Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԿՈՐՆԳԱՆԻ ԾԱՂԻԿԸ
ԿՈՐՆԳԱՆԻ ԾԱՂԻԿԸ

ԿՈՐՆԳԱՆԻ ԾԱՂԻԿԸ«Գյուղի անունը Ծիլքար էր: Գյուղը փոքրիկ էր, ու մարդիկ ապրում էին մի ընտանիքի պես` հոգս ու ցավ, հաց ու ուրախություն կիսելով: Ու երջանիկ էին: Գյուղը լեռ ու քարի մեջ էր, գյուղում 7 ամիս ձմեռ էր, ձմռան հետ ճանապարհները փակվում էին, շենը կտրվում էր աշխարհից ու դառնում մի փոքրիկ Սպիտակ թագավորություն: Ծիլքարում մարդիկ ցորեն էին ցանում՝ արեւի պես արդար ցորեն: Ու երբ կորնգանի ծաղիկը ծաղկում էր` գյուղի ջահելները սիրահարվում էին…»:

…Այսքանը գրել եմ, թղթերը թողել գրասեղանիս ու հեռուստացույց եմ նայում:

Մայրս մոտենում է ու սկսում կարդալ:

-Հեքիա՞թ է,- հարցնում է մայրս:

-Չէ՛, ֆանտաստիկա,-պատասխանելուց հետո եմ գլխի ընկնում, որ մայրս հոդվածի մասին է հարցնում, ոչ թե կինոյի:

-Մա՛մ, կյանքը մի մեծ հեքիաթ է,- փիլիսոփայում եմ:

-Հինգ տարեկան երեխա չես` այլմոլորակայինների մասին ֆիլմ ես նայում: Վե՛ր կաց, հոդվածդ գրիր,- մայրս անջատում է հեռուստացույցը, ու ես հասկանում եմ, որ այլընտրանք չկա` պիտի շարունակեմ գրել:

-Սա ո՞նց ես կապելու բանակի հետ,- մայրս բարձրաձայն կարդում է գրածս:

Այնքան անհույզ է կարդում, որ ես անկեղծորեն վիրավորվում եմ:

-Մա՛մ, իմ սիրելի մայրիկ, այս հեքիաթի մեջ ես մի արքայազն կդնեմ: Նա բարի կլինի, ազնիվ, խելացի, աշխատասեր, համարձակ: Ու երբ թշնամին հարձակվի Սպիտակ թագավորության վրա, արքայազնը զենքով կպաշտպանի հարազատ հողը ու կխոցվի թշնամու գնդակից… Տեսա՞ր` ոնց կապվեց բանակի հետ:

-Ես Էդգարի մասին եմ հարցնում` զինվորի, որի հայրը` Ադամը, երեք օր առաջ մեր տուն էր եկել ու իր որդու մասին էր պատմում: Ասում էր` ապրիլյան պատերազմին է մասնակցել: Ի՞նչ արքայազն, ի՞նչ Կորնգանի ծաղիկ:

Ես ակամա ժպտում եմ, որովհետև մորս բարկացած հայացքը ինձ տանում է անցյալ, երբ ասում էր` «Բոռը» ցած դիր ու քիմիայի խնդիրները լուծիր, ո՞նց ես բժշկական ինստիտուտ ընդունվելու…

-Գրածս հենց Էդգարի մասին է, մա՛մ,- ասում եմ,- ու հեքիաթ չէ: Բացարձակ ճշմարտություն է:

Մայրս դուրս է գալիս սենյակից: «Ադամը…»: Ես փակում եմ աչքերս: Ասես սեղմում եմ կախարդական կոճակը, ու «էկրանին» հայտնվում է զինվորի հայրը:

-Ես ինձ երբեք չեմ ների, որ գերազանցիկ տղաս ստիպված եղավ վերջին դասարանից թողնել դպրոցը ու աշխատել, որ հոգա ընտանիքի հոգսերը: Իմ բեռն իր ուսերին առավ: Կյանքում պիտի պատրաստ լինել ամեն ինչի: Ոչինչ հավերժ չէ` ո՛չ փողը, ո՛չ հարստությունը, ո՛չ առողջությունը: Այսօր վերեւում ես, վաղը կարող ես հայտնվել ամենաներքեւում: Ես մեր շրջանի դատախազի տեղակալն էի: Ընտանիքս ոչ մի բանի կարիք չուներ, միակ տղաս արքայազնի պես էր ապրում: Բայց ամեն ինչ գլխիվայր շրջվեց, երբ կորցրի աշխատանքս: Ու մենք ընտանիքով սկսեցինք անասուն պահել` ես, կինս, 10 տարեկան Էդգարս: Մեկս մյուսին թիկունք եղանք, իրար հույս տվեցինք, ասինք` աշխատանքը մարդու համար է: Երեկ դատախազի տեղակալ էի, այսօր անասուն կպահեմ, ի՞նչ կա որ: Բայց կարկուտը ծեծած տեղն է ծեծում. անասունները դաբաղ կպան ու սատկեցին: Էդգարս բացարձակ գերազանցիկ էր, բայց թողեց ուսումը: Խոհարարի գործ գտավ, սկսեց աշխատել: Աղջիկս նոր էր ծնվել, կինս երեխային էր խնամում, ես էլ հիվանդ էի, ընտանիքի միակ կերակրողը Էդգարն էր:

…Տղայիս կրծքավանդակի վրա բռնցքաչափ փոս կա: Էդ հատվածում երբեմն ցավեր էր ունենում: Ասի` Էդգար ջան, զինկոմիսարիատի բժշկին ասա, որ ցավեր ունես, կարող է` բանակ չտանեն: Որ դու բանակ գնաս, մեզ համար դժվար կլինի. ո՞նց ենք ապրելու: Ասաց` պա՛պ, ես ծառայելու եմ, համակերպվիր էդ մտքի հետ: Պիտի երկու տարի յոլա գնաք առանց ինձ: Ու զինկոմիսարիատի բժշկին չասաց, որ ցավեր ունի…

…Ես պիտի շարունակեմ հեքիաթը Կորնգանի ծաղկի մասին: Որովհետև կյանքում ամենակարևորը Կորնգանի ծաղիկն է: Որովհետև ամեն մեկս ունի իր Կորնգանի ծաղիկը, որի համար պատրաստ է սխրանքի ու ինքնազոհության:

«Մի օր լուր է տարածվում, թե հարեւան երկիրը իր բազմաքանակ զորքով ներխուժել է Սպիտակ թագավորություն, որ ոտնակոխ անի Կորնգանի ծաղիկը: Արքայազնը զենք ու զրահ է կապում ու գնում փակելու թշնամու ճանապարհը: «Նա կրակում էր: Անընդհատ կրակում էր: Հակառակորդի զինվորներն ընկնում էին, բայց ասես գետնի տակից նորերն էին բուսնում: Այնքան շատ էին: Հանկարծ սուր ցավ զգաց: Ինչ-որ բան ծակեց ուսը: Պարանոցն սկսեց այրվել, արյունը ներկեց հագուստը: Հետո… կրակոցի ձայները հեռացան: Ցավը անհետացավ, ու երանելի թմբիր իջավ վրան: Աշխարհը ձուլվեց, դարձավ մի փոքրիկ լույս… Կորնգանի ծաղիկը ճոճվում էր այդ լույսի մեջ ու բուրում էր մանկության պես քաղցր ու անուշահոտ:

…Արթնացավ ինչ-որ աղմուկից: Տղամարդու խռպոտ ձայնն ասում էր.

-Ընդամենը երկու միլիմետր` մի աննշան շեղում, ու գնդակը կկտրեր մայր երակը: Փրկելն անհնար կլիներ:

«Ո՞ւմ երակը»:

-Իսկ ո՞ւսը, բժի՛շկ: Այս ահռելի անցքը վտանգավոր չէ՞,- կնոջ ձայնը լացակումած էր: Ո՞վ էր: Չճանաչեց:

-Այդ անցքը կփակվի, մի՛ հուզվեք:

Աչքերը չէին բացվում: Խոսելու ճիգից սրտի զարկերն արագանում էին: «Մենք հաղթեցի՞նք: Ինչ-որ մեկը կասի՞: Տղաները ո՞նց են: Դիրքը պահեցինք, չէ՞»:

-Վիրահատությունն սկսում ենք,- նույն խռպոտ ձայնն էր:

…Հետո մի հերարձակ աղջիկ գույնզգույն փեշերը քամուն տված վազում էր Կորնգանի ծաղկած արտի միջով»:

 

ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ