Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՂԱՆԴԱՀԱՐ
ՂԱՆԴԱՀԱՐ

Սկիզբը՝ նախորդ համարներում

 

ՂԱՆԴԱՀԱՐԻՆՔՆԱԳԼՈՒԽ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ

 

Թեյախմություն` Սպիտակ տանը

Նշանակված ժամին, երբ դաշտային լազարեթում բուժանձնակազմն ու հիվանդները պառկել էին քնելու, Նուդդինն ինձ սպասում էր վերստացույց սյան մոտ։

-Ձեռինդ ի՞նչ է, ի՞նչ կա տոպրակում, տուր՝ պահեմ, հրամանատա՛ր,- ինձ տեսնելուն պես գործի դրեց շոշափելիքն ու հոտոտելիքը։

-Խալխի ապրանքի մեջ քիթդ չխոթես,- մարեցի նրա հետաքրքրասիրությունը։

-Մե՛ր տուն ենք գնում, ուրեմն մե՛զ համար է։

-Քեզ համար չի՛, դու քո փայ բորշը վաղուց կերել ես։

Նուդդինն այլեւս ձայն-ծպտուն չհանեց՝ քեն քշելով մինչեւ վերջ։

Նա լուռ քայլում էր առջեւիցս՝ լապտերի լույսը գցելով երկար միջանցքի մեկ աջ, մեկ էլ ահյակ շարքի դռներին, որոնց վրա վազում էին ահաբեկված խավարասերները. նողկալի տեսարան էր, ինչն էլ ինձ, չգիտես ինչու, քննչական մեկուսարանի անձուկը հիշեցրեց, թեպետ ինքս երբեւէ չեմ ենթարկվել քրեական  պատասխանատվության, մեկուսարանի ներսն էլ ինձ համար մութ անտառ է։ Պարզապես, աքսորականի ժառանգ լինելով, նեղ տարածությունների հանդեպ սարսափը ենթագիտակցորեն հոսում է նաեւ իմ երակներում՝ անցնելով հորից որդի։ Հանկարծ մթության մեջ ինչ-որ տեղից դուրս պրծավ գազազած մի այծ եւ սկսեց կուրորեն պոզահարել ու քացի տալ։ Նուդդինը պատանի ցլամարտիկի պես բռնեց կատաղի  կենդանու կոտոշներից եւ հրեց-մտցրեց իր  կացարանը։ «Հը՜, վախեցա՞ր, հրամանատար,- գոռոզացավ տղան։ -Մուսլիմը հեռվից հեռու օտարի շունչը տանել չի կարող, որտեղ էլ լինի, կոտոշը տնկում, վրա է տալիս, որ փորը թափի։ Փոքրուց չի սիրում անօրեն շուրավիին»,- խայթեց թունավոր մոծակը։

Միջանցքում մանր եղջերավորների կճղակահոտի ու հաշիշածխի յուրահատուկ սինթեզից անտանելի  խեղդուկ էր գոյացել, եւ տհաճ էր շնչելը։ Ու թեպետ առաջին իսկ րոպեներից հիասթափությունս խորքային էր, բայց եւ այնպես ուսանելի առիթ էր չկայացած մի արեւելագետի համար համակողմանի ծանոթանալու միջին դասի աֆղանցու  կենցաղավարությանը ներսից։

Կանգ առանք ձախ թեւի դռներից վերջինի մոտ։ Դռան վրա ստվարաթղթե ցուցանակ կար փակցված, որին ինքնագովազդի ոճով գրված էր. «Կերոսին, լուցկի, չոր սպիրտ, պատրույգ, ամերիկյան ծամոն, վարդի յուղ…  Համեցեք, այստեղ ձեզ կսպասարկեն էժան տարիֆներով, Ֆարուխ Լաֆրայը  պատվելի վաճառական է, գնորդին չի նեղացնի»։ «Մի սրան տեսեք, կանտորա է բացել, սպասարկո՜ւմ է, էժան գներո՜վ…»,- մի տեսակ ինձ խոցված ու խաբված զգացի՝ առաջարկվող տեսականու շարքում կարդալով  խորհրդային արտադրության ապրանքների ցանկը։ Նուդդինը ոտքով հրեց դուռը եւ ներս մտավ։ Ես մնացի բաց դռան շեմքին կանգնած։

Դիմացի պատին` կիսախավարում, կերոսինե լամպի թարթոցի տակ թրթռաց ինչ-որ մեկի կռացած ստվերը, որ փառաբանական ձոն էր հղում Ալլահին ու սրբերի դասն անցած ինչ-որ իմամների։ Նամազի ավարտական, ջերմեռանդ վանկարկումների միջոցին  սենյակի կենտրոնական հատվածում անակնկալ հայտնվեցին մի ճերմակ ուլ ու մի մաքի եւ հայիլ-մայիլ կտրած՝ իրենց ապակյա-հավկուր աչքերը հառեցին դռան խորշին՝ ինձ։ Հետո անասնական երկյուղ զգալով՝ իսկույն էլ ցանվեցին այս ու այն կողմ։

-Հայրի՛կ, հրամանատարը եկել է,- վերջապես «ծանուցեցին ուրախալի լուրը»,- դռանը կանգնել, ներս չի գալիս… Էրեսատեղ չունի,- նորից կծեց անպատկառը։

Որդու խոսքերը սառը ցնցուղ ազդեցին հոր վրա, քանի որ կերպարանքս դեռ չտեսած՝ իր շողոքորթ բնույթին հավատարիմ, Ֆարուխը միանգամից դերի մեջ մտավ.  «Հարգանացս հավաստիքը թանկագին հյուրին, համեցեք մեր համեստ տունը, հրամանատար, շնորհակալ եմ, որ մարդատեղ դրեցիք, աստված է վկա՝ մեծ պատիվ է մեզ համար»։ Թեւիցս բռնելով՝ Ֆարուխն ինձ քարշ տվեց սենյակ: Փայտած հատակին ոտք դնելուս առաջին իսկ վայրկյաններից մի այնպիսի անսովոր… անբնական զգացողություն ունեցա, որ կարծես քայլում էի մոմած գետնի վրայով։ Սապոգներիս տակ խուլ  ճզմվում էր անհայտ ծագման ինչ-որ կպչուն զանգված, եւ երբ աչք ածեցի սենյակի քիչ թե շատ լուսավորված անկյունները, հասկացա, որ տրորում եմ Ֆարուխի տանը բնակվող չորքոտանիների կտիտը։ Մարմնովս մեկ զզվանքի քոր բռնեց։

-Ասսալոմ ալեյքոմ իմ բարեկամ Ֆարուխ Լաֆրային՝ Ղանդահարի ամենահաջողակ վաճառականին,- ողջունեցի հավուր պատշաճի։ Ճարահատ:

-Ալեյքում ասսալոմ, ալեյքում… ուր էր, թե էդպիսի բախտ ունենայի,- ջարդ ու կտոր եկավ։

Բնակարան կոչվածը, որ քաղաքակրթական չափանիշների տեսանկյունից զուրկ էր տարրական պայմաններից ու հարմարավետությունից, մի ուղղանկյուն սենյակ էր՝ մեկ շրջանաձեւ լուսամուտով, կամարակապ ելքով դեպի բացօթյա պատշգամբ եւ մի թուրքմենական գործվածքի շղարշով  վարագուրված որմնախորշով, որը հավանորեն որպես քիլար էր ծառայում։ Սենյակի պատերին, հիս անող նավթալամպից զատ, կախված էին մի ձեռագործ կարպետ եւ մի կեռ թուր` կեղծ քարերով զարդարուն։ Թրով պատի տակ՝ հատակին, փռված էր պարսկական խալիչան, որի մեջտեղում դրված էր հնամենի, դրվագանախշ նարգիլեն՝ վրան փորագրված ինչ-որ այաթ ղուրանից: Այսուհանդերձ, աֆղանցու բնակարանն ինձ «հավի տոտերով» խրճիթ էր հիշեցնում, որում հաշտ-համերաշխ ապրում էին մի ճերմակ ուլ, մի այծ, քույր-եղբայր եւ նրանց հայրը։ Աղջիկը, որին նորից տեսնելու անհագ ձգտումն ինձ մղել էր  հյուրընկալվելու «պայմանական թշնամուս» տանը,  առայժմ ոչ մի տեղ չերեւաց։

Հոր հորդորով Նուդդինը պատշգամբ տարավ տանու կենդանիներին։  Ֆարուխը սիրալիր առաջարկեց թիկն տալ խալիչայի եզրերով շարված մութականերին եւ ինքն էլ կարեւոր գործով դուրս գնաց անասունի հետեւից։ Վերադառնալով՝ նա իր հետ բերեց տոչորուն անուրջներիս փերիին, որ քնաթաթախ տրորում էր խոշոր, նշաձեւ աչքերը։

-Նասիմեն սիրում է քուն մտնել բաց երկնքի տակ,- թատերականացված ներկայացրեց հայրը,- անվերջ նայում է երկնքի աստղերին, փնտրում է իր բախտի աստղը, մինչեւ որ քունը կտանի։ Իմ Նասիմեն երազկոտ աղջիկ է, հրամանատար…

Երազներիս թագուհին հագել էր ազգային տարազի երկար, ճերմակ փեշ, որի ընդարձակ չափսերը երեւան էին հանում նրա կազմվածքի հիվանդագին նիհարությունը, ինչպես ուռի դալար շյուղ։ Եվ միայն աղջկական-ջահել կուրծքն է, որ վաղահաս խաղողի ողկույզների պես արեւից ուռճացել, մատնում էր կանացի փթթուն հրայրքները։ Արեւելքում կանայք շատ շուտ են հասունանում (հասունանում եւ իսկույն էլ թոշնում են բազմազավակ մոր չարքաշ բեռի տակ)։

-Բարեւիր թանկագին հյուրին, աղջիկս, հիշո՞ւմ ես՝ հրամանատարն ինձ ու քեզ փրկեց անօրեն շուրավիի ձեռքից (սիրտս ցավեց տղերքի համար),  խոնարհվիր եւ մեզ  ամենաընտիր թեյից մատուցիր,- պատվիրեց Ֆարուխը։

-Մոդշաքերամ, մոդշաքերամ,- անսպասելի ընկնելով ոտքերս՝ Նասիմեն սկսեց համբուրել սապոգներս, ձեռքերս՝ լալագին կրկնելով,- շնորհակալ ենք, շնորհակալ ենք, որ չթողեցիք մեզ սպանեն, դուք ամենաբարի շուրավին եք, ամենալավը… Երկնավոր տերը ուղարկեց ձեզ… Դուք մեր փրկիչն եք, հրամանատար։

Թե բարոյական ինչպիսի տառապանք ապրեցի, դժվար է նկարագրել, միայն հիշում եմ՝ ես կյանքումս առաջին անգամ ինձ դավաճանածի ստորին վիճակում զգացի, որին հենց նոր ներում էին շնորհել ուրիշների կյանքի հաշվին։

Այն չարաբաստիկ օրը՝ Սատանի կամրջին, ինքս ինձ «բարեգութ լինելու առանձնաշնորհ էի թույլ տվել», ինչն էլ այս խեղճուկրակների աչքին  հավասարազոր էր Աստծու ողորմածությանը: Ես նրանց «Փրկիչն» էի։ Այնինչ տղերքի հիշատակի առաջ չմեղանչելու համար հարկ է խոստովանել. գուցե թե ճակատագրական մի պահի Ֆարուխի հակերում մխիթարություն չգտնելով՝ իրենք իրենց բախտից խռով, իրենք իրենցից վրեժ լուծելու նման, չգթային թե՛ հորը եւ թե՛ աղջկան, ինձ էլ գուցե հակա դուրս բերեին… բայց մի բան հաստատ է՝ տղերքը դեռ չէին պատրանքազրկվել եւ ընդունակ էին հավատալու քիչ թե շատ սփոփիչ մի ստի, որը ես էի մոգոնել՝ «Նասիմեն իմ քո՜ւյրն է…», որի այլաբանությունն ընկալելու համար նրանց ուղեղները շատ էին չարչրկված… Տղերքն ինձ հավատացին, որովհետեւ դեռ չէր խաթարվել նրանց հավատի կենտրոնը, որում ննջում էր Սուրբ Հոգին: Միայն ափսոս՝ իրենց ջահել կյանքից բան չհասկացան՝ կարոտ հայացքները պարզած երկինք, որը ՍՊԱՍՈՒՄԻ սպիտակ գույնն ունի…

…Դու վաղո՜ւց, շա՛տ վաղուց մեզ չես երեւացել, Տեր, որպեսզի գոնե մեր երեւակայության մեջ կարողանայինք վերարտադրել քո իրական-հեռվամոտ ներկայությունը։ Պահպանիր  արարչական իրավունքներդ, տեր եղիր մոլորյալներիս հոտին… Թե չէ շատ ավելի հեշտ է, ամպի վրա գահավորակի մեջ բազմած, պատուհասել պատերազմներով, երաշտներով  ու համաճարակներով՝ պնդելով, թե՝ «չեն արդարացել մարդկային ցեղի հանդեպ փայփայած նվիրական հույսերդ»։ Եվ մի՞թե աֆղանցի աղջկա աղերսը Երկնավոր Հորը չէր առաքված, երբ աղոթքի պես մրմնջաց. «…Դուք մեր փրկիչն եք»՝ ի դեմս ինձ «ճանաչելով» քո  ներկայիչ-նվիրակին այս  անառաքյալ, ոտնակոխ արված երկրում։ Այստեղ շատերի կյանքն է սպասման մեջ անցնում, իսկ մահն առօրյա այցելու է։ Պաշտպանիր արարչական իրավունքներդ, ամենակալ Տեր, այլապես տղերքը կկարծեն, թե «անաշխատ պաշտոն ես վարում»: Մենք դեռ հավատում ենք հրաշքների։

-Աղջիկս ինձ անընդհատ հարցնում էր, հետաքրքրվում, թե ուրիշ ոչ մի տեղ չե՞մ հանդիպել Ղանդահարի ամենաբարի շուրավիին,- կեղծավորության սահմաններում անկեղծացավ տանտերը,- ուզում էր, որ գտնեմ ձեզ եւ հրավիրեմ մեր տուն, որպեսզի նոր թխած գաթա, հալվա անուշ անեք։ Նասիմեն շնորհքով աղջիկ է, ողորմած հոգի մորն է քաշել… -Ֆարուխի ձայնը կերկերաց։ -Խեղճը նրա մահից հետո ծանր օրեր շատ է քաշել. շարունակ վախենում է, որ մի օր մեզ բոլորիս կսպանեն… Ինքներդ տեսաք, թե ինչ ապրումներ ունեցավ։ Դուք Նասիմեի համար պահապան հրեշտակ եք… Պաշա հրամանատարն էլ ոնց որ թե վատը չի, բայց շատ աչքածակն է, հենց նա էլ հուշեց՝ որտեղ գտնենք ձեզ։

Քիչ անց ես, Ֆարուխ վաճառականը եւ նրա զավակները՝ Նասիմեն ու Բուրխանուդդինը, ծալապատակ տեղավորվել էինք պարսկական խալիչայի շուրջը, որի վրա, թեյի սպասքից ու ղայլանից բացի, դրված էր պահծու աղանդերը՝ խորիզով գաթա, բոքոն-հաց, հալվա, նաբաթ-շաքար, խուրմա եւ թզի չիր։ Արեւելյան սովորության համաձայն, թեթեւոտն չերեւալու համար ես նույնպես զինվորական օրապահիկից ինձ հետ վերցրել էի երկու տուփ մսի պահածո, երկու տուփ խտացրած կաթ, շոկոլադե սալիկ եւ մեկ շիշ հոգապահուստ հայկական կոնյակ, որը իմ անձնական խնդրանքով  բարեկամ օդաչուներն էին բերել Տաշքենդից՝ մի հիշարժան օրվա առիթով։ Զոլավոր չարքը, որ ճանապարհին հնարավոր ամեն հունար բանեցրեց իմանալու ուսապարկիս պարունակությունը, հարմար մի պահի գիշերահենի պես ճանկեց խտացրած կաթի տուփը, գրպանի դանակով ծակեց թիթեղն ու մի շնչով ծծկեց մինչեւ վերջ (նա ինձնից վրեժ էր լուծում), եւ երբ հերթը հասավ երկրորդին, ակնթարթորեն շառաչեց հայրական քոթակը, որն իջավ ուղիղ որդու վզակոթին։

-Հա՛յ, փեդարսուխթե*, հա՜,- սաստեց Ֆարուխը՝ Նուդդինի ձեռքից խլելով քաղցր կաթի տուփը։ -Մուռտառի մեկն է իմ լակոտը, հրամանատար, թողնես՝ եղածը քամուն կտա, քոռ ու փուչ կանի, փորը կլցնի,  օֆ էլ չի անի։ Ստիպված ամեն ինչ փակի տակ եմ պահում, որ չթռցնի։  Ձեզնից ի՞նչ թաքցնեմ, հրամանատար, ես ձերոնց հետ պայման եմ կապում, ապրանք եմ տալիս, ապրանք եմ առնում, որ սահմանին վաճառեմ, տարվա հագուստ-կապուստը հոգամ։ Ես ձեր պարետի հետ լեզու գտա, բանավոր թույլտվություն վերցրի՝ օդանավակայանի տարածքում առեւտրի կետ բացելու համար, բայց առայժմ  ստակս չի հերիքում, որ բեհ տամ, գործ սկսեմ, իսկ իմ լակոտի հեչ պետքը չի, մի բան էլ ինձնից է գողանում, ուրիշին է տալիս… Իմ լույս ու ճարը նա է (նայեց Նասիմեին), թե որ «մեր մեկը մի օր երկուս դառնա», էդ էլ հենց աղջկաս շնորհքը կլինի։

Նասիմեն կույսերին բնորոշ շիկնանքով եւ թեթեւակի ջղաձգությամբ թեյ էր լցնում  փիալաների մեջ, եւ հենց որ ամոթխած աչկունքը մի ակնթարթ որսում էին հմայված հայացքս, տենդագին խոնարհում էր թուխ երեսն ու շնորհակալ թոթովում. «Անուշ արեք, հրամանատար, ձեզ համար է…»: Ժպտալիս աղջկա այտերին փոսիկներ էին գոյանում՝ հոգիս լցնելով երկնային խաղաղությամբ։

-Էլ ցկա՜, պլծա՛վ,- ցինիկ ծաղրեց Նուդդինը՝ օդում թափահարելով կաթի դատարկ տուփը՝ ծակերը ներքեւ՝ իմ իսկ ջգրու։

Տանտիրոջ վստահությունից խրախուսված՝ համարձակվեցի չափի բերել պոռոտախոսին։

-Հիմի սապոգներս կհանեմ, ականջդ կմտնեմ, հա՜,- դիմեցի երեխաներին ահաբեկելու մի հին, փորձված հնարքի։

-Ի՜, ի՞նչ ես ականջմտուկի պես պինչս մտնում,- տեղի չտվեց  կարճազատը՝ ցուցադրաբար լպստելով բերանի անկյունները։

Հայրը սպառնաց վռնդել տնից։

 

Շարունակելի

 

* Շունշանորդի (պարսկ.)