Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱԶԳ-ԲԱՆԱԿ
ԱԶԳ-ԲԱՆԱԿ

ԱԶԳ-ԲԱՆԱԿԵկել են ժամանակներ, երբ այսօրվա մեջ ապագայից ծվեններ են հայտնվում. արվեստում, գիտությունում, առավել եւս՝ զինված ուժերում: Իսկ անցյալից բանակը պետք է կրի միայն առաջ մղվելու հատուկ հիշողությունը:

Նախ՝ բանակը սնվում է իր ժողովրդի կենսունակությունից. կա սահմանամերձ թիկունք, որը նույնպես մեր զինվորական ուժն է. գյուղերը, շեները, մարդիկ վարել-ցանելով կերակրում են հողի ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ, սա կարեւոր բան է: Սահմանին կանգնած զինվորը, ոնց էլ լինի, ականջի ծայրով առնում է դաշտերում, այգիներում աշխատող գյուղացիների անուշ հնչյունները, նաեւ այս հնչյուններն են զինվորի կրունկը սեղմում հողին: Եվ կա խոր թիկունք՝ մեր քաղաքները, որտեղ զինվորն այլեւս «էկզոտիկ» քայլող արարած չէ, այլ մասնակիցն է ցուցահանդեսների, միջոցառումների, հասարակական դրսեւորումների եւ պարծանքն է իր ժողովրդի: Քաղաքային՝ լեցուն գրաֆիկով հայ մարդն իր սկզբնակետն ու վերջակետը զինվորի նկատմամբ ուշադրությամբ եւ խնամողությամբ պետք է սկսի: Յուրաքանչյուր ասպարեզ պետք է թելել բանակի կյանքին, հատկապես գիտության բնագավառը բանակի հետ համագործակցելու լայն եզրեր ունի: Ամեն մեկս պետք է իր փոքրիկ ներդրումն ունենա բանակի կյանքում, ապա եւ կամրապնդվի պետական, ազգասեր մտածողությունը:

Նպատակը կայանում է սահմանների պաշտպանության, հարկ եղած դեպքում՝ հակահարձակման եւ ընդհանրապես բանակի մարտունակության հենքի վրա: Զինուժը օրգանիզմ է, իսկ վերջինս անդադար պետք է ուշադրության կենտրոնում լինի: Հայոց բանակը կազմավորվել է հերոսների կյանքի գնով, սա մի կառույց է, որտեղ ինքնանպատակ գործողությունները ոչնչի չեն բերում, եթե չկա կազմակերպչական եւ զինվորական օրինապահության համաձուլվածքը: Մենք սերում ենք իշխանական տներից, որտեղ բարձր էր դասվում զորականի պատիվն ու ռազմական օրինաչափությունները: Բանակի գլխավոր խնդիրն է մնալ կազմ ու պատրաստ, երբեք չթմրել, գիտակցել իր երեկվա հաղթանակն ու պահպանել զգոնություն՝ այսօր եւ վաղը. պետք է անընդհատ գալիք ժամանակին ստիպենք մեր շեմից անցնելիս ոտքերը թափ տալ: Ինչ վերաբերում է թշնամու հիվանդագին ջղաձգումներին, ապա ֆրանսիացի գրող Ժյուլիեն Գրակքը վեպ ունի՝ «Սիրտի ափին» (Le Rivage des Syrtes) վերնագրով, որում հեղինակը ցույց է տալիս, թե ինչպես է «ժանիքասեր» պետությունն իր երկրին տանում դեպի պատերազմ ու մահ՝ ընդամենը սուտ տեղեկություններ օդում բաց թողնելով եւ հատուկ մարդկանց միջոցով ցրելով: Հետեւաբար այդպիսի պետությունը մշտապես վախի մթնոլորտում է մնում՝ հակառակ ռազմակոչեր հայտարարողների նպատակի:

Մենք լեռ ու ժայռեր մագլցող ժողովուրդ ենք, այս լեռնաշխարհում եւ ընդհանրապես երկրագնդում ամեն մի բույս, յուրաքանչյուր արարած ծնվում է իր շրջակայքին համապատասխան գույնով եւ ձեւով. հայերս՝ գույնով ցորնագույն ենք, ծիրանամաշկ եւ ամոթով՝ որդան կարմիր, անգամ ֆիզիկական կազմվածքով ստեղծված ենք այստեղ՝ այս երկրում ծնվելու եւ ապրելու համար. սա փաստ է՝ միայն մնում է ըմբռնել եւ ներբեռնել բանակի կյանքին:

 

ԼԵՎՈՆ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ