Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՂԱՆԴԱՀԱՐ
ՂԱՆԴԱՀԱՐ

Սկիզբը՝ նախորդ համարներում

 

ԴԱՐՁ Ի ՇՐՋԱՆՍ ՅՈՒՐ

«ԴՐԱԽՏԻ  ԲԱՆԱԼԻՆԵՐԸ»

ՂԱՆԴԱՀԱՐՈւղղաթիռում Պաշկան հետս չխոսեց՝ մշուշոտ հայացքը հեռու հորիզոնին հառած, որի փեշից կախվել էր ծագող արեւի թերխաշ դեղնուցը։ Լռեցինք միասին՝ ամենքս մեր տեսիլքի առջեւ կարկամած: Մեզնից ոչ ոք չգիտեր՝ վաղն ինչ է լինելու՝ ի՞նչ էր խոստանում մեզ «ճակատագրի գեղարդը»։

Ջալալաբադի օդանավակայանում՝ թռիչքից առաջ, Վիննին ինձ դիմեց  տարօրինակ խնդիրքով.

-Մի խնդրանք ունեմ, Վաչիկ. դանակը առայժմ քեզ մոտ թող մնա, մեկ էլ տեսար՝ տակովն եղավ, իսկ առանց դրա իմ կյանքը գրոշի արժեք չունի…-Նա տրամադրված էր շատ վճռական, եւ նկատվում էր, որ մտքին ինչ-որ բան է դրել, թե ի՞նչ՝ միայն սատանան գլուխ կհաներ: – Ու թե հանկարծ էնպես պատահեց՝ շունչս փչեցի, խոստացի, որ ինձ մինչեւ մեր տուն կուղեկցես, էն ժամանակ էլ դանակը հորս կտաս… Նա ինձ կհասկանա: Կների… Սերաֆիմային էլ կասես, որ կյանքում ինչ արել եմ՝ լավ-վատ, աչքիս առաջ միայն նրա սիրելի պատկերն է եղել:

-Հերիք է խելոք ձեւանաս, Պաշկո, դու դեռ շատերի գլխին հող կաղաս։

-Սպասի, Վաչիկ, լսի մինչեւ վերջ,- նա ինձ կալանդում էր իր հոռետեսությամբ,- սա էլ վերցրու,- պարանոցից հանեց շաքարաթելի վրա անցկացված ինչ-որ բանալիներ եւ պարզեց ինձ։

-Այ քեզ հայտնությո՜ւն, այ քեզ Պետրոս Առաքյա՜լ… ձայն-ծպտուն չհանես, Վիննի, հիմա կգուշակեմ. չլինի՞ թե «Դրախտի բանալիներն» են,- ինձնից անկախ սկսել էի դիցաբանական համեմատություններով խոսել,- չէ՜, ախպերս, երեւում է՝ հաստատ որոշել ես կյանքի հետ հաշիվներդ մաքրել, թե որ ինքդ քեզ զրկում ես էս տեսակ զորեղ հմայիլներից։

-Իմ երկրացի կինոմեխանիկ Գավրիլայի «կլուբում» մի թաքստոց կա,- հաշվի չառավ նվաստիս հանդիմանությունը,- թաքստոցում՝ մի պահարան, երբ չեմ լինի, բաց կանես, կվերցնես, ինչ ցանկանաս, բայց երդվի, որ կանաչ քարով մատանին նշանածիս՝ Սերաֆիմային կտաս, կրակվառիչը՝ հորս, նա շատ կուրախանա, վզնոցն ու գլխաշորը՝ մորս…

-Էխ, Վիննի, լավ մարդ ես դու, համա՝ դանդալոշ. քեզ ո՞ւմ տեղն ես դրել, հը՞, ո՛չ ամոթ գիտես, ո՛չ պատկառանք, տվել-անցել ես ամեն չափ ու սահման, դունչդ տեղի-անտեղի Աստծու եփած ճաշերի մեջ ես մտցնում, չեղավ, էլի՜,- արտասանեցի նախատինք հնչեցնելու պես:

-Բացատրի՛, էդ ի՞նչ բլթացրիր հենց հիմա,- մռնչաց մի տեսակ անավյուն, ինչպես անատամ գազան:

-Քեզ չե՞ն սովորեցրել, ինչ է, մենք նախատեսում ենք, Տերը՝ տնօրինում։ Քո ուզելով չի՛. դեռ հայտնի չէ՝ մեզնից ո՞վ առաջինը հող կդառնա, թե չէ անընդհատ քո էշն ես առաջ քշում։

-Գլխիս քարոզ մի կարդա, Վաչիկ, մեկ է՝ դու ինձնից երկար ես ապրելու, որովհետեւ սրտիդ մեջ քեն չկա, դու ոչ ոքի չես սպանել, չես թալանել եւ դեռ ինձ նմանին էն աշխարհից դուրս քաշեցիր, կնշանակի` ոչ թե ինձ` ինքդ քեզ փրկեցիր,- դրոշմեց զուսպ, արժանապատիվ տառապանքով։

Հիմա նա հոգու այն գերագույն (սեւեռուն) վիճակում էր, երբ մտքի պայծառությունն ու զգացմունքների խանդավառությունը միաձուլվում են առժամապես՝ միեւնույն հարկի տակ՝ դարձնելով մարդուն ակամա իմաստուն, կանխատես, որից ինքն էլ, թվում էր, չգիտակցված սարսափ էր ապրում։

…Արեգակը բազմել էր Սապատավոր լեռան կատարին, երբ վայրէջք կատարեցինք Ղանդահարի օդանավակայանում, որտեղ էլ մեզ դիմավորեց ավտովաշտի բեռնատարը։ Մեքենա նստեցինք: Վերադառնում էինք հատուկ նշանակության գումարտակի պատիվը չարատավորած: Անհանգիստ խղճով։ Ներսիս ձայնն ինձ անընդհատ հուշում էր, թե մոտեցել է կյանքիս ամենավճռական պահը, որ կանխորոշելու էր իմ հետագա բախտն ու ճակատագիրը։ Ինձ խորապես տիրացել, առաջնորդում էր նախկինում երբեւէ չճաշակած, անծանոթ կապվածության կիրքը, որը թաքնված էր մաշկիս տակ, արյանս տրոփյունի մեջ եւ տանում էր ինձ իմ ցնորքի հետեւից:

Ես հաճախ էի պատկերացրել նույն երեւակայական տեսարանը. Նասիմեն գլխապատառ իմ գիրկն էր վազում, եւ մենք տենդագին փարվում էինք իրար, որպեսզի ցմրուր ճաշակեինք մեր անհեթեթ սիրո ծագման ու վախճանի դառնությունը մեկտեղ։

♦♦♦

Պարետատան ուղեկալի մոտ՝ ուղիղ մեր դիմաց, անսպասելի պպռշկվեց Նուդդինը, որ վազեց-անցավ բեռնատարի առջեւով եւ մտավ նշենիների պուրակը։ Գարշելին ակնոց էր դրել.  այն ակնոցը, որը ես, իբրեւ հավատչեք, ի պահ էի տվել Նասիմեին։ Եվ եթե որեւէ մեկը ինձ համար այդ դրամատիկ միջոցին ունակ լիներ տեսնելու մի երրորդ՝ գաղտնի աչքով, ապա անտարակույս կհաստատեր, թե ինչպես արյունը՝ խոլ ու սեւ, քլթաց-հորձանք տվեց երակներումս՝ ջլատելով հոգուս թելերը։

-Կանգնեցրու մեքենան, Իվան,- հրամայական դիմեցի վարորդին՝ բոլոր կապերս կտրած…

Ես պետք է մեկընդմիշտ լուծում տայի իմ խճողված-խոտոր զգացմունքներին, թեկուզեւ ինքս իմ աչքից չընկնելու համար, քանի որ ո՛չ կարողանում էի սփոփանք գտնել, ո՛չ էլ հրաժարվել տառապանքիս աղբյուրից, որն ինձ բորբոքում էր հոգեկան երկվության աստիճան։

Վարորդը կանգնեցրեց մեքենան՝ կարծելով՝ «պետք» ունեմ, սակայն Պաշկան գլխի ընկավ, թե որն էր փորացավս։

-Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ՝ մեղրի մասին,- մակաբերեց հեգնախառն,- մեզ էստեղ սպասի, Իվան, կիսատ գործեր կան, երկար չի տեւի։

Վիննին պատրաստակամ թեւանցուկ արեց ինձ, եւ մենք միասին քայլեցինք անհայտությանն ընդառաջ: Նա գիտեր՝ ուր եւ ինչի համար եմ գնում։ Եվ ես, առանց ավելորդության, հոժարեցի նրա ընկերակցությունը, որովհետեւ միայնակ ու անօգնական էի ինձ զգում հնարավոր անդառնալի փոփոխությունների շեմին, որոնք իրենց աներեւույթ, չարագուշակ ներգործությամբ վաղուց արդեն պղտորում էին սիրտս ու հոգիս՝ իմ մարդկային բնույթը՝ վերածելով ինձ հեղհեղուկ, անկառավարելի զանգվածի, ինչը, արդարեւ, կարող էր փչացնել կյանքս։ Եվ որքան ես ու Պաշկան մոտենում էինք նպատակակետին, այնքան ավելի Սպիտակ տան ուրվականը (առեղծվածը) սարսուռ էր ներշնչում:

-Չէ, հարկավոր չի, ետ դառնանք,- ինքնակամ հրաժարվեցի սեփական ձեռնարկից, երբ հասել էինք զառիթափին, որտեղ վերջին անգամ հրաժեշտ էի տվել Նասիմեին։

-Էսօրվա գործը վաղվան չեն թողնի, Վաչիկ, եկել-հասել ենք, ուրեմն տղամարդավարի էլ ամեն բան կդրստենք: Ճտերը աշնանն են հաշվում, հետո ուշ կլինի։

Խորհրդավոր «հետո ուշ կլինին» խթանեց ինձ, եւ ես, առաջ անցնելով, քայլերս ուղղեցի Ֆարուխ Լաֆրայի «գրասենյակը»։

-Դեռ կա՛ց,- հանկարծ ձայն տվեց Պաշկան իմ հետեւից,- քիչ էլ ոտքդ կախ գցի, Վաչիկ։

-Ինչ կա։ Ինչ ես ուզում։ Մտքինդ ասա:

-Ասում եմ՝ ես ինքս էլ հին հաշիվներ ունեմ տանտիրոջ հետ, նա ինձ չի ծախի. մի քիչ համբերի, գնամ տեսնեմ՝ ինչն ինչոց է… Մի ոտքս էստեղ է, մյուսը՝ էնտեղ, կգամ ու եղած-չեղածի մասին մեկ առ մեկ կպատմեմ։ Մնացածը դու գիտես…

Հեշտ համոզվեցի:

Վիննին գնաց քչփորելու «կրետի բույնը», իսկ ես նստեցի մի բարձր հողաթմբի` թամաշա անելու ներքեւում՝ մազրաների մոտ հավաքված աֆղանցի երեխեքին, որոնք քսի էին տալիս հոտի գամփռներին՝ իրենք էլ շների նման հաչելով։ Ես դարձյալ ինքս ինձ հետ բախտախաղի մեջ մտա. «Թե որ սպիտակ գամփռը հաղթե՜ց…»։ Մտքիս թելը կտրվեց սուր, ծակող ցավից, որ շամփրեց մեջքս վերից վար: Հերձաքարը խուլ թրմփաց կողքիս։ Ահը սրտումս շրջվեցի… Նուդդինն էր կանգնած՝ «կախարդական ակնոցը» աչքերին։

-Առ, վերցրու, անիծված շուրավի,- ակնոցը հեռվից թշնամաբար լորդեց ոտքերիս տակ։

Նրա աչքերի կատաղի, գիշատիչ փայլից կարելի էր կռահել ինչ-որ ահարկու, սահմռկեցուցիչ երեւույթի գոյությունը։

Ես կատարյալ շփոթության մեջ էի։

Եվ երբ փորձեցի մոտենալ, խոսքի բռնվել հետը, փետուրները ցցած հարձակվեց վրաս, սկսեց քացի տալ, բռունցքներով հարվածել ու ծանր, կրծքային հառաչով անընդհատ անպատիվ խոսքեր շաղ տալ.

-Գլխակեր անասուն, ուրացող տականքի մեկը… Մեր հացը հարամ լինի քեզ …

Սանձազերծ լակոտին ինչ-որ կերպ սաստելու համար հարկադրված դիմեցի ծայրահեղ միջոցի. կտրելով նրան գետնից՝ օդում ցնցեցի մի լավ եւ նետեցի ավազների մեջ։

-Ի՞նչ եմ արել քեզ, անպիտան տղա, ինչի՞ համար ես ինձ հայհոյում,-  ասացի շնչակտուր՝ խեղդվելով զայրույթից։

-Իմ խե՜ղճ քույրի՜կ, ինչո՜ւ, ինչո՛ւ քեզ սպանեցի՜ր…,- աղի արտասուք էր թափում՝ դիվահարի պես գալարվելով գետնին։

-Ինչպե՞ս թե… սպանեց…

-Դո՜ւ, դո՛ւ սպանեցիր, կեղտոտ շուրավի,- ոռնում էր անտանելի։

Գլուխս գվվում էր անճոռնու ճղճղան ձայնից: Մեկ սառը քրտինք էր ճակատս կապում, մեկ՝ տաք՝ շուրջս գոյացնելով խուլ ու անթափանց խավարի մի պատ։ «Մեկ է, դու իմ ձեռից չես պրծնի, դավաճանի մեկը…, դու կորած մարդ ես, քո վերջը եկել է…»,- չարախնդում էր չար ՈԳԻՆ տղայի բերանով։ Կույր ատելության ալիքը նորից պղտորեց արյունս…

-Պետք չի, մի գնա, Վաչիկ, կարիք չկա…,- գուժեց Վիննին՝ կտրելով ճանապարհս։ -Ուշ է, շա՛տ ուշ։

Ես նայում ու չէի ընկալում, լսում ու չէի տեսնում (չէի ուզում տեսնել) չար ոգու ավերմունքը, որ առել էր ինձ խելագար շրջապտույտի մեջ, որպեսզի ձաղկեր ու հալածեր մինչեւ վերջին խազը։

-Ինչո՞ւ է ուշ, դե՜, մի ծամծմի, Վիննի, պատմի, ինչ գիտես,- պնդեցի ահ ու դողով։

-Չկա քո Նասիմեն, Վաչիկ, մի ամիս կլինի` թաղել են:

…Ձեռքս առա ակնոցը, որը Նասիմեի շունչն ուներ… որի ապակին սարդոստայնի պես ճաք էր տվել… Սակայն Նուդդինը կատվային ցատկով աննկատ ճանկեց թիկունքիցս եւ զառիթափով  փախավ ցած։

♦♦♦

Ողբերգական դեպքերը զարգացել էին իմ Ջալալաբադ մեկնելուց որոշ ժամանակ անց։

Բուրխանուդդինը ականջ էր դրել Նասիմեի հետ մեր առանձնազրույցը եւ բառ առ բառ մատնել էր հորը։ Տգետ վաճառականն էլ մտաբերել էր թեյախմության գիշերվա մանրամասները, անխտիր ծանր ու թեթեւ էր արել բոլոր հանգամանքները եւ հանգել էր հետին մի մտքի: Իբրեւ թե ես «մերժված շուրավի» եմ եւ կարող եմ հեշտ ու հանգիստ «հակընդդեմ հայցով» ներկայանալ հարազատ հրամանատարությանը»… Ուստի շտապել էր կանխել իրադարձությունների չարաբաստիկ ընթացքը եւ  էլի դիմել էր երկու տիրոջ սիրաշահելու վնասակար հնարքին։ Մեղայականով հոժարակամ եկել էր հատուկ բաժնի պետ, կապիտան Կլյաուզայի սենյակը եւ հանգամանալից ծակվել էր Ադիղուլլա խանի վրանում տեղի ունեցած աղջիկտեսի ու հեռահար ծրագրերի մասին` «վկայելով իր հավատարմությունը»… Վկայել ու գլխին էր տվել՝ հասկանալով, որ վերադասը բանից անտեղյակ է։

Կլյաուզան, իհարկե, նպաստավոր առիթը ձեռից բաց չէր թողել եւ միանգամից մտել էր դերի մեջ: Դրվատանքի խոսքեր էր շռայլել Ֆարուխ Լաֆրայի հասցեին, ապա եւ կառավարական պարգեւների, կայազորի տարածքում ցանկացած ժամանակ անարգել տեղաշարժվելու խոստումով հրապուրել էր հիմարին համագործակցել։ Հատուկ բաժնի գործադրած ջանքերը զուր չէին անցել եւ շատ շուտով էլ աննախադեպ արդյունք էին տվել. Ֆարուխը նորից էր այցելել կապիտանին՝ այս անգամ արդեն անորսալի խանի «վստահագիրը» թեւքի մեջ թաքցրած:

Ադիղուլլա խանը յուրայինների միջոցով գրավոր հրավեր էր ուղարկել ավագ Լաֆրային՝ նշանակված տեղում, նշանակված ժամին դստեր հետ հյուրընկալվելու բարեկամ մարդկանց տանիքի տակ, որպեսզի մտերմիկ միջավայրում վավերացնեին գործարքի արժեքն ու իսկությունը: Եվ օրեր անց հատուկ նշանակության ջոկատը դարանակալել էր Ղանդահարի միջնադարյան տներից մեկի մոտերքում,  որտեղ «փոխակերպման գիշեր» էր անցկացնելու դժբախտ Նասիմեն։

Գիշերային գրոհը կայծակնային էր եղել: Վիրավոր խանին կիսամերկ կալանել-տարել էին անհայտ ուղղությամբ՝ վայելքի մրափը գլխին։ Երբ ամեն ինչ խաղաղվել էր, լուսադեմին Ֆարուխ Լաֆրայը թամբել էր վարձույթվ վերցված իր ձին, սուսուփուս հրաժեշտ էր տվել միջնորդ տանն ու նշանակալի շահույթով (հա՛մ իրենք էին ողջ, հա՛մ էլ խանի ընծաներն ու ղալիմն էր իրենցը, որով կարելի էր ե՛ւ անպատվությանը դիմանալ, ե՛ւ ցանկացած տեղ ընտանեկան գործը ծաղկեցնել) Նասիմեի հետ վերադարձել էր ժամանակավոր բնակության վայր՝ Սպիտակ տուն։

Թվում էր՝ բարեբեր  ժամանակներ էին վրա հասել Լաֆրայ ընտանիքի համար, երբ, վերջիվերջո, հնարավոր կլիներ «արժանապատիվ կենցաղ վարել»՝  վայելելով «շրջապատի հարգանքն ու աջակցությունը»։ (Օդանավակայանի տարածքում նրան կրպակ էին հատկացրել մանրածախ առեւտրի համար): Այնինչ իրադարձությունների այսօրինակ շահեկան (հաջողակ) հաջորդականությունը, ի լրումն, աղետալի ավարտ էր ունեցել։

Օգոստոսի կեսերին Ֆարուխ վաճառականը ընկել էր հոսպիտալի բժիշկների ոտքերը՝ խելակորույս աղաչելով փրկել իր մինուճարին, որին ինքը գտել էր անգիտակից-անզգայացած վիճակում՝ մահվան փրփուրը բերանին… Հետո միայն պարզ էր դարձել, որ Նասիմեն ինքնասպան էր եղել. ինքն իրեն թունավորել էր սուլեմայով՝  վերջ տալով խաղքին ու խայտառակությանը։

Շարունակելի

 

ԳԱԳԻԿ  ՄԱԽՍՈՒԴՅԱՆ