ՍԱՀՄԱՆԱՊԱՀԻ ՕՐԸ
Նշվեց Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի կազմավորման 25-ամյակը
Ապրիլի 26-ն է: ՀՀ սահմանապահ զորքերի կենտրոնակայանը մարդաշատ է. հավաքվել են սահմանապահ զորքերի վարչության բարձրաստիճան զինվորականներ, վետերաններ, սահմանապահների ընտանիքների անդամներ: Հանդիսավոր միջոցառում է` նշվում է Սահմանապահի օրը:
ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Կարապետ Դավթյանը շնորհավորում է սահմանապահ զորքերի հրամանատարությանը, անձնակազմին ու վետերաններին մասնագիտական տոնի կապակցությամբ: Նա ընդգծում է, որ սահմանապահ զորքերը, պահպանելով զինվորական լավագույն ավանդույթները, ցուցաբերելով մասնագիտական եւ քաղաքացիական հասունություն, արժանավայել դիմակայում են նոր մարտահրավերներին, բարեխղճորեն կատարում հայ սահմանապահի պարտքը՝ երկրի սահմանների անվտանգության ապահովումը: «Մեր նպատակն է զարգացնել արդեն իսկ կատարված աշխատանքները, սահմանային կետերում կատարելագործել սահմանը հատող անձանց, տրանսպորտային միջոցների, բեռների եւ գույքի սահմանային վերահսկողությունը, ապահովել սահմանամերձ շրջանների բնակչության անվտանգությունը, կանխել սահմանային շերտերում մեր երկրի բնական պաշարների հնարավոր հափշտակումը: Այսօր սթափ գնահատելով տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակը, ինչպես նաեւ համախմբելով մեր ուժերը՝ մենք պետք է շարունակենք ապահովել երկրի անվտանգությունը եւ հայ ժողովրդի խաղաղ աշխատանքը»: Մեկ տարվա ընթացքում սահմանապահները կանխել են պետական սահմանի խախտման եւ խախտման փորձի տասնյոթ դեպք: Սահմանային կետով մեկ տարում անցել է ավելի քան 5.5 միլիոն մարդ: Գեներալ-մայորը վստահ է, որ սահմանապահների աչալրջության շնորհիվ այսուհետ եւս սահմանը կմնա անառիկ:
ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանն ասում է, որ սահմանապահ զորքերը 25 տարիների ընթացքում շատ ջանքեր են գործադրել պետական սահմանի պահպանության գործում` առաջնորդվելով օրինականության ապահովման սկզբունքով. «ՀՀ պետական սահմանի պահպանությունն առանձնահատուկ է: Այն հսկում են երեք տարբեր գերատեսչություններ՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը, ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչությունն ու ՀՀ ՊՆ ստորաբաժանումները: Այսօր սահմանապահ զորքերը պետական սահմանը պահպանում են Վրաստանի եւ Իրանի ուղղություններում: Պետական սահմանի այս տեղամասերում տեղակայված ստորաբաժանումներից ամեն օր 400-500 սահմանապահ վերակարգեր` զինված տեսադիտարկման ժամանակակից օպտիկական, գիշերային եւ ջերմատեսիլ սարքերով, ինչպես նաեւ ինժեներատեխնիկական միջոցներով, լծվում են սահմանային ծառայության հիմնական խնդիրների կատարմանը: Պայքարում են կազմակերպված հանցավորության, մաքսանենգության, ապօրինի միգրացիայի, զենքի, թմրանյութերի եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ՝ իրենց իրավասության սահմաններում համագործակցելով պետական այլ կառույցների հետ, ինչպես նաեւ պատրաստ դիմակայելու սահմանային գոտում զինված ոտնձգությունները»: Գեներալ-մայոր Աբրահամյանը շեշտում է, որ սահմանային ենթակառուցվածքները զարգանում են ժամանակին համընթաց: Միայն այս տարվա ընթացքում շահագործման են հանձնվել պետական սահմանի անցման երկու կետ՝ «Բագրատաշենն» ու «Գոգավանը», իսկ երրորդ անցակետը՝ «Բավրա»-ն, շահագործման կհանձնվի 2017թ. վերջին: Սահմանապահ զորքերի հրամանատարը վստահեցնում է, որ պետական սահմանի պահպանությանը ներգրավված անձնակազմը լիովին տիրապետում է սահմանի պահպանության առաջադեմ եղանակներին եւ կարող է կիրառել ժամանակակից սպառազինություն ու ինժեներական միջոցներ. «Մենք պատրաստ ենք ներգրավվելու ՀՀ սահմանների պաշտպանության իրականացմանը, ունակ ենք աջակցելու պաշտպանական եւ այլ կառույցներին»:
Արմեն Աբրահամյանը տեղեկացրեց, որ ՀՀ սահմանային անվտանգության եւ պետական սահմանի համալիր կառավարման ապահովմանն ուղղված 2016-2021թթ. միջոցառումների ծրագիրը նպաստում է հայկական սահմանապահ զորքերի եվրոպական և միջազգային կառույցներին ինտեգրմանը, տարածաշրջանի երկրների հետ տնտեսական, մշակութային եւ այլ կապերի զարգացմանը: Ռուսական սահմանապահ զորքերի հրամանատարի առաջին տեղակալ Ալեքսանդր Բախինն էլ բարձր է գնահատում հայ սահմանապահների ներդրումը տարածաշրջանային անվտանգության գործում. «Հայ եւ ռուս սահմանապահները միշտ էլ աչքի են ընկել իրենց արդյունավետ եւ ամուր գործակցությամբ»:
Ելույթներից հետո ԱԱԾ տնօրենի հրամանով սահմանապահ զորքերի մի շարք սպաներ ու շարքայիններ արժանանում են մեդալների ու պարգեւների: Հանդիսավոր քայլերթից հետո սահմանապահները ցուցադրում են դեֆիլե, հատուկ նշանակության ստորաբաժանումները պարապմունքներ են անցկացնում, իսկ հատուկ վարժեցված ազնվացեղ շներն էլ ի ցույց են դնում «սահմանապահի» իրենց ունակությունները:
Շ. ՍՏ.
Խորագիր՝ #17 (1188) 03.05.2017 - 09.05.2017, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում