Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԿԱՄՅԱ ՍՊԱՅԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ



Վերջերս պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանրային քննարկման ներկայացրեց «Պատիվ ունեմ» նախագիծը: Այն պետական հավատարմագրում ունեցող բուհերում տարկետման իրավունքը վերածում է մրցունակ փոխհատուցմամբ սպայական ծառայության: Քանի դեռ ծրագիրը հաստատված չէ, պաշտպանության նախարարությունը բակալավրիատի եւ մագիստրատուրայի վերջին կուրսի զորակոչային տարիքի արական սեռի ուսանողներին առաջարկում է բանակ զորակոչվելու փոխարեն ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական եւ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարաններ եւ մեկ տարի ուսանելուց հետո լեյտենանտի կոչումով պայմանագրային սպայական ծառայության անցնել: Քաղաքացիական բուհերից զինծառայողների ներգրավումը ընդունված գործընթաց է աշխարհում: Նպատակահարմար է, որ բազմակողմանի զարգացած, կոնկրետ մասնագիտություն ունեցող տղաներն իրենց գիտելիքներով նպաստեն բանակաշինության գործին:

 

ԼԵԶՈՒՆԵՐԻՑ ԱՄԵՆԱԲԱՐԴԸ

ՄԵԿԱՄՅԱ ՍՊԱՅԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸՌուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռումիներեն, լեհերեն, իսպաներեն ու հունարեն. կրտսեր սերժանտ Հենրի Մատինյանը յոթ լեզու գիտի: Հիմա էլ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հրետանային միջոցների «բառապաշարն» է ուսումնասիրում: Ասում է` սկզբում ֆրանսերենի նման բարդ էր թվում:

Երբ անցած տարվա ամռանը հավաքակայանում զննում էին Հենրիի փաստաթղթերը, հանձնաժողովի անդամների դեմքներին թեթեւ զարմանք հայտնվեց: Ինչո՞ւ է Վանաձորի պետական համալսարանի պատմության ֆակուլտետն ավարտած, Ռումինիայի Ալեքսանդր Իոան Կուզայի համալսարանում միջազգային հարաբերություններ եւ եվրոպագիտություն ուսումնասիրած, Լեհաստանի Ադամ Միսկևիչի անվան պետական համալսարանի մագիստրատուրայի վկայական ունեցող երիտասարդը որոշել սպայական ուսադիրներ կրել: Այդ հարցին Հենրին պատասխանեց` ասելով, որ ե՛ւ իր, ե՛ւ բանակի համար ծառայության այս տարբերակն ավելի նպատակահարմար է: Այսպիսի մի խոսքով նա թերեւս շրջանցում էր 2016 թ. ապրիլի 2-ը, երբ Պոզդնանից Վարշավա էր ճանապարհվել Հայաստանի դեսպանին հանդիպելու. «Առավոտ շուտ էր` ժամը 5-ը: Գնացք նստեցի: Սովորության համաձայն քչփորեցի համացանցը: «Հակառակորդը լայնածավալ հարձակում է նախաձեռնել». կարդացի ու հանկարծակիի եկա: Լուրն այնքան կտրուկ ու անսպասելի էր, որ ուշադրությունս լարելով հանդերձ մի քանի րոպե չկարողացա հասկանալ, թե, այնուամենայնիվ, ինչ է կատարվում: Իսկ արդեն հաջորդ պահին որոշեցի` կհրաժարվեմ Լեհաստանում ասպիրանտուրա ընդունվելու հնարավորությունից եւ կսովորեմ կռվել»: Ռազմական համալսարանում, սակայն, պարզ դարձավ` նախ ինքն իր հետ պիտի կռվի, ինքն իրեն պիտի հաղթի, իրեն պատած անհաստատ վիճակը` գուցե որպես շարքայի՞ն ծառայեր: Երկու օր քաղաքացիական հագուստով մնաց, իսկ հետո համազգեստ հագավ, ամրացրեց տարբերանշաններն ու «ճակատային գրոհի նետվեց»: Դարձավ միակ կուրսանտը ռազմական համալսարանի պատմության մեջ, որ գերազանց է ավարտել մեկամյա սպայական դասընթացների առաջին կիսամյակը. «Դու չես պարտվել, քանի դեռ չես հանձնվել… Իհարկե, ոչ բոլորը կարող են դիմանալ այստեղի ծանրաբեռնվածությանը: Եթե քաղաքացիական կյանքում կենտրոնանում ես սովորելու վրա, այստեղ զուգահեռ նաեւ շարային վարժաձեւեր ես կատարում, կրակում, ֆիզիկապես կոփվում: Ես ընտրեցի փոքր քայլերով հաջողության հասնելու մարտավարությունը եւ չձախողվեցի: Հոգեբանական մի փորձ եմ հիշում` տեսողության խնդիր ունեցող մարդուն ակնոց էին տվել, որի շրջանակներից մեկին ապակի չկար: Երկու-երեք օր անց նա այլեւս չէր զգում դատարկությունը: Այլեւս անսովոր չէր: Նույն բանն ինձ հետ կատարվեց»:

Ի՞նչ է ակնկալում  Հենրին բանակից:

Գիտելիք եւ կենսափորձ:  Մինչ համալսարան ընդունվելը մտածում էր, որ շատ բան է տեսել, շատ բան գիտի, որ կյանքն ունի հստակ գծագրություն, իսկ հիմա՞. «Հիմա հասկանում եմ, որ ասես բանալու անցքից էի նայում աշխարհին»: Շատ է ուզում, որ իրեն նորագույն զինատեսակ վստահեն` «Սմերչ», «Իսկանդեր» կամ «Տոչկա» համակարգ, բայց եթե նույնիսկ այդպես չլինի, ոչ մի րոպե չի հիասթափվի. «Հրետանավորի մասնագիտության մեջ մխրճվել եմ մինչեւ ականջներս: Եվ հրետանային ցանկացած սպառազինությամբ էլ ճշգրիտ կգործեմ»: Նրան հաճախ են հարցնում` մեկ տարում հնարավո՞ր է սպա դառնալ. «Հնարավոր է՝ չորս տարում էլ մարդ չյուրացնի սպայի մասնագիտությունը, այնպես որ մեկ տարին քիչ չէ»,- պատասխանում է առանց երկմտելու: Երկու ամիս անց Հենրին լեյտենանտի կոչումով պայմանագրային սպայական ծառայության կանցնի: Եվ, ով գիտի, գուցե երկու տարի հետո էլ շարունակի ծառայությունը զինված ուժերում: Ինքը չի բացառում:

 

ՀՈԳՈՎ՝ ՌԵՓԵՐ, ՄՏԱԾՈՂՈՒԹՅԱՄԲ` ՖԻԶԻԿՈՍ, ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ` ԶԻՆՎՈՐԱԿԱՆ

ՄԵԿԱՄՅԱ ՍՊԱՅԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸՎոլոդյա Խաչատրյան անուն-ազգանունը միգուցե շատերին ոչինչ չասի, բայց, ահա, Վով  մականունը  Իքս-Ֆակտոր (X Factor) երաժշտական մրցույթի հեռուստադիտողը միանգամից կհիշի: Ռեփ էր կարդում: Իսկ իր գրած տողերի առանցքում հայրենիքն էր, դիրք պահող տղերքը: Այսօր, երբ զինվորական համազգեստով է, ծանոթ տողերը բոլորովին ուրիշ իմաստ են ստացել:

«Իմ ազատությունը չունի սահմաններ

Ես հայ եմ ծնվել:

Էդքան հերոս տղերքն իզուր չեն զոհվել

Ազատությունը պետք ա պահել»,- ամեն բառն արտաբերում է զինվորականի համառությամբ` ամբողջ էությամբ կենտրոնացած: Սպասում եմ` էլ ի՞նչ պիտի պատմի իր մասին. «Սովորել եմ Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի միջուկային ռեակտորների ֆիզիկա բաժնում: Ֆիզիկան մտածողությունդ ճիշտ հունի մեջ է դնում: Ամեն բան ռացիոնալ է դարձնում, նույնիսկ հայրենասիրությունդ: Եվ դու այն դրսեւորելու իրական, ոչ ուտոպիստական տարբերակներ ես գտնում»: Ինքն իր տարբերակը երկար չփնտրեց` բանակին պետք է հիմնավոր գիտելիքներով ծառայի.  «Մանկության ընկերս Թալիշում դիրք էր պահում: Անընդհատ փշերի վրա էի: Մտածում էի` բա էնտեղ չլինեի, կողքին կանգնեի: Եվ հասկացա, որ պիտի սպա դառնամ: Ընտանիքս ըմբռնումով մոտեցավ իմ ցանկությանը, նույնիսկ ոգեւորվեցին»: Իր համար էր բարդ` մեկը հրաման էր տալիս, եւ ինքը պետք է գլուխը կախ կատարեր: Սովոր չէր. «Փորձեցի հասկանալ` ինչու է այս մարդը շարքի դիմաց կանգնել, ինչ է փորձում ինձ բացատրել, ինչու է դա անում: Եվ հասկացա, ընդունեցի: Բանակում սովորեցի վերլուծել գործողությունները: Այս մեկ տարվա ընթացքում ավելի հանգիստ եմ դարձել, ավելի հավասարակշռված եւ ավելի քչախոս (ժպտում է): Այնքան եմ շարքում ուղիղ կանգնել, որ ներսումս եմ ձգվել»:

Իսկ հրետանավորի գործը միանգամից է յուրացրել. «Ինձ հետաքրքրում է հրետանին, որովհետեւ կարող եմ ֆիզիկայի լեզվով բացատրել, օրինակ, արկի թռիչքը, ազդող ուժերը»: Գուցե ծառայությունը շարունակի որպես «Գրադ» համալիրի մարտկոցի սպա. դեռ հրետանային բրիգադներից մեկում ստաժավորման ժամանակ էր աչք դրել այդ համակարգի վրա. «Զինատեսակն ինձ գրավեց իր խոցման մասշտաբներով: Որքան էլ գերճշգրիտ գործողություն չես կարող կատարել, բայց խոցման մակերեսը այնքան մեծ է, որ ուզածդ թիրախը հաստատ կվնասես»:

 

ՀՐԵՏԱՆՈՒ ԱՊԱԳԱ ՀԵՏԱԽՈՒՅԶԸ

ՄԵԿԱՄՅԱ ՍՊԱՅԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շրջանավարտ Արամ Կարապետյանը մասնագիտացել էր օդային տրանսպորտի շահագործում եւ կառավարում բաժնում: Դիպլոմային աշխատանքն էլ դասախոսները գերազանց էին գնահատել: Բայց ասում է` հրետանավորի մասնագիտությունն էլ պակաս հնչեղ ու պակաս պատվաբեր չէ. «Կարծում եմ՝ եթե կյանքում հեռահար նպատակներ ունես, ապա, առանց բանակի, զինվորականության բովով անցնելու, դրանք իրականություն չես դարձնի: Երկրորդ կուրսում եմ իմացել ծառայության այս տարբերակի մասին: Ավարտական քննություններս հանձնելուց անմիջապես հետո դիմել եմ զինկոմիսարիատ»: Ռազմական համալսարանում բազմաթիվ թերացումներ է ունեցել` մերթ քայլքը ճիշտ չէր ստացվում, մերթ կրակելուց ձեռքն էր դողում, բայց ընդամենը մի քանի շաբաթ անց հասավ բավարար արդյունքի. «Ամեն բան արել եմ, որ մասնագիտական պատրաստվածության աստիճանով չզիջեմ ինստիտուտում չորսամյա կրթություն ստացած կուրսանտներին: Քարտեզներ, գծագրեր, հաշվարկներ, ստորաբաժանումների տեղակապակցում, անհրաժեշտ խտության երկրաբաշխական ցանցի ստեղծում` բոլորից գլուխ եմ հանում»:

Արամը նաեւ փայլուն դաշնամուր է նվագում, ձյուդոյի մրցումներում էլ գրանցած մի շարք հաջողություններ ունի, հետաքրքրված է տիեզերքով, իրեն բնության մարդ է համարում. «Ծառայությունս անտառում տեղակայված առաջնագծի զորամասերից մեկում եմ պատկերացնում` որպես հրետանու հետախույզ»: Համբերատար է, բայց եւ բծախնդիր. «Եթե պարտավորվել եմ գործը անել, ուրեմն այնպես, որ ինձնից հետո ոչինչ շտկելու կարիք չլինի»:

 

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ

Խորագիր՝ #17 (1188) 03.05.2017 - 09.05.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


06/05/2017