Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՔՐԴԵՐԸ ՊԵՏՔ ԵՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ
ՔՐԴԵՐԸ ՊԵՏՔ ԵՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ

ՔՐԴԵՐԸ ՊԵՏՔ ԵՆ ԷՐԴՈՂԱՆԻՆՔրդական բանվորական կուսակցության փաստացի ղեկավար Մուրատ Քարայիըլան հայտարարել է, որ PKK-ն անցնում է որակապես նոր պայքարի: Նա համոզմունք է հայտնել, որ այս տարի վերջապես իրականություն կդառնա Քուրդիստան միասնական պետությունը, որին դեմ են Նեչիրվան Բարզանին (Իրաքյան Քուրդիստանի ղեկավարը) եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Այս հայտարարությունը թուրքական իշխանությունների համար քուրդ բնակչության նկատմամբ բռնաճնշումներն ուժեղացնելու լավ առիթ էր: Բնականաբար, դա հանգեցնում է քրդերի դիմադրությանը:

Քրդերի հետ ընդհարումները, թերեւս, ձեռնտու են հենց Թուրքիայի նախագահին: Հրահրելով զանգվածային ջարդեր՝ նա «արտակարգ իրավիճակ է» մտցնում այս կամ այն շրջանում, հաշվեհարդար տեսնում ընդդիմադիրների, իր հակառակորդների նկատմամբ: Քրդերի դեմ պայքարի քողի տակ Էրդողանը վայելում է հանրության բարձր վարկանիշը, պարբերաբար խրախուսում է քրդերի դեմ ռազմական գործողությունների մասնակցած զինվորականներին: «Փրկիչ նախագահի» կերպարն ավելի է ամրապնդվում:

Բռնաճնշումների վառ օրինակ է «Յորում» երաժշտական խմբի պատմությունը: Քուրդ համայնքին երգի միջոցով անհնազանդության կոչեր հնչեցնելու համար փետրվարի 22-ին Ստամբուլի դատարանը 96-օրյա տնային կալանքի էր դատապարտել խմբի բոլոր անդամներին: Մարտի 3-ին վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի որոշումը, եւ խմբի անդամների տնային կալանքը հանվել է: Խումբը երգեր է կատարում  քրդերեն, զազաերեն եւ լազերեն: Երգացանկում կան նաեւ հայերեն կատարումներ:

Նուսայբինի շրջանում թուրք զինվորականները շուրջ մեկ ամիս շրջափակման մեջ են պահում գյուղեր եւ բանավաններ: Թուրքական զինուժը փոխել է մարտավարությունը. եթե նախկինում շրջափակման մեջ էր վերցնում խոշոր քաղաքները, նույնիսկ նահանգները, ապա այժմ փորձում է գյուղերը մեկ առ մեկ մաքրել PKK-ի մարտիկներից: Որպես կանոն, շրջափակված գյուղերում թուրքական ստորաբաժանումները թիրախավորում են գյուղացիների գոմերը՝ մտածելով, որ դրանք PKK-ի ապաստարաններ են:

Զավեշտալի է, բայց քրդերի դեմ պարբերաբար դուրս են գալիս նաեւ թուրքաբնակ ադրբեջանցիները, մանավանդ՝ հայերի հետ կապված հարցերում: Վերջերս Կարսում բախում է տեղի ունեցել, որի  պատճառը եղել է հայկական մշակութային ժառանգությունը:  Կարսում հյուրանոցային ցանցեր ունեցող ադրբեջանցի գործարարը ձեռք է բերել մի տարածք, որտեղ պահպանվել են հայերեն արձանագրություններով տներ: Պայմանագրով այդ կառույցները պետք է վերականգնվեին, սակայն գործարարը որոշել է դրանք քանդել, վերացնել հայերեն գրությունները, ինչին ընդդիմացել են տեղի քուրդ բնակիչները: Քրդերի հիմնական պատճառաբանությունն այն է, որ հենց այդ քարերն են ապահովում զբոսաշրջիկների հոսքը դեպի Կարս, եւ դրանք վերացնելուց հետո իրենք ամբողջովին կկտրվեն աշխարհից, կկորցնեն եկամտի աղբյուրը: Միայն ոստիկանության միջամտությունն է կանխել լուրջ բախումները:

Քրդերին իրենց շահերի համար օգտագործում են նաեւ եվրոպական երկրները: Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հերթական անգամ քննադատության է ենթարկել Գերմանիային եւ Նիդերլանդներին այն բանից հետո, երբ Բեռլինը Էրդողանին արգելել է Թուրքիայի սահմանադրական բարեփոխումների շուրջ հանրային հանդիպումներ ունենալ Գերմանիայում ապրող երկքաղաքացիների հետ:

Այսօր առավել, քան երբեւէ Թուրքիայի քրդերը իրենց անպաշտպան են զգում: Ձերբակալվել են քրդամետ ժողովրդա-հանրապետական կուսակցության համանախագահները, տարածքային բաժինների ղեկավարները եւ բազմաթիվ ակտիվիստներ:

Նույնիսկ այսպիսի ճնշումների ենթարկվող քրդերն այսօր շատ են պետք նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ իր իշխանությունն ու հեղինակությունը ամրապնդելու համար:

 

Բ. ՄՈՎՍԵՍՅԱՆ