Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՄՈՐ ՆԱՄԱԿԸ ԶԻՆՎՈՐ ՈՐԴՈՒՆ
ՄՈՐ ՆԱՄԱԿԸ ԶԻՆՎՈՐ ՈՐԴՈՒՆ

ՄՈՐ ՆԱՄԱԿԸ ԶԻՆՎՈՐ ՈՐԴՈՒՆԲարեւ, իմ զինվո՛ր որդի

Արդեն մոտ երկու ամիս է, ինչ անցել ես ծառայության եւ քո պարտքն ես կատարում հայրենիքի առջեւ՝ պահպանելով մեր սահմանները: Կարծես երեկ լիներ, երբ ձեռքիցդ բռնած քեզ դպրոց էի ուղեկցում, ու բոլորի հարցին, թե՝ ի՞նչ ես դառնալու, հպարտ ու անվեհեր պատասխանում էիր՝ զինվոր եմ դառնալու եւ ավելացնում էիր. մա՛մ ջան, ես զինվոր կդառնամ ու կպաշտպանեմ հայրենիքս, պապային ու քեզ, դու չվախենաս:

Հիմա ես իսկապես չեմ վախենում, իմ պաշտպան տղա, քանի որ քեզ նման առյուծ տղաներն են կանգնած մեր սահմաններին՝ հզոր ու անկոտրում:  Տղա՛ս, սրտիս յուրաքանչյուր զարկով քեզ ու քո զինակից ընկերներին եմ պարտական, որովհետեւ արհամարհելով դժվարություններն ու վտանգները, անսասան եք պահում հայրենի սահմանները: Յուրաքանչյուր լուսաբաց ինձ համար սկսվում է աղոթքով առ Աստված, որ նա զորավիգ լինի ձեզ ու պաշտպանի թշնամու գնդակից: Երբ զենքը կրծքիդ սեղմած գիշերներ ես լուսացնում՝ հսկելով սահմանը եւ ապահովելով մեր երկրի խաղաղությունը, հիշի՛ր, տղա՛ս, որ դու կհաղթահարես ցանկացած դժվարություն. իմ մայրական աղոթքն ու օրհնանքը կպաշտպանի քեզ:

Իմ զինվո՛ր տղա, բուռն են զգացմունքներս. կարոտած սիրտս արցունք է քամում աչքերիցս, հպարտությունս էլ ժպիտ է բերում դեմքիս: Հպարտ եմ, որ քեզ նման զինվորի մայր կոչվելու իրավունքն ունեմ: Տղա՛ս, քեզ ու քո զինակից ընկերներին այս տագնապալի ու պատասխանատու ժամանակաշրջանում խիզախություն եւ կորով եմ մաղթում, որ հաղթահարեք բոլոր զրկանքներն ու դժվարությունները: Ձեր բազկին՝ ուժ, մտքին՝ աչալրջություն: Թող հայրենյաց սահմաններում արշալույսները միշտ խաղաղ բացվեն:

Սպասում եմ քեզ, քո հաղթանակած ու պանծալի վերադարձին:

Համբուրում եմ՝ քո մայր Լուսինե