Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԿՌՎԵՑԻՆ, ՀԻՄԱ ԷԼ ԿՌՎՈՒՄ ԵՆ...
ԿՌՎԵՑԻՆ, ՀԻՄԱ ԷԼ ԿՌՎՈՒՄ ԵՆ…

ԿՌՎԵՑԻՆ, ՀԻՄԱ ԷԼ ԿՌՎՈՒՄ ԵՆ...Պաշտպանության բանակի այս զորամասը 2016թ. ապրիլին կարևոր ու չափազանց բարդ մարտական խնդիր կատարեց: Հակառակորդի լայնածավալ գրոհից հետո անձնակազմը վերադասավորեց ուժերը առաջնագծում, կարողացավ ետ բերել կորցրած դիրքերը: Հենց այս զորամասի պատասխանատվության գոտում մարտնչեցին և հերոսաբար զոհվեցին կապիտան Արմենակ Ուրֆանյանը, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը, շարքայիններ Անդրանիկ Զոհրաբյանը,  Քյարամ Սլոյանը

Զորամասի հրամանատար, գնդապետ Սամվել Գրիգորյանը նշում է. «Ապրիլին մեր բանակը ապացուցեց, որ օժտված է բարձր մարտունակությամբ, որ պատրաստ է կատարելու նույնիսկ անհնարին թվացող առաջադրանքները, որ զիջելու եւ նահանջելու տեղ չունի: Մեր սպան ու զինվորը ասացին` Արցախի ազատ ապրելու իրավունքը չի քննարկվում: Եվ կռվեցին, հիմա էլ կռվում են»:

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈԽԱՐԵՆ

 ԿՌՎԵՑԻՆ, ՀԻՄԱ ԷԼ ԿՌՎՈՒՄ ԵՆ...«Այսպես կոչված՝ հարաբերական խաղաղության պայմաններում էլ մենք պատրաստվում ենք պատերազմի: Շեշտը դրել ենք զորավարժությունների, մարտական պատրաստության պարապմունքների անթերի կազմակերպման և անցկացման վրա: Մարտավարական, կրակային, ֆիզիկական պատրաստության ժամանակ հաշվի ենք առնում պատերազմի փորձը, այսինքն՝ առաջնահերթ են այն առարկաները, որոնք հիմնականում պետք են մարտի դաշտում խնդիրը կատարելու համար: Հատկապես առաջնագծում պարզ է դառնում՝ եթե ցանկացած զինծառայող տիրապետի իրեն ամրակցված զենքին, տեխնիկական միջոցին, խնդիրներ չենք ունենա,- ներկայացնում է Սամվել Գրիգորյանը: –Բնականաբար, ուշադրության կենտրոնում են մարտական հերթապահության իրականացման հարցերը, առաջնագծում անվտանգ ծառայության կազմակերպումը այնպես, որ ավելորդ կորուստներ չունենանք: Այդ ամենի համար պարապմունքներ ու էլի պարապմունքներ են անհրաժեշտ: Անձնակազմը պիտի վարժված լինի այսօր, որպեսզի կարողանա վաղը հարկ եղած դեպքում իր մարտական խնդիրը կատարել:

Ապրիլյան պատերազմից հետո որոշակի եզրահանգումներ ենք արել: Հատկապես` մարտական խնդիրների հաջող կատարման առումով: Կատարելագործվել են ինժեներական կառույցները, լրակահավորվել են մարտակարգի տարրերը՝ փոսճանապարհներ, հակատանկային փոսեր, մարտական դիրքեր, խրամատներ ու խրամուղիներ, հաղորդակցման ուղիներ, հենակետերի պաշտպանության շրջաններ: Ինժեներական աշխատանքները կատարվել են և՛ կառավարության աջակցությամբ, և՛ բանակի միջոցներով: Եթե նախկինում մտածում էինք, թե տեխնիկան, զորքը որտեղ ենք տեղավորելու, ապա այժմ ամեն միջոց իր տեղն ու դիրքն ունի, իր խնդրի կատարման բնագիծը, թաքստոցը: Հետևաբար, աճել է նաև խնդիրների կատարման արդյունավետությունը: Այդ ամենը հակառակորդը տեսնում է, զգում իր մաշկի վրա:

Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, թե որքան կարևոր է զորքերի ճիշտ և արագ տեղաշարժը մարտի դաշտում: Ամենօրյա մարզումների ընթացքում մենք հասել ենք նրան, որ մեր ստորաբաժանումները ցանկացած պահի կարողանան տեղաշարժվել մի դիրքից մյուսը, խրամատից խրամատ՝ օգտագործելով հաղորդակցման առկա ուղիները: Ամեն մի առանձին տեղամասում մարտական իրադրությանն արագ արձագանքելը, ճիշտ կողմնորոշվելը, խնդիրը ճիշտ առաջադրելն ու հաջողությամբ կատարելը ամբողջ զորամասի մարտական խնդրի կատարման նախապայմանն է: Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ եթե մեր պաշտպանական ուղղությունում արագ չարձագանքեինք, կարող էինք հայտնվել շատ վատ իրավիճակում, քանի որ հակառակորդին հաջողվել էր ճեղքել մեր պաշտպանությունը մարտական դիրքերից մեկում: Ժամանակին կազմված խմբերը հակագրոհ կազմակերպեցին և վերականգնեցին առաջնագիծը: Եթե դա չարվեր, հետևանքները կարող էին անկանխատեսելի լինել:

Մարտական հերթապահության կրման կանոնները, ձևերը համապատասխանեցվել են նոր պահանջներին՝ հաշվի առնելով գործողությունների բնույթը, նաև մեր կանխարգելիչ կարողությունները: Կատարվել է ենթակառուցվածքների ավելացում, զինամթերքի չափաբաժնի ավելացում և այլն: Բարելավվել է կապի ղեկավարման համակարգը՝ ռադիո, լարային, օպտիկամանրաթելային:

Կատարելագործվել է դիտարկման համակարգը: Այս պահին, կարելի է ասել, որ պաշտպանական տեղամասում գրեթե չունենք տարածք, որ չդիտարկվի տեխնիկական միջոցներով ցերեկային և գիշերային պայմաններում: Դիտարկում ենք ոչ միայն մարտական դիրքի անձնակազմի ուժերով, այլև հրամանատարական կետերում, մեր աշխատասենյակներում, այսինքն՝ կարողանում ենք մեր ենթականերին վերահսկել: Մինչև 2016թ. ապրիլ այդպիսի կատարելագործված սարքեր չունեինք: Ունենք բավական հագեցած գիշերային տեսանելիության նշանոցներ, ջերմադիտակներ, ուրեմն հակառակորդին հայտնաբերելու պահին արդեն զինծառայողը կարող է դիպուկ խոցում իրականացնել՝ օգտագործելով այդ սարքերը:

Ինչքանո՞վ են արդյունավետ դիտարկման սարքերը, գնահատականը երևի մեր հակառակորդը կտա՝ իր գործողությունները ձախողելով: Միայն կարող եմ ասել, որ այդ սարքերը մեր ամենօրյա հսկողության տակ են: Դրանք տեխնիկական նորագույն միջոցներ են, սակայն գործարկելիս պակաս կարևոր չէ մարդկային գործոնը: Այնպես որ,  անընդհատ ստուգումներ ենք անցկացնում, ամեն մի մանրուք հսկողության տակ է:

Հակառակորդն էլ է օգտագործում հետախուզման տարբեր միջոցներ՝ ԱԹՍներ, օդապարիկներ: Ամեն ինչ էլ իր հակազդման ու չեզոքացման միջոցն ունի: Եթե հարկ լինի, վայրկենական կոչնչացնենք: Այս պահին դրա անհրաժեշտությունը չկա, միջոց չենք ձեռնարկում: Ուզում են նկարել, թող նկարեն, ինչ է եղել որ, մենք թաքցնելու բան չունենք (ժպտում է), թող տեսնեն, որ անընդհատ կատարելագործվում ենք, կահավորում ենք դիրքերը: Մի կողմից էլ դա լավ է, թշնամին մոլորության մեջ է լինում, թե ոնց հակազդի այս ամենին:

Այժմ իրենք ամրացնում են իրենց սեփական պաշտպանությունը: Որոշակի հատվածներում կային հարցեր, որ իրենք էլ բան չեն արել մինչև ապրիլյան պատերազմը, բայց հիմա ակտիվ աշխատում են: Հիմա արդեն ավելի շատ պաշտպանվելու մասին են մտածում, տեսան, հասկացան, որ հարձակվելիս այդքան էլ ունակ չեն մեր դեմ լուրջ քայլեր ձեռնարկելու: Իսկ մենք կարող ենք պատժել ու կպատժենք, եթե հարկ լինի: Նրանք տեսան մեր ուժն ու հզորությունը: Մյուս անգամ, եթե փորձեն հարձակվել, այլ ձև է լինելու, թշնամին ցայտնոտային վիճակում կհայտնվի:

Մեր հիմնական եզրահանգումները կատարված են, բացթողումները բոլորս էլ գիտենք, չկա ևս մեկ անգամ թվարկելու կարիք: Այդ թերությունների շտկման ուղղությամբ բավական մեծ աշխատանք է կատարվել և հիմա էլ կատարվում է: Ձգտելու ենք, որ այլևս նման իրավիճակներում չհայտնվենք: Շատ դասեր ենք քաղել: Ապրիլից հետո հակառակորդի սադրանքներին կարծես այլ կերպ ենք պատրաստ: Մի բան պարզ է՝ հակառակորդից ամեն ինչ սպասելի է: Նախկինում, կարելի է ասել, այդպես չէր: Ոչ մեկը չէր պատկերացնում, որ կարող է բացահայտ հարձակվի: Դիվերսիոն գործողություններ, սադրանքներ, հրետակոծություն` ոչ ավելի: Այժմ գիտենք, սպասում ենք և հետևաբար ավելի արագ ու ճիշտ կողմնորոշվում:

Փոփոխությունները շատ են: Մեր մարտական հնարավորությունները էականորեն ավելացել են: Կան հայտնաբերման և խոցման նոր միջոցներ: Փաստ է, որ մենք կարող ենք հետախուզել հակառակորդի տարածքները առնվազն մի քանի կիլոմետր խորությամբ, այնպես որ, հանկարծակիության մասին խոսք լինել չի կարող: Ունենք բավարար ժամանակ՝ տեղաշարժերը նկատելու, մեր բոլոր հենակետերը հանգիստ զբաղեցնելու և հակառակորդին պատրաստ սպասելու, արդեն իսկ խրամատներում, կրակային դիրքերում նրան դիմավորելու համար, այլ ոչ թե երթի, տեղաշարժերի կատարման ընթացքում և այլն: Օգնական ուժերն էլ խնդիրը ստանալուն պես նստում են մեքենաները, մեկնում իրենց մարտակարգի տեղամաս, զեկուցում պատրաստականության մասին:

Իսկ հակառակորդը դեռ հակված է նրան, որ կարող է հրետակոծություններով, դիվերսիոն գործողություններով խուճապ առաջացնել, հաջողության հասնել, բայց դա էլ նրանց չի հաջողվում: Փետրվարյան դեպքերը՝ Մարտունու և Ակնայի պաշտպանական շրջաններում նրանց դիվերսիոն փորձերի խափանումը, հենց դա է փաստում:

Զորամասը զբաղված է իր առօրյա ծառայությամբ, մարտական պատրաստությամբ: Առաջիկայում սպասվում է զորավարժություն, որի ժամանակ անձնակազմը կբերվի մարտակարգի, մարտական հրաձգություն կկատարվի: Մենք անընդհատ պատրաստվում ենք: Եվ ես վստահ ասում եմ՝ երկրորդ «ապրիլ» բացառվում է»,- եզրափակեց զորամասի հրամանատարը:

Պատրաստեց ԱՐՍԵՆ ԱՂԵԿՅԱՆԸ