Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ ԿՍՏԻՊԵՆՔ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԱԳՐԵՍԻՎ ՆԿՐՏՈՒՄՆԵՐԻՑ
ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ ԿՍՏԻՊԵՆՔ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԱԳՐԵՍԻՎ ՆԿՐՏՈՒՄՆԵՐԻՑ

ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻՆ ԿՍՏԻՊԵՆՔ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԱԳՐԵՍԻՎ ՆԿՐՏՈՒՄՆԵՐԻՑ2016 թվականի նոյեմբերի 12-ին Արցախի նախագահը այցելել էր հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորում եւ անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին: Բակո Սահակյանը նշել էր, որ գնդապետ ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ անցել է զինվորական մեծ ուղի, ունի տարբեր ստորաբաժանումների ղեկավարման ծանրակշիռ փորձ, համապատասխան գիտելիքներ եւ մարդկային որակներ: «Հայ զինվորի»  թղթակից, կապիտան Շուշան Ստեփանյանը միավորման հրամանատարի հետ զրուցել է Արցախի զինված ուժերի մարտունակության երաշխիքների, վերջին շրջանում հակառակորդի ակտիվացման, մեր պատժիչ գործողությունների, առաջնագծում ծավալվող զարգացումների շուրջ:

-Պարոն գնդապետ, Արցախի հյուսիսային հատվածը Ձեզ անծանոթ միջավայր չէ: Ինչո՞վ է առանձնահատուկ սահմանի այդ հատվածը, եւ ինչո՞ւ է հակառակորդը լարված պահում հենց այդ ուղղությունը:

-Իմ երկարամյա ծառայության հիմնական մասն անցել է հենց հյուսիսային սահմանագոտում: Տարբեր ժամանակահատվածներում երկու պաշտպանական շրջանների հրամանատար եմ եղել, ղեկավարել եմ առանձին մոտոհրաձգային գումարտակ: Տեղանքին, նրա առանձնահատկություններին շատ լավ ծանոթ եմ, ինչը միավորման հրամանատարի համար պակաս կարեւոր չէ, քան մնացած հմտությունները միասին վերցրած: Հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորման ենթակա զորամասերն իրականացնում են Արցախի պետական սահմանի ռազմավարական նշանակության տարածքի պահպանությունը: Այստեղով է անցնում Վարդենիս-Քարվաճառ-Դրմբոն-Մարտակերտ ավտոճանապարհը, որն ունի տնտեսական եւ քաղաքական նշանակություն` Արցախը մայր Հայաստանին հյուսիսից կապող հիմնական մայրուղին է: Մեր զորամասերի թիկունքում սահմանամերձ մի շարք բնակավայրեր են: Հակառակորդը այս տարածքի նկատմամբ միշտ էլ հավակնություններ է ունեցել, բայց նրա զավթողական մտադրությունները թե՛ 1989-1994թթ. պատերազմի օրերին, թե՛ ապրիլին չեզոքացվել են: Կարծում եմ` այսօր էլ իրենց այդ ծրագրից չեն հրաժարվել. ամեն օր կրակում են` փորձելով վախի մթնոլորտ ստեղծել խաղաղ բնակչության շրջանում: Սակայն մենք ունենք որոշակի առավելություններ` հակառակորդի զինուժի համար դժվարամատչելի բարձունքներ, որտեղից մեր հենակետերը հարվածի տակ են պահում թշնամական կրակակետերը:

-Միավորման հրամանատարությունն ստանձնելիս գիտեի՞ք, թե ինչի՞ց եք սկսելու աշխատանքը, ի՞նչ թերություններ եք վերացնելու առաջին հերթին:

-Բնականաբար: Պետք էր նախաձեռնել այնպիսի միջոցառումներ, որոնք կկասեցնեին հակառակորդի ուժերի  առաջքաշման հնարավորությունը: Այդ նպատակով մի քանի անգամ մեծացրել ենք  հակատանկային եւ փոս-ճանապարհների, ինժեներական այլ կառույցների ծավալը: Զարգացրել-վերազինել ենք ամրաշինական կառույցները, կրակակետերը: Վերանորոգել-ուժեղացրել ենք մարտական տեխնիկան: Հակառակորդի գործողությունները կաշկանդելու նպատակով կահավորել ենք առանձնացված տեղամասեր, տանկային եւ հակատանկային բնագծեր: Հնարավորինս նվազեցվել է հակառակորդի հանկարծակի հարձակման հավանականությունը: Այժմ ամրապնդում ենք այն բոլոր հատվածները, որտեղ հակառակորդը երբեւէ դիվերսիոն ներթափանցման փորձեր է ձեռնարկել:

-Ի դեպ, փետրվարի 1-ին ադրբեջանական կողմը Թալիշի ուղղությամբ կատարել էր  դիվերսիոն ներթափանցման փորձ: Ձեր զինծառայողները դիմել էին կանխարգելիչ գործողությունների  եւ գերեվարել հակառակորդի զինծառայողներից մեկին: Կարելի՞ է ենթադրել, որ մեր հենակետերի տեխնիկական վերազինումից հետո հակառակորդի հետախուզական խմբերի գործողություններն այլեւս արդյունավետ չեն:

-Չեմ կարծում, որ դիվերսիոն գործողությունների շրջափուլն ավարտված է: Եթե այս անգամ չեն հաջողել, միեւնույն է, տվյալ տարածքին որոշակիորեն ծանոթ լինելով՝ նորից փորձելու են ուղղել սխալները: Չենք բացառում, որ հակառակորդի հավանական հարձակումը լինելու է դասական, այսինքն` կիրառվելու են հրետանային միջոցներ,  տանկեր, սակայն  հյուսիսային հատվածում, այնուամենայնիվ, առաջնային խնդիրը կատարելու են հատուկ նշանակության ստորաբաժանումները: Եթե նրանց հաջողվի մոլորեցնել, կաշկանդել մեզ պաշտպանության խորքում, ուրեմն գործի կեսը արված կհամարվի: Մեր որոշ պաշտպանական շրջաններ լեռնա-անտառային գոտիներում են, եւ հավանաբար խմբի ներթափանցումից հետո շատ դժվար կլինի այն վնասազերծելը: Այդ պատճառով էլ հակառակորդի համար պատրաստել ենք մի շարք անակնկալներ, որոնք կստիպեն հրաժարվել ագրեսիվ նկրտումներից: Ինչ վերաբերում է հարթավայրային տարածքներին, ներդրված դիտարկման միջոցների շնորհիվ այսօր դրանք անանցանելի են հատուկջոկատայինների համար:

-Պարոն հրամանատար, հակառակորդը վերջին շրջանում մեծացնում է կիրառվող զենքերի տրամաչափը, ինչո՞վ է պայմանավորված այս ակտիվացումը:

-Եթե ձմռան սկզբին ադրբեջանական զինուժն ակտիվ գործարկում էր հրաձգային, դիպուկահար զենքերը, ապա այժմ մեծացրել է տրամաչափը` կիրառում է 60, 82 եւ 120 մմ-ոց ականանետներ, Դ-44 թնդանոթ: Նշեմ, որ հակառակորդը նույնպես ծավալուն ինժեներական աշխատանքներ է իրականացրել, առաջնագիծը համալրել է գիշերային տեսանելիության սարքերով: Դիտարկումներ իրականացնելու նպատակով կիրառում է իսրայելական արտադրության օդապարիկներ, անօդաչու թռչող սարքեր: Ամրացրել է իր պաշտպանությունը եւ ստուգում է սեփական զինուժի պատրաստվածությունը, ինչպես նաեւ, օգտագործելով հրետանային միջոցներ, փորձում է մեր մարտավարական բնագծի, պաշտպանական եւ ինժեներական կառույցների հուսալիությունը: Հաշվարկում է իր հետագա քայլերը առավել լուրջ մարտական գործողությունների ծավալման դեպքում:

-Այսինքն` հակառակորդը պատրաստվում է պատերազմի՞:

-Մենք հիմա էլ չհայտարարված պատերազմի մեջ ենք: Հակառակորդը լայնածավալ առճակատման տրամադրություն ունի: Մենք դա հասկանում ենք եւ թե՛ տեխնիկապես, թե՛ բարոյահոգեբանական առումով պատրաստ ենք հակահարված տալու:

-Հաճախ ենք կարդում, որ բանակի առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին: Ձեր պաշտոնավարման ընթացքում ի՞նչ հակազդող քայլեր են ձեռնարկվել:

-Ադրբեջանական կողմի որեւէ սադրանք անպատիժ չի մնացել: Ցանկացած զինատեսակից արձակված կրակոց անմիջապես համարժեք պատասխան է ստանում: Այս ընթացքում հակառակորդի արձակած կրակոցից մեր բնագծում մահացու հրազենային վիրավորում ստացան մեկ սպա եւ մեկ ժամկետային զինծառայող: Ըստ մեր համապատասխան ծառայությունների ձեռք բերած հավաստի տվյալների` մեր իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում ադրբեջանցիներն ավելի մեծ թվով կորուստներ են ունեցել: Մենք պատժում ենք խստորեն:

-Շնորհակալություն զրույցի համար: Ձեր սպային ու զինվորին անփորձանք ծառայություն եմ մաղթում: