Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԲԱՔՈՒՆ ՓՈԽՈՒՄ Է ՁԵՌԱԳԻՐԸ



ԲԱՔՈՒՆ ՓՈԽՈՒՄ Է ՁԵՌԱԳԻՐԸԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տարածաշրջանային լուրջ զարգացումների է պատրաստվում և ավելի է ամրապնդում իր ընտանիքի իշխանության անվտանգությունը: Մասնավորապես՝ ապրիլի 6-ին ստորագրված «Ռազմական դրության մասին» նոր օրենքը հնարավորություն է տալիս խուսափելու ներքաղաքական լուրջ զարգացումներից:

Նոր օրենքը նախատեսում է ռազմական դրության հայտարարում կամ երկարաձգում երկրի ողջ տարածքում կամ դրա առանձին տարածքներում, հիմնավորում է ռազմական դրության հայտարարման պատճառներն ու նպատակները: Ըստ այդմ՝ ռազմական դրություն կարող է հայտարարվել հանրապետության ինչ-որ մասի փաստացի բռնազավթման, այլ պետության կողմից Բաքվին պատերազմ հայտարարելու, Ադրբեջանի վրա հարձակման իրական սպառնալիքի առաջացման, երկրի որոշակի մաս շրջափակելու դեպքերում:

Օրենքը Իլհամ Ալիևի համար լրջագույն խաղաքարտ է իր իշխանությանն սպառնացող ցանկացած իրավիճակում: Ադրբեջանի «տարածքային կորուստ» ունենալու պահը հնարավորություն է տալիս կիրառելու օրենքը ցանկացած ժամանակ: Այդ դեպքում սահմանափակվում են բոլոր ժողովրդավարական ազատությունները, կասեցվում են ընտրությունները, և նախագահի լիազորությունները դառնում են բացառիկ ու անսահմանափակ: Մտցվում է նաև գրաքննություն՝ ԶԼՄ-ների վերահսկում պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության տարածումը կանխելու համար: Ռազմական դրություն կարող է հայտարարվել և հանվել միայն նախագահի կարգադրությամբ, ինչը օրինական ճանապարհով հնարավորություն է տալիս Իլհամ Ալիևին իր հայեցողությամբ անժամկետ պահպանելու բացարձակ իշխանություն:

Հատկանշական է, որ օրենքի ստորագրումից հետո Ադրբեջանը որոշակի ուղերձներ է հղում Ռուսաստանին: Իլհամ Ալիևը հանդիպում է հայամետությամբ հայտնի, ռուսաստանյան իշխանությունների հետ լավ կապեր ունեցող լրագրող-հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հետ, մի մարդու, որը բազմիցս է այցելել Արցախ, ինչը Ադրբեջանում քրեորեն պատժելի է: Երկու ժամ տևած հանդիպման ժամանակ Ալիևը ոչ երկիմաստ ակնարկել է, որ իր ղեկավարած երկիրն այս անգամ մտադիր է մնալու Մոսկվայի կողքին, միանալու Կրեմլի նախաձեռնած եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին: Ավելին, Ալիևը Արևմուտքին մեղադրել է երկակի ստանդարների համար: Մի քանի օրից տեղեկատվություն տարածվեց, թե հնարավոր է ազատ արձակվի բելառուս բլոգեր Լապշինը:

Հանուն իր շահերի Կրեմլը պատրաստ է աչք փակելու Ադրբեջանում Ալիևների բացարձակ իշխանության հաստատման վրա: Իսկ Արևմուտքը, որին պետք է Ռուսաստանի դեմ բացահայտ տրամադրված ևս մեկ տարածաշրջանային դաշնակից, չլռեց և կրկին խաղադաշտ նետեց «ժողովրդավարության սահմանափակման» և այլ դրույթներ: Մի քանի օրից Ալիևների ընտանիքը օֆշորային նոր սկանդալի մեջ հայտնվեց:

Մոսկվայի հետ հարաբերությունների վերաթարմացման պատճառներից մեկը նաև Թուրքիայում իշխող կուսակցության հաղթանակն էր սահմանադրական հանրաքվեում: Քվեարկության արդյունքներով պարզ դարձավ, որ Բաքուն ծածուկ աջակցում էր նախագահ Էրդողանի քաղաքական հակառակորդներին, բացի այդ, նոր փաստեր են ի հայտ գալիս 2016 թվականի հուլիսի հեղաշրջման փորձին ադրբեջանական իշխանությունների մասնակցության վերաբերյալ: Բաքվում որոշեցին պաշտպանվել Անկարայի վրեժխնդրությունից՝ մերձենալով Ռուսաստանի հետ:

Պատահական չէ նաև, որ օրենքի ստորագրումը հաջորդեց Հայաստանի Հանրապետությունում խորհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփմանը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցության հաղթանակով պարզ դարձավ, որ Երևանն ու Ստեփանակերտը այլևս ոչ մի զիջումների չեն գնալու: Ադրբեջանի նախագահը նույն Սոլովյովի հետ հանդիպման ժամանակ առաջին անգամ ակնարկեց, որ Բաքվում պատրաստ են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը դիտարկելու որպես երկու առանձին հիմնահարց՝ Արցախի կարգավիճակի և նրա ենթակայության տակ գտնվող շրջանների, ինչը հնարավորություն է տալիս Ստեփանակերտին վերադառնալու բանակցային գործընթացին: Նաև այն, որ Բաքուն համաձայն է հետևելու Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի հանդիպումների պայմանավորվածություններին:

Ինչևէ, ադրբեջանական իշխանությունները պետք է պահպանեն իրենց բանակի մարտական ոգին, շեղեն հանրության ուշադրությունը երկրի սոցիալ-տնտեսական բազմաթիվ հիմնախնդիրներից: Բաքվի հակահայկական քարոզչության նոր թեզը ոչ թե Արցախը հետ բերելու, այլ «նոր ագրեսիայից պաշտպանվելու» մասին էր: Ապրիլի 16-ից 21-ը Ադրբեջանում անցկացվեց լայնածավալ զորավարժություն, որի ժամանակ փորձ արվեց ցուցաբերելու ազգային բանակի ողջ ներուժը և հնարավորությունները: Զորավարժությանը ներգրավվել էր մոտ 30 հազար զինծառայող, մեծ թվով ավիացիա և հրթիռահրետանային միջոցներ, անօդաչու թռչող սարքեր: Զավեշտալին այն է, որ վարժանքներին զուգահեռ ադրբեջանական մամուլը ողողված էր հայկական կողմի՝ քիմիական և նույնիսկ միջուկային զենք ունենալու մասին տարաբնույթ ապատեղեկատվությամբ: Այսպիսի քարոզչությունը միտված է «պարզաբանելու», թե ինչու իրենց  «հզոր բանակի» առկայության պայմաններում Բաքուն զերծ կմնա նոր ռազմական գործողություններից և «ստիպված կլինի» զիջումների դիմելու դիվանագիտական դաշտում:

Ի դեպ, զորավարժությունները մեկնարկել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի Իրան կատարած այցի երկրորդ օրը: Բաքվում երևի ակնկալում էին, որ Թեհրանում կտպավորվեն հյուսիսային հարևանի ռազմական հնարավորություններով, սակայն Թեհրանում նրանց «սառը ցնցուղ» էր սպասվում: Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարը հայտարարեց, որ իր երկրի համար ցանկալի չէ երրորդ ուժի միջամտությունը ղարաբաղյան հիմնահարցին և փաստացի «ստատուս քվոյի» խախտումը: Փաստեց, որ դեմ է Բաքվի որդեգրած ռազմականացման քաղաքականությանը:

Բաքվում մտահոգված են տարածաշրջանային հնարավոր զարգացումներով: Նոր իրավիճակ Թուրքիայում, շարունակվող հակամարտություն Սիրիայում, անհայտ հեռանկարներով Քրդական հարց՝ այս ամենին գումարվում են Իրանի նկատմամբ ամերիկյան նոր պատժամիջոցները, իրանա-իսրայելական հավանական առճակատումը, ինչը կստիպի Բաքվին փոխհատուցելու ռազմաքաղաքական համագործակցությունը Թել Ավիվի հետ: Իլհամ Ալիևը կարող է մտածել, որ Ադրբեջանում կփորձեն ներքաղաքական լարվածություն մտցնել՝ իշխանությունների դեմ հանելու հասարակության տարբեր շերտեր: Դրա վկայությունն է այն, որ վերջին շրջանում հանրության մեջ աճում է ընդդիմադիր տրամադրվածությունը:

Եվ այս իրավիճակում Ղարաբաղյան հարցը Իլհամ Ալիևի համար այլևս առաջնային չէ: Ներկայումս նրան ավելի շատ մտահոգում է իր իշխանության պահպանումը: Մինչև այն պահը, երբ այդ նպատակի իրագործման ճանապարհին նա կտեսնի Արցախի հիմնախնդրի շահարկման առավել մեծ օգուտները:

 

ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԵՍՅԱՆ

Խորագիր՝ #17 (1188) 03.05.2017 - 09.05.2017, Տարածաշրջան


06/05/2017