Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՑԱԽՅԱՆ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ



Երաշտը դադարեց, երբ Եսայի կաթողիկոսի նվիրած եկեղեցու զանգը գյուղ վերադարձրին

 

13-1-1Շահումյանի Գյուլիստան /Վարդնուտ/ գյուղում մի անգամ ուժեղ երաշտ է սկսվում։ Տարօրինակ բան. մոտակա գյուղերում առատ, բերքատու անձրեւներ, մեր գյուղում` երաշտ: Աստված ինչու՞ հավասարաչափ խնամարկու աչքով չի նայում իրենց գյուղին էլ: Մտածում էր գյուղի կոլտնտեսության նախագահ Վարդգես Հովասափյանը եւ մի գիշեր իր հարցերի պատասխանը տեսնում է երազում:

Ահա գյուղի տարածքներից դուրս բոլոր կողմերում համատարած անձրեւ է, գյուղի  սահմանից ներս` անձրեւը կտրվում է։

Վարդգես Հովասափյանը շփոթված էր այս զարմանալի երեւույթից, երբ տեսնում է սպիտակահեր մի ծերունու։ Վարդգեսը նրան հարցնում է. «Այս ի՞նչ զարմանալի բան է, միշտ մեր սարերում առատ անձրեւներ են եկել, իսկ հիմա անձրեւները միայն մյուս գյուղերի վրա են իջնում, գալիս, հասնում են մեր սահմանին ու կտրվում են. մեր հողերը մնում են պապակ»։

Սպիտակահեր ծերունին պատասխանում է. «Զարմանալի ոչինչ չկա. որդի՛, ձեր գյուղի բաժին անձրեւը դուք կողքի գյուղերին եք տվել»։

Ինչպե՞ս են տվել, ի՞նչ են տվել. բնական է՝ Աստծու բարեհաճության հետ կապված խնդիր է: Եվ նախագահը հիշում է, որ իրենց գյուղի եկեղեցու զանգը շրջկենտրոնի թանգարանին են նվիրել: Եկան խնդրեցին, տվեցինք:

Եվ Վարդգես Հովասափյանը հաջորդ օրն շտապում է շրջկենտրոն, թանգարանից ետ վերցնում իրենց զանգը, բերում Գյուլիստան /Վարդնուտ/։

Երբ գյուղամիջում կանգնեցնում է մեքենան, զանգը գրկած իջնում, բոլորը հավաքվում են։

Շատերը կարոտով համբուրում են զանգը:

Իրենց գերի տարված հաջողությունը, իրենց սրբությունը ետ բերեցին: Օրհնյա՜լ լինի:

Տարեց Խոսրով Սեփյանը զանգի պատմությունն է պատմում հավաքվածներին, որ դա գյուղի եկեղեցու  2-րդ զանգն է՝ Եսայի կաթողիկոսի նվերը: Եվ Հավաքվածները կարդում են զանգի եզրերին գրված  կաթողիկոսի ընծայագիրն ու Սեփյանի ասածները հաստատում։ Իրավ է. զանգը կաթողիկոսական ընծայագրով է:

Զանգը գյուղ վերադարձվելուց հետո Վարդնուտում երաշտը դադարեց: Աստծուց տրված գյուղի բաժին անձրեւները կրկին գյուղ վերադարձան:

Կիմի պատմած այս վկայությունը եղելությունից վերածվում է պարզ, հասկանալի եւ օգտակար մի խորհրդի. հաճախ մենք էլ մեր կարճատեւ կյանքի ընթացքում մեզ համար թանկ մի բան, մեր սրբությունը, մեր «եկեղեցու զանգը» նվիրում այլոց, ինքներս զրկելով  մեզ նախախնամության անձրեւներից: ՈՒստի բաներ կան կյանքում, որ Աստուծով քոնն են, քո գյուղինը, քո հայրենիքինը, եւ այլոց թանգարաններին տալ չի՛ կարելի:

Խորագիր՝ #12 (1183) 29.03.2017 - 04.04.2017, Հոգևոր-մշակութային


29/03/2017