Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԻ ՀԱՄԱՐ Է…



ԶԻՆՎՈՐԻ ՀԱՄԱՐ Է...Երթուղային տաքսին արագ սլանում է: Մեքենայի պատուհանից հայացքս հառել եմ դուրս ու մտքերիս հետ եմ: Հերթական կանգառն է:

-Տղա՛ ջան, իջի՛ր, քեզ համար անվճար է,-ասում է վարորդը զինվորական համազգեստով տղային, բայց վերջինս փորձում է անպայման վճարել:

Վարորդն անդրդվելի է:

-Շնորհակալ եմ, հոպա՛ր ջան,- զինվորը լուսավոր ժպիտով իջնում է:

-Անփորձանք ծառայություն:

Մեքենան շարժվում է: Հայացքով հետեւում եմ զինվորին, որն արդեն հազիվ է նշմարվում, բայց, վստահ եմ, որ դեռ ժպտում է: Երթուղայինում մի առանձնահատուկ ջերմություն է: Ուղեւորների խոսակցության առանցքում սահմանին կանգնած մեր քաջ տղերքն են:

-Ես մեր զինվոր տղերքի ցավը տանեմ,- ասում է վարորդը:

Ու նոր եմ նկատում մեքենայում փակցված թուղթը, որի վրա տպատառ գրված է. «Զինվորներն ու զինվորների մայրերը երթեւեկում են անվճար»:

Անպայման ուզում եմ զրուցել երթուղայինի այս բարի վարորդի հետ: Անկեղծ լինենք, ժամանակները շատ են փոխվել. շահը, նյութապաշտությունը մարդուն առել են իրենց հզոր ճիրանների մեջ, երկրորդ պլան մղել մարդկային առաքինությունը: Աշխարհը բարության, գթասրտության պակաս ունի: Եվ ահա այսպիսի մի դիպված:

-Սա ամենաքիչն է, որ կարող ենք անել մեր զինվորների համար,- ասում է վարորդը` Սմբատ Ասատրյանը:- Տարիներ առաջ, երբ ավագ որդիս` Վազգենը, մեկնեց ծառայության, փակցրի այս թուղթը: Հետո որդիս վերադարձավ, բայց ձեռքս չգնաց «զեղչերի թուղթը» հանեմ: Հիմա էլ փոքր որդիս` Յուրիկն է ծառայում, սերժանտ է: Երբ զինվոր եմ տեսնում, սիրտս փուլ է գալիս, ինձ թվում է՝ հարազատ որդուս եմ հանդիպել: Զինվորից ո՞նց գումար վերցնեմ:

Հետաքրքրվում եմ` ուղեւորներն ինչպե՞ս են արձագանքում «զեղչային այս համակարգին»:

-Օրհնում են, շնորհակալություն հայտնում: Սկզբում գրել էի` «հայ զինվորներին սպասարկում եմ անվճար», բայց ուղեւորներից մեկը դիտողություն արեց` հայ զինվորի կողքին, եզդի, ասորի, այլազգի տղաներ էլ են ծառայում ու մեր Հայաստանը պաշտպանում:

…Երթուղայինի վերջին կանգառը «Հաղթանակ» զբոսայգու մոտ է: Հատուկենտ ուղեւորներ են մնացել: Հնամաշ պիջակով մի տղամարդ 1000 դրամանոցը մեկնում է վարորդին. «Մեկն ինձ համար ստացիր, մնացած 9-ն էլ զինվորի համար եմ վճարում»:

Վարորդը չեմուչում է անում: Հիմա էլ ուղեւորն է անդրդվելի.

-Եղբա՛յր, զինվորի համար է:

Միեւնույն է՝ չի վերցնում ավել գումարը:

Սպիտակ «գազելը» շարժվում է, խառնվում գորշագույն մեքենաների ընթացքին: Այս փոքրիկ դիպվածը փոխել է մտքերիս ընթացքը: Մտածում եմ` մարդու սահմանափակ հնարավորությունների եւ անսահման բարության ու կամեցողության մասին…

ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #15 (1186) 19.04.2017 - 25.04.2017, Բանակ և հասարակություն


19/04/2017