Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԹՎԱՑՅԱԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ԹՎԱՑՅԱԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ԹՎԱՑՅԱԼ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՄայիսի 3-ին Սոչիում տեղի ունեցավ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպումը, որը բացահայտեց Մոսկվայի և Անկարայի միջև առկա արմատական տարաձայնությունները: Երկու կողմերը արտաքուստ խոսել են մարտավարական սերտ համագործակցության մասին, սակայն, պարզ է, որ իրականում ավելի են կոշտացնում իրենց դիրքորոշումները:

Երկու նախագահների նախորդ հանդիպումից շատ ժամանակ չէր անցել՝ հազիվ երկու ամիս: Դեռ այն ժամանակ զգացվել էր, որ կողմերը փորձում են խոսել պայմանների լեզվով: Թեև Ռուսաստանը խոստացել էր, որ կհանի թուրքական տնտեսվարողների նկատմամբ սահմանած պատժամիջոցները, մինչ օրս այդ ուղղությամբ էական քայլեր չեն արվել: Թուրքիան էլ շարունակում է արգելափակել ռուսական տնտեսական գործունեությունն իր տարածքում: Սակայն թե՛ Մոսկվային, թե՛ Անկարային տնտեսական շահերի փոխըմբռնումն այնքան չի հետաքրքրում, որքան տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռության  և ազգային շահերի պահպանումը:

Թուրքիայի և Ռուսաստանի միջև երկխոսության առաջնային հարցը Սիրիական ճգնաժամն է և դրանից բխող խնդիրները: Անկարան փորձում է համոզել Մոսկվային, թե իր ներկայությունը հակամարտության երկրում պայմանավորված է զուտ անվտանգության ապահովման հրամայականով: Թուրքիայի համար մեծ վտանգ է ներկայացնում սիրիաբնակ քրդերի անկախանալու ձգտումը, քանի որ դրանով կարող է ավելի թեժանալ նրանց թուրքաբնակ հայրենակիցների պայքարը: Բացի այդ, Անկարան փորձում է հանդես գալ որպես տարածաշրջանային լուրջ դերակատար և «սիրիական կարկանդակից» ստանալ իր մասնաբաժինը: Հանդիպման ժամանակ Պուտինը հասկացրել է Էրդողանին, որ քրդերի ինքնավարության հարցում Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել, և իրենք Սիրիայում կգործեն իրենց ազգային շահերից ելնելով:

Բնական է, որ քրդական հարցում Էրդողանը պետք է համագործակցի կամ Մոսկվայի, կամ Վաշինգտոնի հետ: Ռուսաստանի դիրքորոշումը հստակ է՝ Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ներկա վարչակարգը պետք է պահպանվեն: ԱՄՆ-ն պատրաստ է վերափոխելու տարածաշրջանային սահմանները, աջակցելու պետական նոր կազմավորումների ստեղծմանը: Այդ հարցում Վաշինգտոնի և Անկարայի միջև տարաձայնությունները սրվել էին այն աստիճան, որ Անկարան փորձում էր խոսել նույնիսկ սպառնալիքների և շանտաժի լեզվով: Իսկ ԱՄՆ-ում նախընտրական ժամանակաշրջանում Անկարան միացավ Աստանայում սիրիական հակամարտող կողմերի հաշտեցման Կրեմլի նախաձեռնությանը: Նույնիսկ խոսվում էր Անկարա-Մոսկվա-Թեհրան առանցքի հնարավոր ձևավորման մասին: Սակայն իրականում Էրդողանը սպասում էր մերձավորարևելյան քաղաքականության շուրջ ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի մոտեցումների հստակեցմանը:

Մոսկովյան հանդիպումից հետո «Իսլամական պետության» դեմ ամերիկյան կոալիցիայի գործողությունների ակտիվացման ժամանակ Էրդողանը փորձեց առևտրի մեջ մտնել Թրամփի վարչակազմի հետ, բայց անօգուտ: Արդյունքում՝ ապրիլի 25-ին թուրքական զինված ուժերը «պատահաբար» հարվածում են «Իսլամական պետության» դեմ կռվող ԱՄՆ դաշնակիցներին:

Էրդողանի նման քայլը շոկային էր Վաշինգտոնի համար: Անկարայում անհանգստացած են, որ ամերիկյան պատասխանը կարող է շատ ցավոտ լինել: Եվ հենց այդ մտավախություններն էլ Էրդողանին բերել են Սոչի: Պատահական չէր, որ Էրդողանի և Պուտինի հանդիպմանը զուգահեռ մայիսի 1-ից 5-ը Նախիջևանում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ էին անցկացվում: Դա յուրահատուկ ուղերձ էր Մոսկվային և Վաշինգտոնին, որ Անկարան ստիպված կլինի գործել ըստ իր նպատակահարմարության՝ չխորշելով նույնիսկ վտանգել տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը:

Ի դեպ, Սոչիի հանդիպումը 2016 թվականի օգոստոսից հետո արդեն հինգերորդն է: Երկու երկրների ղեկավարները հաճախակի նաև հեռախոսազրույցներ են ունենում: Նման վարքագիծը բնորոշ է գործընկերային լուրջ հարաբերություններին, իսկ իրականում Մոսկվայի և Անկարայի միջև խնդիրները շատ են: Մարտին Էրդողանը հայտարարել էր, թե ռուսական ինքնաթիռի խոցումից հետո առաջացած ճգնաժամը հաղթահարվել է, և երկկողմ հարաբերությունները «լիարժեք զարգացում» են ապրում:  Սոչիում նախագահ Պուտինը նկատել է, որ այդ գործընթացը «դեռ լիարժեք չէ»: Կրեմլում նաև համամիտ չեն Էրդողանի այն տեսակետին, թե «տնտեսական հարցերը քաղաքականից» անկախ են:

Ռուսաստանյան մամուլի արձագանքներից պարզ է դառնում, որ շուրջ երեք ժամ տևած այս հանդիպումը ընթացել է բավական լարված մթնոլորտում: Պարզ է դարձել, որ կողմերը կշարունակեն տարածաշրջանային կարևոր հարցերի շուրջ երկխոսությունը: Թուրքիայի նախագահին հասկացրել են, որ այնքան էլ գոհ չեն վերջին շրջանում նրա պահվածքից, սակայն դեռ կոշտ արձագանք չի լինի: Իսկ Անկարան ստիպված է լավ հարաբերություններ պահպանել Կրեմլի հետ, քանի որ Արևմուտքի հետ ներկայումս հաշտ չէ:

 

ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆ