Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ



ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՍեզոնային սպասարկման նպատակը սպառազինությունը, ռազմական տեխնիկան ձմեռային և ամառային շահագործման նախապատրաստելն է: Այն իրականացվում է օդի՝ համապատասխանաբար 5 աստիճանից ցածր և բարձր հաստատուն ջերմաստիճանի դեպքում: Սեզոնային տեխնիկական սպասարկում են անցնում մարտական, ուսումնամարտական, շարային, ուսումնա-շարային, տրանսպորտային և ուսումնական շահագործման խմբերին պատկանող, ինչպես նաև կարճաժամկետ պահպանման մեջ եղած նմուշները:

4-րդ բանակային զորամիավորման հրամանատարի հրամանով զորամասերից մեկի բազայի վրա անցկացվեց զորամիավորման ենթակա զորամասերի հրամանատարների՝ սպառազինության գծով տեղակալների, տեխնիկական մասերի ծառայությունների պետերի եռօրյա հավաք սեզոնային սպասարկման թեմայով: Հավաքի նպատակն էր կատարելագործել մասնակիցների մասնագիտական, տեսական գիտելիքներն ու գործնական վարժվածության մակարդակը, խորացնել և ամրապնդել գիտելիքները ավտոմոբիլային տեխնիկայի սպասարկման աշխատանքների վերաբերյալ, ինչպես նաև բարձրացնել անձնակազմի պատասխանատվությունը կատարվող աշխատանքների որակի հսկման, ավտոմոբիլային և զրահատեխնիկան մշտապես մարտունակ վիճակում պահելու պարտավորությունների նկատմամբ:

Գործնական պարապմունքների ընթացքում մասնակիցներին ցուցադրվեցին նաև զորամասերում առկա հրետանային զինամթերքի և սպառազինության միջոցների սեզոնային սպասարկման աշխատանքները, անձնակազմը ծանոթացավ աշխատանքների փաստաթղթային ձևակերպմանը:

ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՀավաքի ծրագրի համաձայն՝ անցկացվեցին դասախոսություններ, գործնական հրահանգչա-մեթոդական պարապմունքներ: Երրորդ՝ ամփոփիչ օրը կայացավ ցուցադրական պարապունք, որին հետևեց նաև զորամիավորման հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը: Նա համապատասխան ցուցումներ տվեց պարապմունքի անցկացման վերաբերյալ, ապա նշեց նմանատիպ միջոցառումների կարևորությունը. մի քանի օրից տեխնիկան կանցնի շահագործման ամառային ռեժիմի, ուստի խափանումներ, բացթողումներ չպետք է լինեն:

Ցուցադրական պարապմունքի համար բացազատված էին վեց ուսումնական կետեր, որոնց ղեկավարները մանրամասն ներկայացրին ռազմական տեխնիկայի, հրթիռահրետանային սպառազինության և զինամթերքի փոխադրման աշխատանքների ընթացքը, պարզաբանեցին, որ դրանց  սպասարկման բարձր որակով, օգտագործվող նյութերի ճիշտ համադրմամբ է պայմանավորված աշխատանքների հաջողությունը:

Ամփոփելով հավաքը՝ զորամիավորման հրամանատար, գնդապետ Վալերի Քոչարյանը նշեց, որ սպասարկումը ցանկալի արդյունք չի տա, եթե ամենօրյա գործունեության ընթացքում, ինչպես հարկն է, «չփայփայվի» ռազմական տեխնիկան:

Նմանատիպ պարապմունքներ կանցկացվեն նաև մյուս զորամասերում, իսկ արդեն օրեր անց հրամանատարները սահմանված ժամկետում կզեկուցեն շահագործման ամառային ռեժիմի անցնելու լիարժեք պատրաստականության մասին:

 

4-րդ զորամիավորման թղթակցական կետ

Խորագիր՝ #14 (1185) 12.05.2017 - 18.04.2017, Ազգային բանակ


12/04/2017