Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՋԱՏԱԳՈՎ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՋԱՏԱԳՈՎ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՋԱՏԱԳՈՎՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր պաշտպանության նախարարության վարչական համալիրում հրավիրել է մամուլի ասուլիս: Մինչև հիմնական թեմային անցնելը նա նշել է, որ դահլիճում ներկա ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ Արտակ Զաքարյանի ու Արտակ Դավթյանի՝ առաջիկայում պաշտպանության նախարարի առաջին տեղակալ և տեղակալ նշանակվելու հարցը, որպես այդպիսին, լուծված է: Նրանք արդեն ակտիվ ներգրավված են պաշտպանական գերատեսչության աշխատանքներում:

Անդրադառնալով երեկ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած «Ազգ-բանակ-2017» խորագրով համաժողովի ընթացքում քննարկման ներկայացված նոր նախագծերին՝ Վիգեն Սարգսյանը ընդգծել է, որ    «Պատիվ ունեմ» և «Ես եմ»  ծրագրերը  ոչ թե ավելացնում են բանակում ծառայողների թիվը, այլ զորակոչիկներին ու բուհերի ուսանողներին առաջարկում են այլընտրանք: Մեկնաբանելով հանրության շրջանում հնչող մտահոգությունները, թե նմանատիպ ծրագրերով Հայաստանը հրաժարվում է խաղաղությունից և գնում է հասարակությունը ավելի ռազմականացնելու ճանապարհով՝ նախարարը նշել է. «Հայաստանը խաղաղությունից երբեք չի հրաժարվել, մենք շարունակում ենք մնալ խաղաղության ջատագով և վստահ ենք, որ այս տարածաշրջանն այլ ապագա չունի: Սակայն, անկախ ամեն ինչից, մենք պետք է քայլեր ձեռնարկենք մեր անվտանգության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ»: Նախարարը հստակեցրել է, որ ծրագրերը լինելու են կամավոր և ոչ թե պարտադիր. «Իրավունքի փոփոխություն, բեռի ավելացում չի ենթադրվում: Ծրագրերը ընդամենը եղած զորահավաքային, զորակոչային ռեսուրսների ավելի արդյունավետ կառավարման միջոց են»:

Խոսելով ֆինանսավորման աղբյուրների մասին` նախարարը հիշեցրել է, որ երկու ծրագրերն էլ նախնական փուլում են, ու հաշվարկներ անելը դեռ վաղ է: «Պատիվ ունեմ» նախագիծը վերաբերում է արդեն գոյություն ունեցող սպայական դրույթներին, իսկ «Ես եմ» ծրագրի համար նախարարի խոսքով հնարավոր է հավելյալ ֆինանսավորման աղբյուրներ պահանջվեն:

Լրագրողների խնդրանքով նախարարը մեկնաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի նշանակումը եւ ասել, որ Հայաստանի քաղաքացու նշանակումն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր. «Մի բան է, երբ Ղարաբաղի հարցով հայտարարություն է անում ՌԴ քաղաքացին, այլ բան, երբ այն Հայաստանի քաղաքացու շուրթերից է հնչում: Թեեւ օբյեկտիվորեն նա գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնում է որպես միջազգային պաշտոնյա, այլ ոչ Հայաստանի քաղաքացի»:

Նախարարը կառույցը համարում է Հայաստանի անվտանգության կարեւոր բաղկացուցիչներից, բայց և մատնանշում է երրորդ կազմակերպություններում դիրքորոշումների անհամապատասխանության խնդիրները:

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուս.՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ