Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ



ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ1915 թվականի Մեծ Եղեռնից 102 տարի է անցել, սակայն այսօր էլ հիշում և պահանջում ենք անցած դարի մեծագույն ոճրագործություններից մեկի ճանաչումն ու դատապարտումը: Դրա վկայությունն ապրիլի 24-ին հանրապետությունում անցկացվող համազգային ոգեկոչման միջոցառումներն են: Պահանջատիրության և անմեղ զոհերի հիշատակման անհրաժեշտությունը օրերս ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում միավորել էր զինծառայողներին և շրջակա դպրոցների աշակերտներին:

Իրենց ոգեշունչ ասմունքով, երգերով և սրտառուչ խոսքերով հուշ-ցերեկույթի մասնակիցները մեկ անգամ ևս հավաստեցին Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ տարվող հետևողական քայլերի կարևորությունը:

Զորամասի հրամանատար, գնդապետ Աշոտ Հակոբյանն իր խոսքում մասնավորապես ասաց. «102 տարի առաջ Օսմանյան կայսրությունն իրականացրեց պատմության մեջ ամենադաժան ցեղասպանությունը. մեկ ու կես միլիոն հայեր զոհ գնացին թուրքական յաթաղանին: Ազգը զրկեցին մտավորականներից, զինվորականներից, ինքնապաշտպանության ցանկացած հնարավորությունից:  Այժմ մենք ունենք հզոր զինված ուժեր, որոնք պատվով են իրականացնում երկու հայկական պետությունների ժողովրդի և անկախության պաշտպանության գործը: Մենք պետք է պահանջատեր լինենք, որ պատմական արդարությունը վերականգնվի»:

ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ Միջոցառման ավարտին ներկաները ծաղիկներ խոնարհեցին Մեծ Եղեռնի 100-ամյակի առթիվ զորամասում կանգնեցված խաչքարի առջև, հավաստեցին այդ ոճրագործության ճանաչման առումով հետևողական և պահանջատեր լինելու իրենց պատրաստակամությունը:

Աշակերտուհի Ալիսա Ղազարյանը, որի հուզական երգը առիթ ունեցանք լսելու, նշում է. «Մի քանի անգամ պատիվ եմ ունեցել երգելու այս զորամասում: Այսօր կատարեցի Կոմիտասի «Անտունին»: Եղեռնը, քառօրյան…իմ կարծիքով՝ սա այն ազգը չէ, որ կարող է կորչել: Երբ տեսնում ենք մեր ազգի հաջողությունները, առաջընթացը, հասկանում ենք, որ ուղղակի Աստծու պահապան աջի ներքո: Եղեռնը մեզ ցույց տվեց, որ պետք է միասնական լինենք՝ հաղթելու համար:

Լուսինե Սաֆարյանն իր հերթին ասում է.

– Մոնթեին, Հրայրին, Նժդեհին, Գևորգին, մյուս քաջերին այժմ փոխարինելու են եկել մեր ազգի նոր հերոսները: Նրանք շատ են, բայց կառանձնացնեմ այն մարտիկների անունները, որոնք մեկընդմիշտ մխրճվել են սրտիս մեջ…Ադամ Սահակյան, Քյարամ Սլոյան,  Արմենակ Ուրֆանյան, Ռոբերտ Աբաջյան: Հայի հպարտությունը թույլ չտվեց, որ այս տղաները հանձնվեն, երկնչեն մահվան վտանգի առջև: Հպարտ եմ, որ ունենք նման տղաներ, և վստահ եմ, որ նրանց օրինակը շատերին է այսօր ոգեշնչում:

Ք. Թ.

Լուս` Արեգ Վարդանյանի

Խորագիր՝ Ազգային բանակ, Նորություններ


26/04/2017