մի ուժի առաջ:

-Անձամբ ինձ շատ էին ոգևորել ապրիլյան պատերազմից հաղթանակով ու «Մարտական խաչ» շքանշանով տուն դարձած զինվորների՝ Շուլի Հակոբյանի, Ռաֆայել Հովհաննիսյանի, Հարություն Բադալյանի, Նարեկ Մալխասյանի, Գևորգ Մանուկյանի և մյուսների մասին ակնարկները: Դրանք այնքան մեծ հուզական լիցք ու ոգի ունեին:

-Կռվում սխրանք գործած բոլոր տղաները՝ որպես կանոն, շատ խելացի էին, մտավոր բարձր կարողություններով, վերլուծական մտքով, ամուր, կայացած բնավորությամբ, համարձակ երազանքներ ու նպատակներ ունեին: Ապրիլյան պատերազմում հերոսացավ մեր երիտասարդության մտավոր սերուցքը՝ սա իմ եզրահանգումն է, ապրիլյան պատերազմի ֆենոմենը հասկանալու ճանապարհին իմ արած բացահայտումներից մեկը: Վաղը նրանք ստանձնելու են երկիրը առաջ տանելու պատասխանատվությունը: Նրանք այնքան հարազատ են հայրենիքին, որ երբեք չեն կարող հեռու մնալ երկրի ճակատագրից: Ու ես վստահ եմ՝ նրանց առաջնորդությամբ մենք հասնելու ենք մի հանգրվանի, որտեղ ունենալու ենք հզոր, արդար, պաշտպանված ու բարեկեցիկ երկիր՝ մեր երազանքների Հայաստանը:

-Հիշեցի զինվոր Հարություն Բադալյանի խոսքերը՝ «Մարտական խաչն» ինձ հայրենիքը տվել է որպես հրաման: Հայրենիքը հրամայել է անվերջ բարձրանալ ու հզորանալ, որպեսզի կարողանամ օգնել ու պաշտպանել ավելի մեծ թվով մարդկանց:

-Ես էլ հիշեմ զինվոր Հայկ Թաթոյանի մտքերից՝ եթե անգամ մենք չտեսնենք մեր երազանքները իրականացած. եթե անգամ չքաղենք մեր տքնանքի պտուղները, պիտի երազենք ու տքնենք հանուն մեզնից հետո եկողների ու նրանց պիտի ավելի ուժեղ ու անվտանգ հայրենիք թողնենք…

-Մենք բոլորս՝ «Հայ զինվոր» թերթի անձնակազմը, շատ ուրախացանք քո հաջողությամբ: Իսկ անձամբ քեզ՝ որպես զինվորական լրագրողի, ի՞նչ տվեց մրցանակը, ի՞նչ խորհուրդ ուներ այն քեզ համար:

-Ես չեմ կեղծի՝ շատ ուրախ եմ, որ հենց իմ ակնարկներն են հաղթել համահայկական մրցույթում, որ ճանաչված, խոսքի վարպետ մտավորականներով համալրված ժյուրին բարձր է գնահատել իմ աշխատանքը: Բայց կրկնակի ուրախ եմ, որ հաղթել են «Հայ զինվոր» թերթում տպագրված ակնարկներս: Դու գիտես, որ «Հայ զինվորի» հետ է կապված իմ ամբողջ լրագրողական գործունեությունը, ու «Հայ զինվորը» ուղղակի աշխատավայր չէ ինձ համար, այն իմ մասնագիտական կենսագրությունն է ու շատ հարազատ է ինձ: Ես հպարտ եմ, որ «Հայ զինվոր» թերթում եմ ծառայում՝ մի պարբերական, որը 1993 թվականից իր ազգային կեցվածքով, իր հայրենաշահ գաղափարներով, ազգային հանդուրժողականության ու միասնականության իր քարոզով, բանակաշինության տարեգրությունը լավագույնս ներկայացնելու իր կարողությամբ մեծ հարգանքի է արժանի: Այս մրցանակը կդառնա խթան, որ ավելի մեծ եռանդով իրականացնեմ ապրիլյան պատերազմի բոլոր հերոսների մասին վավերագրություն-նովելներս մի գրքով ներկայացնելու երազանքս:

Ուզում եմ ավելացնել, որ հասարակական գործիչ, գործարար-բարերար Արա Աբրահամյանը նաև դրամական պարգև էր սահմանել մրցույթում հաղթողների համար: Մրցանակաբաշխության ժամանակ նա ասաց, որ մտավորականներին, մշակույթի գործիչներին աջակցելը, նրանց ոգևորելը իր ամենակարևոր նախաձեռնություններից է, որովհետև առանց եռանդուն, նվիրյալ ու գալիքի հանդեպ հավատով լցված մտավորականության ոչ մի երկիր չի կարող երաշխավորված ապագա ունենալ:

-«Հայ զինվորին» առաջին անգամ մրցանակ բերեց ճանաչված գրող, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը, քո մրցանակը մեր թերթի երկրորդ հաջողությունն է, այո՞:

-Ո՛չ, երրորդն է, որովհետև ես մի մրցանակ էլ եմ բերել թերթին, որը տվել է Լեզվի պետական տեսչությունը՝ մայրենիի անաղարտության պահպանման ու զարգացման գործում ունեցած ավանդի և ուշագրավ հրապարակումների համար:

-Շնորհավորում եմ մրցանակդ, մաղթում  նոր ձեռքբերումներ ու հաջողություններ: Թո՛ղ իրականանան բոլոր նպատակներդ ու երազանքներդ:

-Շնորհակալություն։ Սա մեր բոլորի, մեր սիրելի «Հայ զինվորի» մրցանակն է: Ու ես շնորհավորում եմ բոլորիս:

 

ՀԱՍՄԻԿ ՄԱԴՈՅԱՆ

Խորագիր՝ #18 (1189) 10.05.2017 - 16.05.2017, Հոգևոր-մշակութային


11/05/2017