Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

…ՈՐՊԵՍԶԻ ԽՈՒՍԱՓԵՆՔ ՄԻ ՆՈՐ «ԴԱՐՉՆԱԳՈՒՅՆ ԺԱՆՏԱԽՏԻՑ»



...ՈՐՊԵՍԶԻ ԽՈՒՍԱՓԵՆՔ ՄԻ ՆՈՐ «ԴԱՐՉՆԱԳՈՒՅՆ ԺԱՆՏԱԽՏԻՑ»Փետրվարի 28-ին Երևանից, Հայաստանի տարբեր բնակավայրերից ժամանած հազարավոր մարդիկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգեցին 29 տարի առաջ ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում տեղի իշխանությունների կողմից կազմակերպված ու ԽՍՀՄ իշխանությունների թողտվությամբ ու լուռ անտարբերությամբ հայազգի բնակչության նկատմամբ իրագործված կոտորածի զոհերի հիշատակը: Իշխանությունների ներկայացուցիչները, պատգամավորները, հասարակական գործիչներ միասնական էին այն հարցում, որ  պետք է ճիշտ գնահատական տրվի սումգայիթյան վայրագություններին՝ որակելով որպես ցեղասպանություն:

♦♦♦

1988 թվականի փետրվարի 27-ին Սումգայիթի Լենինի հրապարակում կոմկուսի քաղկոմի շենքի առջև հավաքված ամբոխը կոչ էր անում սպանել հայերին եւ մաքրել նրանցից քաղաքը: Ադրբեջանցիների հրոսակները սկսեցին ներխուժել հայերի բնակարանները…

Հաջորդ օրը՝ փետրվարի 28-ին, ջարդերին մասնակցած Սումգայիթի հարյուրավոր բնակիչներ կրկին հավաքվեցին քաղաքի կենտրոնական հրապարակում. այս անգամ հավաքը ղեկավարում էր անձամբ քաղկոմի առաջին քարտուղարը: Հայերի ունեցվածքի թալանը  և ոչնչացումն ընդունեց զանգվածային բնույթ:

Միայն երեք օր անց ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը կենտրոնական կառույցներին հրահանգեց միջամտել, քաղաք մտցվեցին զորքեր: Մոսկվան սկսեց հետաքննել ջարդերը: Պարզվեց, որ պողպատե ձողերը Սումգայիթի գործարանում զանգվածաբար արտադրվել էին դեռեւս հունվարին: Ջարդերից մեկ շաբաթ առաջ կազմվել էին հայերի ցուցակները, ադրբեջանցիներին նախօրոք զգուշացրել էին՝ փետրվարի 27-ից 28-ի գիշերը լույսերը չվառել, որպեսզի հեշտ լինի որոշել հայերի բնակարանները:

Փետրվարի 28-ին և 29-ին քաղաքում անջատվել էին հեռախոսները: Ակնհայտ է, որ ամեն ինչ ծրագրված էր: Անտեսելով բոլոր վկայությունները՝ խորհրդային ղեկավարությունը կտրականապես հրաժարվում էր Սումգայիթում կատարված զանգվածային սպանությունները որակել որպես ազգային ու կրոնական ատելության հողի վրա կատարված հանցագործություն: Ասել է թե՝ ցեղասպանություն:

Սումգայիթի հայության կոտորածն առաջին էթնիկ բռնությունն էր ԽՍՀՄ նոր պատմության մեջ: Սումգայիթի ցեղասպանության փաստի քողարկման և միջազգային հանրության ապատեղեկացման պատճառով Ադրբեջանի իշխանությունները շարունակեցին հակահայ քարոզչությունը, ինչը հանգեցրեց Կիրովաբադի, Բաքվի կոտորածներին, Շահումյանի շրջանի ամբողջ բնակչության արտաքսմանը, պատերազմի հրահրմանը:

1988-1990թթ. ադրբեջանական իշխանությունների իրականացրած հայերի զանգվածային ջարդերի հետևանքով վտարանդի դարձավ Ադրբեջանի ողջ հայկական համայնքը` առնվազն կես միլիոն մարդ:

Հայերի հանդեպ ցեղասպանություն իրականացրած Բաքվի ոճրագործները մինչ օրս մնում են անպատիժ: Մինչդեռ Սումգայիթի ոճրագործության մասին ողջ ճշմարտությունը հարկավոր է բարձրաձայնել, որպեսզի հնարավոր լինի խուսափել մի նոր «դարչնագույն ժանտախտից»:

 

Ասքանազ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Խորագիր՝ #09 (1180) 08.03.2017 - 14.03.2017, Պատմության էջերից


09/03/2017