Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

Ս.ԳՐԻԳՈՐԻ ՆՇԽԱՐՆԵՐԸ



Սուրբ Լուսավորչի կյանքի վերջին ժամանակահատվածն անցնում է ժողովրդից հեռու եւ անտես: Նրա` բոլորին քաջ հայտնի առանձնակեցությունն անցնում էր Դարանաղյաց գավառի Սեպուհ լեռան Մանյա այր անունով հայտնի քարայրում, որտեղ ապրել էր Հռիփսիմյանց կույսերից Մանեն: Ս. Գրիգորը երբեմն-երբեմն թողնում էր քարայրը եւ այցելում ժողովրդին: Թերեւս նրա վերջին այցելությունը Վաղարշապատ կապված էր որդու` Արիստակեսի` 325 թ. Առաջին տիեզերական ժողովից վերադառնալու հետ:

Նրա մահվան հանգամանքներն անհայտ են: Պատմությունը բավարարվում է հայտնելով, որ Մանյա այրի առանձնության մեջ կնքեց իր մահկանացուն եւ նույն այրում թաղվեց հովիվների ձեռքով: Սա Լուսավորչի նշխարների առաջին գյուտն էր: Հետագայում նրա նշխարների մոռացության մատնված տեղն Աստված տեսիլքով հայտնում է Գառնիկ անունով մի ճգնավորի, ինչը Լուսավորչի նշխարների երկրորդ գյուտն էր: Ս. Լուսավորչի նշխարները բերում եւ ամփոփում են Դարանաղյաց գավառի Թորդան ավանում, որը հայրենական սեփականությունն էր:

Հայտնի չէ, թե Լուսավորչի` Թորդանում ամփոփված նշխարները որ ժամանակներից սկսած բաժանվեցին տարբեր վայրեր: Հնում սրբերի նշխարները հատուկ երկյուղածությամբ բաժանվում ու պահվում էին հավատացյալների մոտ: Նրա ս. Աջը, որը պահվում է Ս. Էջմիածնում, եղել եւ մնում է Հայրապետական աթոռի իշխանության պաշտոնական նշանակը, ինչպես եւ` անանց գանձն ու զորությունը: Քրիստոսի ս. Խաչափայտի եւ ս. Գեղարդի մասունքների հետ այն ս. մեռոնի օրհնության ժամանակ գործածվող գլխավոր սրբություններից է: Ըստ որոշ տեղեկությունների` 5-րդ դարում Բյուզանդիայի Զենոն կայսեր (474-491 թթ.) հրամանով Լուսավորչի նշխարները Թորդանից բռնությամբ տեղափոխվում են Կ. Պոլիս: Հայաստանում է թողնվում միայն Լուսավորչի Աջը, որով լուսավորվեց Հայոց աշխարհը:

Հովհաննես Դրասխանակերտցի պատմիչ հայրապետի տեղեկության համաձայն` Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը (641-661 թթ.) Զվարթնոցի տաճարը կառուցելիս Լուսավորչի ոսկորների նշխարները բաժանելով` դնում է չորս հաստահեղույս սյուների տակ, իսկ գլուխը ոչ թե խորքում, այլ դրսում` սուրբ Սեղանի տակ գզրոցի մեջ է զետեղում` փափագողների հույսի ու հիվանդների բժշկության համար: Վարդան պատմիչը նշում է, որ ս. նշխարները Գրիգոր Պատրիկ Մամիկոնյանը 7-րդ դարում Կ. Պոլսից է բերում, եւ այնուհետեւ դրանք տեղադրվում են Զվարթնոցում: Սակայն Մովսես Կաղանկատվացին, երբ նկարագրում է Արցախի Իսրայել եպիսկոպոսի` Գրիգորի նշխարներից ծնոտի մի մասը Գլխովանքում ամփոփելու դեպքը, գրում է, որ այն հենց Թորդանից տարվեց Արցախ:

Հետագայում ս. Գրիգորի գլուխը, որոշ ոսկորներ եւ տանջանքի գործիքներից շղթայի մի մասը հայ կույսերը Զվարթնոցի տաճարից տեղափոխում են Նեապոլ (Իտալիա), որտեղ եկեղեցի է կառուցվում ի պատիվ Լուսավորչի: Ըստ այլ աղբյուրների` Լուսավորչի նշխարները Նեապոլ են տեղափոխել Կ. Պոլսից` տեղի վանքերից մեկի միաբանության կույսերը: Դրանք մինչ այժմ էլ մեծ պատվով պահվում են Ս. Գրիգոր եկեղեցում` մեծ ջերմեռանդությամբ հարգվելով բարեպաշտ նեապոլցիների կողմից: Նեապոլի պահապան սուրբ Գենարիոսից հետո Գրիգորը ճանաչվում է քաղաքի երկրորդ պահապան սուրբը եւ ունի հատուկ տոն` սեպտեմբերի 30-ին:

2000 թ. նոյեմբերի 8-11-ը Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն այցելեց Վատիկան, որտեղից հայրենիք բերեց Գրիգոր Լուսավորչի մասունքներից, որոնք ի նշանավորումն քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակի` Կաթոլիկ եկեղեցին վերադարձրել էր Հայ եկեղեցուն: Բերված մասունքները դրվեցին Երեւանի նորակառույց Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Գրիգոր Լուսավորչի համար սահմանել է երեք տոն: Առաջինը` նրա մուտքը վիրապ, որ տոնվում է Մեծ պահքի հինգերորդ շաբաթ օրը: Երկրորդը` ելքը վիրապից, որ տոնվում է Հոգեգալստի առաջին շաբաթ օրը: Եվ երրորդը` նշխարների գյուտը, որն էլ տոնվում է Հոգեգալստի երրորդ շաբաթ օրը (այս տարի` հուլիսի 9-ին):

ԱՐՄԵՆ սարկավագ ԲԱՅԱԴՅԱՆ
զորամասի հոգեւոր սպասավոր

Խորագիր՝ #28 (893) 20.07.2011 – 27.07.2011, Հոգևոր-մշակութային


27/07/2011