Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԱՐՑԱԽՅԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԱՐՑԱԽՅԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՄՈՆԹԵԻ ԱՂԲՅՈՒՐԸ

Մոնթեի լուսավոր սերը կոչում էր ապաշխարության

ԱՐՑԱԽՅԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԱյս վկայությունը լրագրող Ասպրամ Ծառուկյանի պատմածն է։ «Մոնթե» գիրքը գրելու համար նա հանդիպեց եւ զրուցեց Մոնթեի ամենամոտ ընկերներին։

   Աստվածարյալ զորավար էր Մոնթեն։

   Թշնամու դեմ առյուծի նման պատերազմող մեր հերոսը, սակայն, արգելում էր անգամ որեւէ վայրի կենդանու սպանել, ասում էր՝ դիրքերում հանդիպած օձերին էլ մի սպանեք՝ Աստծու արարած են։ Այսինքն՝ թուրքերն իրենց նենգությամբ օձերից էլ վատն են։ Բնականաբար. մարդու սողուն տեսակն ավելի վտանգավոր է, քան իրական սողունը:

 Մոնթեն երբ նոր էր հասել Արցախ՝ Մարտունու շրջան, առաջին գործն այն եղավ, որ իր լուսավոր միտք ու սրտով բարոյական կարգապահություն սկսեց սահմանել ոչ միայն զորամասում, այլեւ ողջ տարածաշրջանի բնակչության մեջ։  Ոմանք, որ բարձիթողի վարքի էին սովոր՝ առք ու վաճառք, ավազակություն միաբան ընդվզեցին առաքինությամբ ապրելու Մոնթեի կարգ ու կանոնի դեմ, նույնիսկ հարձակումից առաջ դուրս թափելով թշնամու դեմն առնելու համար զինտեխնիկայի՝ մեծ դժվարությամբ զորավարի ձեռք բերած վառելանյութը, որպեսզի զորավարը պարտվեր, խայտառակվեր, հուսահատվեր, հեռանար եւ իրենց անառակաբարո վարքը չշտկվեր։ Բայց զորավարի լուսավոր սերն ու ներումը, ի վերջո, ամենքին էլ հաղթեց։

 Հերոսի զոհվելուց տարիներ էին անցել։

 Նրա մտերիմ ընկերներից մեկը՝ Հովսեփ Հակոբյանը, գնում էր Մոնթեի աղբյուր։ Աղբյուրը յուրօրինակ ուխտավայր էր Աստվածարյալ զորավարի մտերիմների համար։ Ով հիշում, կարոտում էր նրան, գնում էր Մոնթեի աղբյուրը՝ ջուր խմում, նստում աղբյուրի մոտ, մտովի զրուցում զորավարի մեծ սրտի հետ, զորավորվում էր նրա կենդանի անտես ներկայությունից, իմաստուն սիրուց եւ մխիթարված վերադառնում էր։ Հովսեփը դեռ աղբյուր չհասած՝ հանկարծ լացի ու աղերսական զղջման ձայներ լսեց։ Ավելի մոտ գնաց այնպես, որ չնկատվի։ Եվ ինչի ականատես եղավ Աստվածային սիրո եւ ներման իմաստության, որ զորավարի հաղթանակն էր։ Այս հավաքված տղերքը ոչ այլ ոք էին, քան նրանք, ովքեր տարածաշրջանում դժվար դաստիարակվողների համբավ ունեին եւ սկզբում խանգարում էին Մոնթեի գործին, նրա պարտվելը ուզում՝ չհասկանալով, որ Մոնթեի պարտությունը իրենց պարտությունն է, իրենց շրջանի պարտությունն է եւ ոչ այլ բան։

Աստվածարյալ հերոսի դաստիարակության դպրոցում՝ սրանք եւս մարդ էին կերտվել, մարդու ձեւ ու կերպ էին ստացել եւ եկել էին ապաշխարելու։ Փա՛ռք Աստծու։ Հերոսի կենացն էին խմում եւ լաց լինելով՝ զղջման խոսքեր ասում, Մոնթեի հոգուց ներում էին խնդրում ու կրկին լաց լինում։ Եվ այն ներումից, որ զգում էին հերոսի կենդանի հոգու ներկայությունից, մխիթարվում եւ միմյանց  մխիթարում էին։

  Աստվածարյալ զորավարի մեծ սիրո հաղթանակներից մեկն էր կայանում աղբյուրի մոտ։ Եվ Աստված այդ աղբյուրը ուխտավայր էր դարձրել՝ որպես խորհրդանշան զորավարի կենդանի եւ կենսատու, անմահ սիրո եւ մեծ ՀՈԳՈՒ։