Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՂԱՆԴԱՀԱՐ
ՂԱՆԴԱՀԱՐ

Սկիզբը՝ նախորդ համարներում

 ԻՄ «ՀԱՐՅՈՒՐ ՕՐԸ»

Նասիմեն

ՂԱՆԴԱՀԱՐՊարետատան հսկիչանցագրային կետում ինձ դիմավորեց Պավել Վիննիչենկոն՝ լայն, հաղթական ժպիտը դեմքին։

-«Чайка»ն վաղուց քեզ է սպասում, ախպերների գերագույն ախպեր,- ողջունեց իր պես։

Նա բեռնատար էր բերել։ Խնդրեցի դանդաղ քշել՝ մի մարդու նման, որին անհայտության սարսափն է տիրել, ով դեռ երեկ ամբողջ հոգով ձգտում էր նորից խառնվելու մարդկանց ցեղին, մինչդեռ հիմա, չգիտես ինչու, վիրապն ինձ նորից դեպի հատակն էր ձգումՊաշկան, ի պատիվ իրեն,  ավելորդ հարցասիրություն չցուցաբերեց, միայն տեղեկացրեց, որ մի քանի օրից հետախուզական խմբի հետ մեկնելու ենք Ջալալաբադ՝ «փորձի փոխանակման»։

Էնպես որ, դանդաղ էլ հրաժեշտ տուր հարազատ վայրերին, ինչ իմանաս՝ էլ երբ կտեսնենք էս «չքնաղ բնապատկերները»,- սրամտեց Պաշկան։

Հարազա՜տ վայրերԱյս խոսքերը, ինձնից անկախ, քաղցր հուշեր են արթնացնում սրտիս մեջ, բայց միտքս անվերջ նույն պատկերն է հյուսում՝ դեգերելով անհաղորդանհուշ հեռուներում, որտեղ մի օր հանդիպել էին վաղամեռիկ զինվորն ու խաշնարած քուշանուհին, որ հարյուր հատ սեւ կակաչ էր փնջել անհույս սիրահարի հիշատակին՝ իբրեւ ուշացած (ժամանակավրեպ) սիրո խոստովանություն։ Մոտեցել էր իմ «հարյուր օրը»:

Կեսճանապարհին, առանց զգուշացնելու, բացեցի բեռնատարի դուռն ու անսպասելի դուրս ցատկելով մեքենայից՝ քայլերս ուղղեցի Ֆարուխ Լաֆրայի բնակարանը՝ թոթափելու անորոշության տհաճ բեռը, որ որոշ ժամանակից ի վեր հանգիստ չէր տալիս ինձ՝ ցերեկ թե գիշեր, քնած թե արթմնի: Ի՞նչ էր թաքցնում չքնաղ փերին իր կոկոն կրծքի տակ եւ թաքցնո՞ւմ էր արդյոք: ՆԱ, ում աչքերում ես մի օր ինձ էի տեսել՝ հույզ ու զգացմունքների միեւնույն կծիկից հյուսված։

Ի՞նչ ես անում, Վաչի՛կ, ետ արի,- ձայնը գլուխը գցեց Պաշկան,- չի՛ կարելի, նոր ես փոսից դուրս եկել, կկործանես ինքդ քեզ։

Պետք է, Պաշկո, պետք է, հասկանո՞ւմ ես, ինձ համար կարեւոր է, ոնց որ դու ես ասում՝ էլ երբ էս կողմերը կգամ

Դե լա՜վ, թող քո սրտով լինի. խաչը քոնն է, զորությունը դու գիտես:

Շենքի դիմաց մի քանի աֆղանցի տղաներ վեգ էին խաղում. նրանց մեջ էր նաեւ Բուրխաննուդդինը, ինչպես միշտ՝ դեսանտայինի ցեցը կերած մայկան հագին։ Ինձ տեսնելուն պես վրա պրծավ կատաղածի նման ու սկսեց հալածել հանդուգն պահվածքով, իբրեւ իրենց թաղը եկած խամի։

Ինչո՞ւ ես եկել, անպետք շուրավի, խելքդ գլուխդ չեկա՞վ, հը՜, նորի՞ց ես ուզում

Նողկանքի րոպեական ցնցում ապրեցի ինքնեկ այն մտքից, որ գուցե հենց այս տզրուկի մասնակցությո՞ւնը կար իմ մատնության գործում։

Հայրդ տա՞նն է,- հարցրի անտարբեր։

Հայրիկը տանը չի,- պատասխանեց կտրական։

Իսկ ո՞վ կա տանը,- համառեցի։

Քո գործը չի՛, ի՞նչ ես ուզում։

Ակնոցս ձեր տանն եմ մոռացել, ուզում եմ վերցնել։

Երբ հյուրասիրության համար շնորհակալություն հայտնելով հրաժեշտ էի տալիս Ֆարուխին, Վիննիի նվիրած կախարդական ակնոցը աննկատ խցկեցի մութականերից մեկի տակ, որպեսզի հետո Նասիմեին կրկին տեսակցելու պատրվակ ունենայի։

Ի՞նչ ակնոց, ոչ մի ակնոց էլ ես չեմ տեսել,- թուլացրեց դիմադրության թափը։

Աչքերի մեջ շահագրգռություն փայլեց։

Գուցե քո՞ւյրդ տեսած լինի։

Չգիտեմ, նա ինձ բան չի ասել։

Արի միասին հարցնենք,- ներս մտնելու զգուշավոր առաջարկ արեցի։

Իսկ ի՞նչ կտաս,- առանց վարանելու առեւտուր սկսեց։

Նասիմեն տանն էր։

Ինքդ էլ գիտես՝ փոսից եմ գալիս, դափդատարկ եմ, բայց քեզ համար Ջալալաբադից անպայման բախշիշ* կբերեմ։ Աստված է վկա:

Սուտ ես ասում, ունե՛ս,- պնդեց՝ բռնելով թեւքիցս։Ժամացո՛ւյցը։

Նրա հատ գնացած աչքից ոչինչ չէր վրիպի։

Հասկանալով, որ այս Կերբերի երախը փակելու համար ստիպված եմ բավարարել նրա գրգռված ախորժակը, ինքս էլ հակադիր պայման կապեցի՝ հարկադրելով, որ ինձ մենակ թողնի, եւ որ ժամացույցը նրան կհանձնեմ Նասիմեի մոտից դուրս գալուց հետո միայն, եթե բերանը փակ պահի։ Կաշառվեց չարքը՝ քաջ իմանալով առնելիքի հարգն ու գինը։ Ժամացույցն առաջնակարգ էր՝ TISSOT ֆիրմայի։

Տես, հա՜, մունդառ շուրավի,- սպառնաց,- քրոջս գլխից մի մազ պակասեց՝ ձեռիցս չես պրծնի։

Ներս մտա առանց թակոցի։ Նասիմեն, թիկունք արած, ծնկների վրա խալիչային նստել, ճերմակ ուլի մազն էր սանրում, որն էլ հնազանդ մկկում էր կենդանական վայելքից։ Նա ինձ եղբոր տեղը դրեց եւ նույնիսկ բարկացկոտ հանդիմանեց, թե կբողոքի հայրիկին՝ պարապսարապ թրեւ տալու, անասունին աչքաթող անելու համար։ Եվ երբ, անպատասխան մնալով, մեկեն շրջվեց դեպի դուռը, անսպասելիության ու վախի ջղային ճիչ արձակեց՝ ձեռքի ափերով ծածկելով երեսը։

Ազ ման նաթարս, խոհար ջան։ Ման թո րա ազիաթ նեմի քոնամ։ Ման շորավիե խուբե թո հասթամ**,- հանգստացրի՝ ինքս էլ անմեկնելի երկյուղ կրելով մեր հանդիպումից։Եկել եմ շնորհակալությունս հայտնելու, որ ինձ չէիր մոռացել եւ գաթա էիր ուղարկել, համ էլ ուզում եմ հրաժեշտ տալ, մի քանի օրից մեկնում եմ Ջալալաբադ, չգիտեմ՝ ինչքան ժամանակով

Ակնոցի մասին գերադասեցի լռել։

Նասիմեն կամաց բաց արեց թուխ երեսը՝  չհամարձակվելով, սակայն, նայել դեմքիս։

Իզուր եք եկել, հրամանատա՛ր,- հուզվում էր անասելի,- ամոթ է, շատ ամոթ ջահել աղջկան օտար տղամարդու հետ մենակ մնալ

Մի՛ վշտանա, ոչ ոք ոչինչ չի իմանա։

Բուրխաննուդդինը հայրիկին ամենը կպատմի, խաբար կտա,- Նասիմեն շրթունքներին այնպիսի ձեւ տվեց, որ թվաց՝ հիմա լաց կլինի։

Անհոգ մնա, անգին քույրիկ, ես նրան ժամացույցս խոստացա, որ բերանը փակ պահի։

Ամա՜ն, խոդա***, իզուր եք խոստացել, մեկ է, նա իր մտածածը կանի։ Կարծում եք՝ չգիտե՞մ, որ ուղարկածս գաթան ճանապարհին կերել է, իսկ ես նրան, հայրիկից գաղտնի, մի տուփ քաղցր կաթ տվեցի, որ գաթան ձեզ հասցնի

Մարդու ներսը պատառոտող, ծանր լռություն տիրեց: 

Խնդրում եմ, էլ չգաքԴուք լավ շուրավի եք, ամենալավը, ես միշտ բարի կհիշեմ ձեզ… –Նա իր հասունհախուռն բնազդներով ասես վերջակետ էր դնում այն ամենին, ինչը մինչեւ այժմ ինքնահոսի էր մատնվել, եւ կարծես մի վերջին, տանջալի ճիգով` առաջին ու վերջին անգամ բաց էր անում իմ առջեւ իր հույզերի, իր թաքուն ցնորքների կծիկը, որը ես տքնում էի քանդել։Ինձ համար չէ, որ խնդրում եմ

Ի՞նչն է քեզ տանջում, սիրասուն քույրիկ։

Նուդդինն ասում է՝ եթե մի անգամ էլ ձեզ մեր կողմերում տեսնեն, շատ ավելի խիստ պատժի կենթարկեն, իսկ ես չեմ ուզում, որ իմ երեսից տառապեք։

Նրա անկեղծ պատասխաններում ես ինձ համար երկու կարեւոր կասկած պարզեցի։ Բուրխանուդդին Լաֆրայը նզովյալ մատնիչ էր, եւ որ Նասիմեի խղճմտանքը իմ ճակատագրի հանդեպ վկայությունն էր թերեւս այն ջերմ ու անպաճույճ զգացմունքի, որը հեռու էր բարեկամական լինելուց։ Գոնե այդպես էր թվում:

Ուրեմնհասկացե՞լ ես

Արյունը ճնշում էր կոկորդս։

Ախր, ես էլ միս ու արյունից եմ,- քնքուշ վարանքով տեղի տվեց՝ անձնատուր լինելու պես… –Դուդու իմ սիրտը մտար այն օրը, երբ առաջին անգամ տեսա քեզ կամրջին, թեեւ  գիտեի՝ մահացու մեղք եմ գործում՝ մտքիս մեջ անգամ ցանկանալովքեզ։

Մի՞թեմեղք էեթե ճշմարիտ է, որ սիրում ես ինձ։ 

Ես քեզ սիրում եմ ամբողջ սրտով, իմ բարի շուրավի, բայց հասկացի՝ դու օտար ես, այլադավան, եթե չասեմ՝ «թշնամի»Մենք երբեք միասին լինել չենք կարող։Նրա մանուկ, լլկված հոգում բախվում էին անհաշտ, իրարամերժ սկզբունքներ, որոնցից յուրաքանչյուրի անշրջելիությունը մեզ՝ երկուսիս, ավելի դժբախտ էր դարձնում։Ես ինքս ինձ չեմ պատկանում, ես ուրիշինն եմ, շուտով մարդի կգնամ։ ՈՐՈՇՎԱԾ Է։

Եվ Ադիղուլլա խանի ոտքե՞րը կլվանաս։

Ամա՜նկամա՛ց,- ձեռքի ափը տարավ բերանին,- նրա անունը բարձր արտասանել չի կարելի, վա՛յ է, շատ վայ։

Իսկ ինչո՞ւ չի կարելի,- կույր ատելությունը հետզհետե ավելի ու ավելի էր գլուխ բարձրացնում մեջս՝ հասցնելով հուսահատության շեմին: Սիրտս կաթկաթ արյուն էր լցվում,- որովհետեւ Ադիղուլլա խանը ջահել կյանքեր խորտակո՞ղ է, որովհետեւ քո խանը կանանց թաշկինակի պե՞ս է փոխում,- դատարկեցի սրտիս մաղձը՝ գիտակցելով պատրանքներիս անհնարինությունը։

Անպտուղ երազներ, որոնք ծնվել էին մի օր իրենք իրենց խժռելու համար։

Թե ինձ սիրում ես  հեռացիխնդրում եմ, հայրիկը ուր որ է կգա,- իրար անցավ «անհավատարմության» խայտառակությունից,- խնայի, հրամանատար, մի կործանի, ա՜խ, խոդա

Քո խանի վերջը եկել է, շուտով մերոնք  նրան կբռնեն եւ, որպես դասակարգային թշնամու ու կեղտոտ չարագործի, պատին դեմ կտան, էն ժամանակ ազատ շունչ կքաշես, չքնաղ քույրիկ։

Թափով հրեցի սենյակի դուռը, որի հետեւում շունչը պահած ինձ էր սպասում դժոխքի սպասավոր Կերբերը: Շուրջս չնայելով՝ արագ չքվեցի Սպիտակ տնից՝ կամենալով կորչել, անհետանալ, մոռանալ

Սպասի՜ր, էդ ո՛ւր, ժամացո՛ւյցը, հրամանատար,- կրնկակոխ կանչեց Նուդդինը։

Գաթաս հետ տո՛ւր, տա՛մ, չտա՛ս՝ չե՛մ տա, հասկացա՛ր, ճիզվիտի մեկը,- քվիտ արի գարշելուն՝ մտածելով, թե այդպիսով վերջնականապես մաքրում եմ հաշիվներս «Ֆարուխ Լաֆրայի գրասենյակի» հետ։

Եվ դեռ նոր էի հաղթահարել կավահող զառիվերը, երբ թիկունքիս հեւիհեւ շնչառություն լսեցի։ Կարծեցի՝ Նուդդինն է կպռշկում, կտրուկ շրջվեցի, որ մի լավ շշպռեմ

Ձեր ակնոցը, հրամանատար,- շնչակտուր ասաց Նասիմեն, որի միայն աչքերն էին երեւում չադրայի տակից, որոնցում ինչոր չարագուշակ փայլ էր հայտնվել։

Թող քեզ մոտ մնա, խոհար****։ Ակնոցը կախարդական է, հենց որ դնես, քո սրտի ամեն ուզածը կիրականանա:

Փորձեցի «հմայիլով խաբել»…

Գնաք բարով, հրամանատար, ես միշտ կաղոթեմ ձեզ համարԱստված պահպանի ձեզ:

Ես կանգնել եւ հմայված(թեւաթափ) նայում էի զառիթափ ճանապարհով թեթեւաթռիչ փախչող ՃԱԿԱՏԱԳՐԻՆ՝ մտքումս գուշակելով. «Կշրջվի՞, թե որ շրջվեց…»: Այնժամ էլ տանու կենդանիների խմբից նրան ընդառաջ վազեց ճերմակ ուլիկը, որին գիրկն առնելով՝ փերին անհետացավ իմ հեքիաթից՝ որպես երեքնուկի խաբս գնացած թերթիկ։

Ման թո րա դուսթ դարա՜մ*****…

Երկու օրից մեկնեցի Ջալալաբադ:

Սկսվել էր իմ «հարյուր օրը»:

 Շարունակելի

 * Նվեր

** Ինձնից մի վախեցիր, քույրիկ։ Ես քեզ չեմ նեղացնի։ Ես քո բարի շուրավին եմ։

*** Աստված

**** Քույր, քույրիկ

***** Ես քեզ սիրում եմ: