Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՐՑԱԽՅԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԴՈՒՇՄԱՆ ՎԱՐԴԱՆ
ԱՐՑԱԽՅԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԴՈՒՇՄԱՆ ՎԱՐԴԱՆ

«Մեր դուշմանների դուշման Վարդան…»:

                                             Արամայիս Սահակյան

 

ԱՐՑԱԽՅԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԴՈՒՇՄԱՆ ՎԱՐԴԱՆՎարդանի մասին վկայությունների այս շարքը գրելու համար խորին շնորհակալություն տիկին Զարիկին՝ հերոսի մորը եւ արձակագիր Գագիկ Մախսուդյանին։ Աստված թող օրհնի նրանց։ Ամե՛ն։

Այս վկայություններում, թվում է՝ հրաշքներ չկան, բայց կա հասուն մարդ լինելու հրաշքը, բանական մարդ լինելու եւ երկնքի որդիներին հատուկ` մահվան այն կողմից էլ կենդանի սեր ճառագելու հրաշքը, բնատուր հավատ ունեցող մի  մարդու հրաշքը, որ ընդամենն ապրել է… քսանվեց գարուն: Աղոթենք` Աստված արժանավոր մարդկանց համախմբով` օրհնությամբ հիշի Վարդանին, նրա մերձավորներին առավել եւս մխիթարելով, Վարդանի մեծ սիրով եւս կերտելով ու վավերագրելով Հայոց Սուրբ Վարդանանց սիրո տեսակը, որոնք, բացի սրից, նահատակվելով էլ են հաղթում՝ մտնելով հավիտենություն:

 

«ԱՍՏՎԱԾ ՊԱՀԻ ՔՈ ՈՐԴԻՆ…»

Ձեռքիս Վարդանի ուսուցչուհու հուշերն են. «Երեխա էր, բայց իմաստուն բաներից պիտի հետը խոսեիր։ Այնքան ինձ զարմացրեց, որ եկա, ծանոթացա նրա մոր հետ»։ Ես էլ ծանոթացա Վարդանի մոր հետ, Վարդանի մասին Գագիկի գիրքը կարդալով, բայց… Վարդանի պատարագվելուց շատ տարիներ հետո։ Մանավանդ փշաքաղվեցի, երբ մայրը մի մատյան տվեց, ուր Վարդանի` դպրոցը գերազանցությամբ ավարտելու դիմաց տրված փաստաթղթերն էին, բազմաթիվ շնորհակալագրերը։ Վարդանը գերազանց էր սովորել դպրոցում։ Արցախ էր գնացել համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 4-րդ կուրսից, ուսումը թողնելով։ Այսինքն՝ լեգենդար Դուշման Վարդանն այլ մեկը չէր, եթե ոչ մեր Հայրենիքի վաղվա լուրջ մտավորականներից։ Իսկ որ սուրբ էր Վարդանը, մյուս դրվագների հետ՝ այս դրվագից էլ ենք տեսնում։

-Իմ պատերազմում մայրեր եւ երեխաներ չե՛ն սպանվելու,- հայտարարել էր նա։

Խոջալուն, երբ գրավեցին, ձմեռ էր, հունվար ամիսը։ Ազերի մայրերն իրենց բարուրներով անտառ էին մտել։ Ցրտին եւ սովին չէին դիմանալու։ Վարդանը գնաց անտառ, որոնեց-գտավ նրանց, բերեց։ Սկսեց խնամել։ Նախ երեխաների համար խտացրած կաթ ջրով բացեց, տաքացրեց, լցրեց շիշը, մի ծծակ գտավ, ամրացրեց եւ սկսեց կերակրել։ Ապա «ծածկոցը» կտրտեց ու բաժանեց մայրերին, որ իրենց սառած ոտքերը փաթաթեն։ Եվ հոգս էր անում, վշտանում, թե՝ այս կանանց ոտքերը երեւի բժիշկները կտրեն, որովհետեւ արդեն, ասես թե ցրտահարված լինեն։ Ընկերներն անգամ որոշ ժամանակ նեղացան Վարդանից, որովհետեւ սնունդը քիչ էր, ամենքին չէր հերիքում, իսկ Վարդանն իրենց հասանելիք սննդով կերակրում էր ազերի գերի մայրերին, թշնամիներին։ Ապա ավտոբուսով ամենքին էլ ճանապարհեց մինչեւ այնտեղ, որտեղից կարողանային անվտանգ անցնել յուրայինների մոտ։