Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԸ ԾԱՂԿՈՒՄ Է…



1991թ. մայիսի 15…

Գարնանային պարզ ու անամպ օրը լցվում է վայրենի աղաղակներով, զրահատեխնիկայի, օդուժի հռնդյունով։ Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը՝ Մեծ Շենը, Հին Շենը, Ծաղկաձորը, Կանաչ թալան, Եղծահողը պաշարվում են։ Սկսվում է «Կոլցո» օպերացիան։ Զինվորների հետ գյուղ մտած ադրբեջանցի օմօնականները անձնագրային ստուգումների պատրվակով, ողջ ազաբնակչությանը բեռնատարներով տեղափոխում են Լաչին։ Թույլատրում են վերցնել միայն ներքնակ-վերմակները։ Սկսվում են կեղծ ձերբակալություններ, հարցաքննություններ, կտտանքներ։ Պայթեցնում են Մեծ Շենից Հայրենական մեծ պատերազմում զոհված 84 համագյուղացիների հիշատակը հավերժացնող հուշարձանը…

1992թ. մայիսի 12…

Տեղաբնակ եւ հայաստանաբնակ բերդաձորցիներից կազմված ջոկատով նորից ազատագրվում է Մեծ Շենը եւ մինչ օրս ապրում է խաղաղության մեջ։

2006թ. մայիսի 12…

Բերդաձորի ենթաշրջանի Մեծ Շեն գյուղում բացվում է գյուղի 11 զոհված ազատամարտիկների հուշարձանը, ինչպես նաեւ վերաբացվում է Մեծ հայրենականում զոհված համագյուղացիների հուշարձանը, որը պղծել, ավերել էին բարբարոսները։

Զինվորական նվագախմբի հնչյունների տակ ԼՂՀ վարչապետ Ա. Դանիելյանն ու ՊԲ հրամանատար Ս. Օհանյանը բացում են հուշարձանը։ Քանդակված հավերժության խորհրդանիշը պաշտպանված է սրով եւ խաչով։ Ներքեւում, կողք կողքի հայրենի Արցախի համար իրենց կյանքը նվիրաբերած 11 հերոսների դիմանկարներն են, որոնց հայացքը հայրենի գյուղին է, լեռներին։ Լեռներից փչող մեղմ հովը փարվում է նրանց։ Սարերից նա բերում է մանկության ծաղիկների բույրը։ Համագյուղացիները, Հայաստանի, Արցախի տարբեր բնակավայրերից ժամանած մարդիկ ծաղիկներ, ծաղկեպսակներ են դնում Մեծ հայրենականի եւ Արցախի հերոսամարտի զոհերի հուշարձաններին։ Մարդկանց հոգում թախիծ կա, մորմոք ու վիշտ, սակայն կա նաեւ հպարտություն մեր սուրբ նահատակների սխրանքով եւ հավատ` նրանց սկսած գործի հաջողության հանդեպ…

Եվ ձորն ի վար գլորվող ոլոր-մոլոր գետը, ուս ուսի պար բռնած լեռներն ու նրանց կողերին ձգվող ոլորապտույտ ճանապարհները, ամենուր երկինք կարկառված ժայռեղեն քանդակները, ավերակ ու նորոգ, ինչպես նաեւ նոր կառուցված վանքն ու մատուռը, նորօրյա ազատամարտիկների հիշատակին կառուցված խաչքար-հուշաղբյուր-հուշարձանները լսում, դարերին ի պահ են տալիս որդեկորույս մոր` Արցախի զոհված ազատամարտիկների թանգարանի տնօրեն Գալյա Առստամյանի այս խոսքերը.

-Սիրելի հարազատներ, այս բարձունքներին նայելով՝ հիշում եմ մեր զոհված տղաներին, որոնց հետ էր նաեւ իմ որդին։ Ուզում եմ ամբողջ հոգով ճչալ, ձայն տալ նրանց… Տղանե՛ր, ձեզ չենք մոռացել, հանգիստ ննջեք։ Ունենք հզոր բանակ, ձեր գործն ավարտին կհասցնենք։ Իմ մայրական աղոթքը այս հուշարձանը կառուցողներին, հովանավորներին։ Նրանց մաղթում եմ ոսկի ձեռքեր, առողջություն եւ երկար տարիների կյանք։

-Հայրենակիցնե՛ր, Մեծ Շենի բնակիչներ, Արցախի զինված ուժերի, ազատամարտիկների անունից հավատացնում եմ, որ տեր կկանգնենք, կպահպանենք մեր սրբազան հերոսների կյանքի գնով ձեռք բերվածը, որով էլ այսօր սփոփվում ենք եւ մեծ հպարտություն ենք ապրում, անանձնական հպարտություն։ Ամեն մի հուշակոթող սրբատեղի է։ Մեր հարգանքը, խոնարհումը հայրենյաց նահատակներին, նրանց ծնողներին, նրանց մայրերին,- ասաց ԼՂՀ ՊԲ հրամանատար, այժմ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Տեսնել էր պետք, թե Բերդաձորի այդ հինգ գյուղերի (եւ ոչ միայն) մայրերը ինչպես դիմավորեցին նրան։ Այդպես դիմավորում են իրենց եղբորը, որդուն, ում ոտքի տակ հայրենի հողը ծաղկում է, օջախը լցվում ջերմությամբ։ Թիկնազորի փոխարեն գյուղի բնակիչներով, մայրերով շրջապատված` նախարարը մոտեցավ հուշարձանին: Իսկ հրաժեշտից հետո մարդիկ ասացին.

-Մեր նախարարի թիկնազորը տեսնո՞ւմ ես՝ մեր սար ու քարերն են, մեր լեռներն ու շեները, իսկ պահապան-վահանը՝ Արցախի ժողովրդի, հայ մայրերի ու տատերի օրհնանք-աղոթքները…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #28 (893) 20.07.2011 – 27.07.2011, Հոգևոր-մշակութային


27/07/2011