Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ ԾԱՆՐ ՀԱՐՎԱԾ ՀԱՍՑՎԵՑ
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ ԾԱՆՐ ՀԱՐՎԱԾ ՀԱՍՑՎԵՑ

Ես վստահ եմ, սիրելի՛ զինվորներ, որ դուք ամեն օր ավելի եք ամրանում, ավելի մարտունակ եք դառնում, որովհետեւ, եթե դա չլինի՝ վտանգն անպայման դառնալու է իրականություն, վտանգը դառնալու է կոնֆլիկտ, վտանգը դառնալու է պատերազմ, իսկ այստեղ՝ այս տարածաշրջանում, պատերազմ զսպողը դուք եք:

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Մարտի 20-ից 25-ը հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում Արցախի հարավային ուղղությամբ տեղակայված զորավարժարաններից մեկում անցկացվեց գնդային մարտավարական զորավարժություն: Մարտի 25-ին զորավարժության եզրափակիչ` մարտական հրաձգության փուլն էր: Թեման էր՝ «Գնդի եւ ուժեղացման միջոցների բերումը մարտական պատրաստականության բարձր աստիճանի: Կենտրոնացման շրջանի զբաղեցումը: Հարձակողական մարտի վարումը եւ բարենպաստ բնագծում պաշտպանության անցումը»:

 

Ժամը 7:00

Նախապատրաստում

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ ԾԱՆՐ ՀԱՐՎԱԾ ՀԱՍՑՎԵՑԿապավորները զորավարժադաշտում են, ստուգում են լարերը, կապի միջոցները: Տանկային ու հրետանային ստորաբաժանումները շարժվում են դեպի սահմանված բնագծերը, իսկ հրաձիգները բացազատված վրանային ավանում կարգի են բերում հանդերձանքն ու սպառազինությունը, որ քիչ անց մեկնեն գործողությունների շրջան:

Զորավարժության շտաբի պետ, գնդապետ Ա. Ցականյանը հրամանատարական կետում է: Հրահանգավորում է՝ եւս մեկ անգամ ճշգրտել օդի ջերմաստիճանը: Ասում է` անձնակազմը պատրաստ է մարտական առաջադրանքը կատարելու ցանկացած եղանակային պայմաններում, բայց ջերմաստիճանը կարեւոր է գործողությունների նախապատրաստման եւ հատկապես հրետանու ճշգրիտ կիրառման համար: «Նախապես կատարվել են համապատասխան աշխատանքներ. կահավորվել են խրամուղիներ ու բնագծեր, ռազմատեխնիկան նախապատրաստվել է կիրառման, իրականացվել է մարտական պահպանության կազմակերպում: Գնդի անձնակազմը մասնակցել է տարաբնույթ տեսական եւ գործնական պարապմունքների, դաշտային վարժանքների եւ շտաբային մարզումների: Այնուհետեւ տեղի բնակչության հետ անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման համապատասխան միջոցառումներ»,-ներկայացնում է զորավարժության շտաբի պետը:

Աչքի ենք անցկացնում ընտրված տեղանքը` այն տեղ-տեղ նախալեռնային է, տեղ-տեղ՝ բլրային, կտրտված, բայց հիմնականում հարթավայրային. «Առանձնահատկությունները համահունչ եւ նմանատիպ են մեր զորամասի խնդրի կատարման համար նախատեսված շրջաններին ու գոտուն: Զորավարժությունն անցկացվում է իրական մարտական իրավիճակին առավելագույնս մոտ պայմաններում: Խաղարկվում են ժամանակակից մարտի վարման դրվագներ: Հաշվի ենք առել ապրիլյան  ռազմական գործողությունների փորձը, հատկապես՝ մարտավարական քողարկման, ստորաբաժանումների ապակենտրոնացված կիրառման, հրամանատարների ինքնուրույն գործելու ունակության առումով»,-նշում է գնդապետ Ցականյանը եւ զբաղեցնում  նախանշված կետը, որտեղից էլ հետեւելու է ընդհանուր մտահղացման իրագործմանը, խնդիրների կատարմանը, հրամանատարների գործողություններին, սպառազինության կիրառմանը:

 

Ժամը 11:00 

Մեկնարկ

ՀՀ նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարների եւ զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ ժամանում է զորավարժարան: Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը ներկաներին ծանոթացնում է մարտական պլանին: Ըստ այդմ` պայմանական հակառակորդը ժամը 5:00-ին հանկարծակի հարձակվել եւ ծանր հարված է հասցրել բնագծի երկու ուղղություններում: Մոտոհրաձգային բրիգադը ճեղքել է պաշտպանական շրջանի առաջնագիծը, մխրճվել հայկական կողմի պաշտպանության խորքը: Սպառելով իր հարձակողական ունակությունը` հապճեպ անցել է պաշտպանության: Սակայն հակառակորդի օպերատիվ պահեստազորը հաջողությունը զարգացնելու համար ձգտում է առաջ շարժվել կենտրոնացման շրջանից: Չի բացառվում, որ հակառակորդը օդային դեսանտ կիջեցնի՝ հիմնական բարձունքները եւ ճանապարհային ցանցերը վերահսկելու նպատակով, կներքաշի դիվերսիոն խմբեր: «Հայկական գունդը բերվելու է մարտական բարձր պատրաստականության աստիճանի, ապա  խորքից առաջ շարժվելով հարձակվելու է ընթացքից՝ հարված հասցնելով հիմնական ուղղություններում ու  բնագծերում: Ջախջախելու է դիմադրող հակառակորդին, այնուհետեւ շարունակելու է հարձակումը արեւելյան եզրին տիրելու համար: Զարգացնելու է  հարձակումը` զբաղեցնելով նոր բնագծեր եւ անցնելու է պաշտպանության»,-վստահ զեկուցում է գեներալ-մայորը:

Եվ ահա շեփորահարը ազդարարում է զորավարժությունների մեկնարկը: Սկսվում է գրոհի հրետանային նախապատրաստությունը: Հրետանին փակ կրակային դիրքերից կենտրոնացած կրակով խոցում է հակառակորդի կենդանի ուժը և տեխնիկական միջոցները պաշտպանության առաջնագծում:  Գործի են դրվում «Ակացիա» ինքնագնաց հաուբիցներ, 122 մմ-ոց Դ-30 հաուբիցներ եւ 82 մմ ու 120 մմ-ոց ականանետներ: Զորավարժության հրետանու պետ, փոխգնդապետ Հայկ Միրզոյանը ակնհայտորեն գոհ է մարտական կրակի նախնական արդյունքներից. «Դիպուկ գործելու համար առաջին հերթին անհրաժեշտ է չշտապել, պահպանել հոգեբանական եւ հոգեկան հավասարակշռությունը, ճշգրիտ կատարել հաշվարկները»: Երկար խոսելու ժամանակ չունի: Սկսվում է կրակային երկրորդ տարափը: Հրետանու կենտրոնացված կրակով պաշտպանության մոտակա խորությունում խոցվում են հակառակորդի կենդանի ուժը և կրակային միջոցները: Հակատանկային միջոցների ուղիղ նշանառության կրակով ոչնչացվում են տանկեր եւ այլ զրահապատ օբյեկտներ պաշտպանության առաջնագծում: Դիպուկ են գործում 2Ս3 ինքնագնաց դիվիզիոնը, «Մետիս» ՀԿՀՀ եւ նռնականետային ջոկերը: Երրորդ կրակային փուլում խոցվում են հակառակորդի նոր հայտնաբերված հրետանային եւ ականանետային մարտկոցները: Կրակում են ԶՈՒ 23-2 զենիթային կայանները: Վաշտերի եւ դասակների շարասյուները անցնում են ծավալված բնագիծ:

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ ԾԱՆՐ ՀԱՐՎԱԾ ՀԱՍՑՎԵՑԳնդի հրամանատարը խնդիր է առաջադրում` հակառակորդի ականադաշտերում պայթեցման միջոցով բացել անցումներ: Աջ թեւում, օգտվելով տեղանքի նպաստավոր՝ քողարկիչ առանձնահատկություններից, գրոհը իրականացվում է ուժերի եւ միջոցների նախօրոք մոտեցմամբ, իսկ ձախ թեւում` խորքից առաջխաղացմամբ իրականացնելով միաժամանակյա գրոհ: Համապատասխան ազդանշանով սկսվում է առաջին շարակազմի ստորաբաժանումների դուրսբերումը գրոհի անցման բնագիծ: Մոտոհրաձգային ստորաբաժանումների անձնակազմը հակառակորդին գրոհում է շղթա կազմած` տանկերի մարտական գծի ետեւից: Սկսվում է գրոհի հրետանային աջակցումը: Խոցվում են հակառակորդի կենդանի ուժը եւ կրակային միջոցները անմիջապես գրոհող ստորաբաժանումների դիմաց: Քիչ անց ստորաբաժանման հրամանատարները զեկուցում են` տիրել են հակառակորդի պաշտպանության առաջնաեզրը:

Համազորային ստորաբաժանումները, գրավելով հենակետերը, արագ շարժվում են դեպի խորք: Ուժեղացված զենիթային միջոցներն իրականացնում են տեղաշարժ դեպի նոր կրակային դիրքեր: Միաժամանակ գնդի հարձակման ձախ թեւում գումարտակի ուժերով իրականացվում է հակառակորդի հակագրոհի կասեցում: Գումարտակը պետք է ջախջախի հակառակորդի պաշտպանվող բրիգադի ստորաբաժանումները, իսկ գնդի աջ թեւում հակառակորդը համառ դիմադրություն է ցուցաբերում: Կողային հարվածներով, սակայն, ոչնչացվում են նրա ուժերը: Հերթը օդուժինն է: ՄԻ-24 հարվածային երկու ուղղաթիռները խոցում են հակառակորդի տանկերը եւ այլ զրահապատ օբյեկտները: Երկրորդ շրջապտույտի ժամանակ խոցում են հակառակորդի կենդանի ուժը եւ կրակային միջոցները խոշոր տրամաչափի գնդացրով: Գործի է դրվում նաեւ «Ֆագոտ» հակատանկային կայանքը, և հակառակորդի հակագրոհող տանկը ոչնչացվում է:

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ ԾԱՆՐ ՀԱՐՎԱԾ ՀԱՍՑՎԵՑՀարձակման զարգացման համար անհրաժեշտ է մարտի մեջ ներգրավել երկրորդ շարակազմը: Ինքնագնաց հրետանային դիվիզիոնի կրակային նախապատրաստությունից հետո երկրորդ շարակազմը առաջ է շարժվում առավելագույն արագությամբ, այնուհետեւ ծավալվում: Սրընթաց գրոհում է հակառակորդին եւ կատարում առաջադրված խնդիրը: Առաջին շարակազմն էլ շարունակում է հարձակումը ճշտված ուղղություններով: Զորատեսակների տարբեր ստորաբաժանումների արդյունավետ եւ ճշգրիտ փոխգործակցության շնորհիվ մեր ուժերը ջախջախում են հակառակորդի ստորաբաժանումները: Գնդի անձնակազմը բարենպաստ բնագծում անցնում է պաշտպանության՝ պատրաստ ցանկացած պահի շարունակելու հարձակումը:

Զորավարժությունն ավարտված է: Պատասխանատուները արձանագրում են՝ զինծառայողները ցուցադրել են պատրաստվածության բարձր աստիճան: Իսկ թերացումները մանրամասն կքննարկվեն առաջիկայում:

 

Ժամը 13:50

Խրախուսում

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ ԾԱՆՐ ՀԱՐՎԱԾ ՀԱՍՑՎԵՑԶորքը «Տողան» ազդանշանով շարժվում է պարգեւատրման համար նախատեսված հատված: Թեեւ մասնակիցները հոգնած են, նրանց համազգեստը, զինվորական կոշիկները  ծածկված են զորավարժադաշտի դեղին փոշու հաստ շերտով, բայցեւայնպես, տղաների դեմքից կռահում եմ` հպարտ են ու ոգեւորված:

-Մնացական Հայրապետյան,-ներկայանում է զինվորը: Նա առաջին անգամ էր մասնակցում զորավարժության, առաջին անգամ էր կրակում «Մետիս» ՀԿՀՀ-ից:-  Անհանգստանում էի, բայց, գրեթե վստահ էի, որ կստացվի: Ներդրել եմ իմ ամբողջ ուժերը, կենտրոնացրել այն գիտելիքները, որ ձեռք էի բերել ուսումնական զորամասում: Գերազանց արդյունք արձանագրեցի: Խոցեցի թիրախը` տանկը: Մի խոսքով, այսօր վերջապես զինվոր դարձա…,- վստահ ասում է Մնացականը:

Իշխան Դանիելյանը նույնպես առաջին անգամ էր գործնականում փորձարկում իրեն ամրակցված «Ֆագոտ» հակատանկային հրթիռային համակարգը. «Սպասում էի այս կրակոցին: Շատ լարված էի, բայց կարողացա մի արկով խոցում իրականացնել: Այդ պահին աշխարհն իմն էր»,-ժպտում է զինվորը:

Շարքային Արման Ավետյանն էլ գոհ-գոհ ուսին է գցում ՌՊԿ գնդացիրը.  «Ոչնչացրել եմ հակառակորդի կենդանի ուժը: Անցած անգամ մասնակցում էի պաշտպանական մարտավարությամբ զորավարժության: Հարձակումն ինձ ավելի է դուր գալիս: Պատրաստ ենք կռվելու իրական թշնամու դեմ»:

Հնչում է «հավսար-զգաստ» հրահանգը, որից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  խրախուսական նվերներ է հանձնում զորավարժությանը ակտիվ մասնակցություն ցուցաբերած սպաներին ու ժամկետային զինծառայողներին, շնորհավորում ուսումնամարտական խնդիրը հաջող կատարելու կապակցությամբ. «Այսօր, շնորհիվ հայկական բանակի, մեր ժողովրդի անվտանգությունն ամուր ձեռքերում է: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ որևէ մեկը չփորձի խաթարել այդ անվտանգությունը: Որքան էլ մեր զորքի մարտունակությունը բարձր է, բայց մենք ամեն օր պետք է ձեռք բերենք նոր գիտելիք, պետք է կարողանանք մեր սպառազինությունից առավելագույնը քամել, որովհետև սպառազինությունը ինքնին ոչինչ է: Սպառազինությունը դառնում է զենք, երբ սպան ու զինվորը տիրապետում են այդ զենքին»,-իր ելույթում ընդգծեց նախագահը:

 

ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Լուս.` ԱՐԵԳ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ