Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸՀարավային սահմանագոտում ենք: Գնում ենք դիրքեր: Թեեւ օրացույցով վաղուց արդեն գարուն է, բայց մոտակա սարերին դեռեւս ձյան ծվեններ կան: Զինվորական  մեքենան սրընթաց առաջ է շարժվում, ու վարորդը մեզ հետ զրուցելով՝ վարպետորեն հաղթահարում է դժվարանցանելի ճանապարհը: Վարորդը՝ Խորենը, բանակից զորացրվելուց հետո անցել է պայմանագրային ծառայության, արդեն տասը տարի՝ ամառ-ձմեռ այս ճանապարհներին է, անգիր գիտի տեղանքը: Հումորով, պարզ ու անմիջական երիտասարդ է. «Աղջկաս մանկապարտեզում հարցրել էին՝ Սոֆի, պապադ ի՞նչ է աշխատում:- Վայրենի է,- պատասխանել էր աղջիկս»:

Խորենի երկու պապն էլ Արցախյան պատերազմի մասնակից են, քեռին զոհվել է սահմանային կռիվների ժամանակ:

-Պատերազմը ցավ է, դառնություն ու կորուստ,- ասում է Խորենը,- մեր կողքին մեր դարավոր թշնամին է, ու  մենք զենքը ձեռքներիցս ցած դնելու իրավունք չունենք:

Հասնում ենք հենակետ: Ճանապարհի ծանր փոշին կուլ տված մեր թոքերը  վերջապես մաքուր ու սառը օդ են շնչում: Մեզ դիմավորում են հազար տարվա ծանոթի պես՝ ջերմ ու անմիջական:

Գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Վարդան Սարգսյանի հետ շրջում ենք տարածքում: Մեր բանակի երիտասարդ ու խոստումնալից սպաներից  է Վարդանը, ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, վերապատրաստվել է արտերկրում: Ծառայակից ընկերները առանձնահատուկ  հարգանքով են խոսում նրա մասին՝ սրտացավ, ազնիվ,  բարեկիրթ  ու պարտաճանաչ, մարդ, որին կարող ես առանց վարանելու վստահել: Փոխգնդապետն արդեն 16 տարի ծառայում է զինված ուժերում, նվիրված ծառայության խոսուն  գնահատականը ստացած մեդալներն են:

-Խաղաղ չէ մեր հողը, եւ մենք  ամուր ու պինդ ենք կանգնած՝  կանխելու հակառակորդի ցանկացած ոտնձգություն: Սիրում եմ ընտրածս մասնագիտությունը: Գիտակցել եմ, որ դժվար է լինելու, և երբեք էլ չեմ փոշմանել: Սահմանին կանգնած զգում ես քեզ վստահված գործի կարեւորությունը, պատասխանատվության ահռելի չափը զինվորի առաջ: Մեր զինվորներն էլ բազմիցս ապացուցել են, որ մեր ազգի լավագույն ու հերոսական  որակներն իրենց արյան մեջ  են կրում:

-Լավն են մեր զինվորները՝ ոգին տեղը, անպարտելի, քաջ: Հստակ գիտակցում են  իրենց առաքելությունը: Պատրաստ են ցանկացած պահի ոչ միայն դիմագրավելու թշնամուն, այլ նաեւ արժանի հակահարված հասցնելու,- լրացնում է ավագ լեյտենանտ Էդգար Ղազարյանը:

♦♦♦

Եղանակը փոփոխական է, մեկ լեռ ու սար ողողվում են արեւի ցոլքերով, մեկ՝ մթագնում: Լեռնային սառը, կտրող քամի է փչում: Ձմեռվա սառնամանիքին լինի, թե ամառվա տապին, մառախուղով պատված, կարկուտի եւ տեղատարափ անձրեւի տակ, մեկ է՝ զինվորը  մշտարթուն հսկում է հայրենի եզերքը: Դա սահմանին կանգնած զինվորի առօրյան է, ու  ոչինչ չի կարող խոչընդոտել նրա ծառայությունը:

Զրուցում ենք Հայրենիքի պաշտպանների հետ, նրանց տրամադրությունը բարձր է: Հայաստան աշխարհի տարբեր անկյուններից են, ցայտուն զգացվում է ամեն մեկի տարածաշրջանին բնորոշ բարբառը. Արտյուշ Հակոբյանը Վայոց ձորի Գետափ գյուղից է, Հովհաննես Ասատրյանը՝ ծիծաղի ու հումորի մայրաքաղաքից՝ Գյումրիից, Գագիկ Պռոշյանը՝ Աշտարակից:

-Հակառակորդի հենակետերն ընդամենը  մի քանի հարյուր մետրի վրա են,- ասում եմ:

-Մենք ենք պաշտպանում, ուրեմն անվտանգ է,- գյումրեցու տիպիկ ինքնավստահությամբ նշում է պայմանագրային սերժանտ Կարեն Ասատրյանը:

-Մենք պատրաստ ենք ամեն րոպե թշնամուն արժանի հարված հասցնելու: Ապրիլյան քառօրյայի ժամանակ տեսա՞ք՝ հրետանավորները ոնց գործեցին: Մենք այդ ժամանակ կազմուպատրաստ սպասում էինք, – ականանետային դասակի հաշվարկի հրամանատար, կրտսեր սերժանտ Մհեր Արամյանի խոսքն ավելի քան վճռական է:

♦♦♦

Մարտական հերթապահությունն այս տեղանքում իրականացվում է ինչպես ժամկետային զինծառայողների, այնպես էլ պայմանագրայինների ուժերով: Վերջիններս հիմնականում սահմանամերձ բնակավայրերում ապրողներն են. տեղանքին ծանոթ լինելը հեշտացնում է ծառայությունը:

Ժամկետային  զինծառայող, կրտսեր սերժանտ Գոռ Փիլթակյանը նկատում է. «Ճիշտ է, դիրք բարձրանալուց առաջ անվտանգության կանոնները պահելու-պահպանելու  հրահանգավորումներ ենք ստանում, բայց մեզ  առավել անվտանգ ու ապահով ենք զգում մեր ավագ ընկերների ու սպաների շնորհիվ, որոնք իրենց փորձառությամբ, իրենց խորհուրդներով մշտապես մեր կողքին են, քաջալերում, ոգեւորում են մեզ»:

Պայմանագրային, շարքային Արթուր Ասրյանը ժպիտը դեմքին լսում է, ապա ասում. «Ծնողի պես ենք տղաների համար: Թող բարով, անփորձանք  ծառայեն, վերադառնան ու իրենց  հայրական օջախները շենացնեն»:

Բանակի մարտունակությունը, առաջադրված խնդիրների կատարման արդյունավետությունը մեծապես կախված է մարդկային ներուժից, նրանց ընկերականությունից, փոխադարձ վստահությունից ու հարգանքից, համերաշխությունից: Ես այդ ամենը նկատում եմ այստեղ:

♦♦♦

Ռաֆայել Կարապետյանը Ապրիլյան պատերազմի օրերին ընկերների հետ «Երդվյալ ազատամարտիկներ» ջոկատի կազմում մեկնել էր առաջնագիծ. «Դրանից հետո էլ որոշեցի անցնել ծառայության: Չորս զավակ ունեմ, ու ես էլ զավակներիս խաղաղությունը պիտի ապահովեմ…»:

Պայմանագրային ծառայության շարքային, ավագ Արտակ Բաբայանը հաստատում է. «Խաղաղությունը մեզ օդի  ու ջրի պես է անհրաժեշտ, շատ կցանկանայի զավակներիս խաղաղ հայրենիք կտակել, բայց… Երեք տղա ունեմ, տղերքս սիրում են զինվորի գործը, հետաքրքրվում են, ուզում են իմանալ ամեն նրբություն: Ասում եմ՝ մի՛ շտապեք, ձեր հերթն էլ կգա: Ավագ որդիս շուտով կհամալրի հայոց բանակի շարքերը, տա Աստված, խաղաղ պայմաններում ծառայեն մեր երեխեքը»:

♦♦♦

Ավագ դիտորդ, շարքային Անդրանիկ Գալստյանը հեռադիտակով դիտարկում է  տարածքը. «Ուշադիր հետեւում ենք հակառակորդի ցանկացած շարժի, զգոնությունը չենք թուլացնում»:

-Ի՞նչ  կա հակառակ կողմում,- հարցնում եմ:

-Գյուղացիներ են աշխատում հողամասում:

-Հողի գործ են անում,- կրկնում եմ մեքենայորեն, եւ խաղաղության ու պատերազմի սահմանագծին կանգնած՝ միտքս այդ պահին պաշարած խաղաղասիրական  գաղափարները բարձրաձայնում եմ՝ եկեք խաղաղության մեջ մշակենք մենք մեր հողը, դուք էլ՝ ձերը:

♦♦♦

…Երեկոյանում է, զինվորի հյուրասիրած  սուրճն ենք վայելում՝ աշխարհի ամենահամով սուրճը՝ ուղիղ թշնամու քթի տակ, բայց այնքան ապահով ենք զգում…

Զինվորներին հրաժեշտ ենք տալիս հազար տարվա հարազատի պես: Ինձ ձնծաղիկների փունջ են նվիրում:

…Աշխատասենյակումս ձնծաղիկների բուրմունքն է, քամին  բաց պատուհանից սարերի սառը օդն  է բերում ու դիրքերի ծխահամ սրճաբույրը…

Իսկ այնտեղ՝ սահմանին, մեր սարերի պես ամուր ու անառիկ կանգնած են խաղաղությունը պահող, պաշտպանող  ու պարտադրող զինվորները…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ