Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆՊԱՅՄԱՆ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՄ…



Ճակատագիր կոչվածը սովորական բառ էր Կայծեր Շեկիկյանի կյանքում: Ծնվել էր 1971-ի ապրիլի 1-ին, Կաքավաձոր գյուղում: Ծնվել էր ի մխիթարություն պապենական տան վերքի, ծնվել էր Սասուն աշխարհի Գռագետ գյուղի կորուստները ծածկելու: Քսաներեք տարի հետո պարզվեց, որ ծնվել էր ներկայի ու անցյալի սահմանապահը:

Դեռ չէր հասցրել վայելել նորաստեղծ ընտանիքի քաղցրությունն ու երջանկությունը, սրտի թրթիռով սպասել առաջնեկի ծննդյանը, երբ սկսվեց Արցախյան գոյամարտը: Քաջ ու կորովի սասունցու արյունը խլրտաց նրա երակներում, եւ նա ընտրեց ազատամարտիկի դժվարին ուղին:

Կաքավաձորը դարձավ արծվաբույն: Եվ այդ քաջարի արծիվներից մեկն էր Կայծերը` պատրաստ հայրենյաց ամեն թիզ հողի համար համբուրվել հրեղեն գնդակի հետ: Ծայրից ծայր նրա ոտնահետքերն է կրում Շարբուլախ գյուղը: Տենդագին սիրում էր իր զենքը, տանկը, որն ազատություն էր բերելու հայոց չարչրկված հողին: Իր աչքերում սպանել էր մահվան իրական դեմքը… Ռազմի դաշտում իր վարքագծով ապացուցեց, որ ազատամարտիկի պատիվը պահողներից մեկն էլ հենց ինքն է:

1994-ի ապրիլի 8-ին Աղդամի մատույցների պաշտպանության ժամանակ զոհվեց 23-ամյա Կայծեր Շեկիկյանը` հանուն ազատ ու անկախ ապրելու իրավունքի, հայոց բզկտված հողերի միավորման:

Ողբացին տոհմիկ հայրենակիցները` մայրը, ամուսնական երջանկություն չճաշակած դեռատի կինը, բոլոր նրանք, ովքեր ճանաչում ու հպարտանում էին իրենց քաջարի զավակով:

Կաքավաձորն իր զավակին հպարտության գլուխխոնարհումով հողին հանձնեց:

Հիմա էլ, երբ տասնյոթ տարիներ են անցել Կայծերի զոհվելուց, կինը, իր հորը երբեք չտեսած փոքրիկ Կայծերուհու ձեռքը բռնած, այցի է գնում ամուսնու գերեզմանին, կրկին ու կրկին վերհիշում սիրո եւ նվիրումի այն պատառիկները, որն ապրելու ուժ եւ դստերը նվիրվելու տոկունություն է պարգեւում…

Ի՞նչ իմանար, որ հարազատներին իբրեւ սփոփանք ու մխիթարություն թողնելու է շիրմաթումբը, որը այրիացած կինը ու որբացած երեխան պիտի ծածկեն պես-պես ծաղիկներով: Նրանք, քուն թե արթուն, մտովի կտրիճ ազատամարտիկի, լավ ու բարի մարդու հետ են:

Չ՞է որ խոստացել էր. «Կվերադառնամ, անպայման, անպայման կվերադառնամ»:

ՇՈՂԻԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Խորագիր՝ #28 (893) 20.07.2011 – 27.07.2011, Ճակատագրեր


27/07/2011