Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍՊԱՆԵՐԻ ՀԱՄԱԲԱՆԱԿԱՅԻՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ



Հարգելի՛ սպաներ

Ուրախ եմ մասնակցելու Հայաստանի Հանրապետության զինված ուժերի երիտասարդ սպաների համաբանակային 1-ին համաժողովին: Ողջունում եմ բոլորիդ: Խիստ կարեւորում եմ համաժողովի կազմակերպման փաստը եւ մաղթում, որ այն իսկապես լինի արդյունավետ ու դառնա ավանդական:

Այսօր ուզում եմ ձեզ մի քանի պատգամ հղել, որ կարեւոր եմ համարում հատկապես իրենց առաջին քայլերն անող երիտասարդ սպաների համար:

Առաջին.

Ժամանակակից բանակների սպաների նախատիպերը միջնադարյան Եվրոպայում ասպետներն էին, Հայաստանում` նախարարական եւ իշխանական տների ներկայացուցիչները: Ազգի զինվորականության կորիզը տվյալ ազգի ազնվականությունն էր: Չկա այդ կազմակերպված ուժը` չկա պետություն: Թվում է, թե 21-րդ դարում պատմական այս զուգահեռները հնացած են: Բայց սա մակերեսային տպավորություն է: Կարդացեք միջնադարում հայերի տված ճակատամարտերի ցանկացած նկարագրություն եւ կտեսնեք, որ ամենապատասխանատու կետերում ազնվական տների զավակներ էին, որոնք պաշտպանում են բառի ուղղակի իմաստով իրենց հոր տան պատիվը, բայց մեծ հաշվով` հայրենիքը: Իմ առաջին պատգամն է ձեզ` հիշել, որ ձեր` երիտասարդ սպաներիդ ուսերին այսօր նույն պատասխանատվությունն է եւ նույն առաքելությունը` պաշտպանել հայրական տան պատիվը, այսինքն` հայրենիքը: Այո՛, փոխվում են դարաշրջաններն ու իրողությունները, բայց ազնվականության առաքելության այսօրվա կրողները, ռազմական ավանդույթների ժառանգորդը դուք եք: Եթե չեք, պետք է դառնաք:

Երկրորդ.

Այդ ժառանգությունը ենթադրում է համապատասխան վարք ու կեցվածք: Մեր հասարակությունը գրեթե մոռացել է, որ սպայությունը բարձրագույն կրթություն ստացած մտավորականություն է: Այո՛, ձեր գործը խիստ առանձնահատուկ է, բայց, միեւնույնն է, դուք ազգի մտավորականության կարեւոր թեւն եք: Մեր հասարակության ընկալումներից առաջին հերթին ձեր շնորհիվ պիտի արմատախիլ արվի բռի եւ անտակտ զինվորականի կերպարը, մանավանդ որ կառավարչական գործառույթ եք նաեւ իրականացնում: Դուք մտավորականներ եք: Եթե չեք, պետք է դառնաք:

Երրորդ.

Սպայակազմը պետության ողնաշարն է: Այն ամուր է եւ ուղիղ այնքան, որքան նրա սպայակազմը: Որեւէ երկրի ողնաշարը ջարդելու մի ճանապարհ կա` ոչնչացնել սպայակազմը: Սա նշանակում է, որ դուք մտավորականության այն թեւն եք, որ թշնամու առաջին թիրախն է: Այսպիսով, դուք եք հայրենիքի առաջին պատվարը, եւ մենք` իշխանություն ու ժողովուրդ, գիտենք դա: Գիտենք եւ ձեզ համար պատրաստ ենք անելու հնարավորն ու անհնարինը: Առաքելություն իրականացնելու առումով դուք մեր հասարակության ամենապատրաստված շերտն եք` թե՛ հոգեբանորեն, թե՛ գիտելիքներով, թե՛ ֆիզիկապես: Եթե չեք, պետք է դառնաք:

Չորրորդ.

Կարգապահություն, խիզախություն, մարզվածություն, կրթվածություն. սրանք պարտադիր, բայց ոչ բավարար պայմաններ են հայ սպայի նկարագիրն ամբողջացնելու համար: Կա հինգերորդը` հաղթողի հոգեբանությունը: Ձեր շուրջն ապրում եւ հաճախ ձեր կողքին ծառայում են Արցախյան ազատամարտի փառավոր հաղթանակները կռած մարտիկներ: Նրանք գիտեն, թե դա ինչ է: Ձեր սրբազան պարտականությունն է ավագ սերնդից ընդունել նաեւ ա՛յդ հերթափոխը: Հիշե՛ք` թշնամին ձեզնից վախենում է, որովհետեւ աչքի առաջ ունի ձեր հայրերի եւ ավագ եղբայրների օրինակը: Այսօրվա ու վաղվա օրինակը դուք եք: Եթե չեք, պետք է դառնաք:

Հարգելի՛ սպաներ

Վերջին պատերազմում հայ ռազմիկի հարվածներից խորտակվել են բոլոր ամրությունները: Այդ հարվածների թափը թշնամու շարքերում սերմանել է խուճապ եւ հուսահատություն: Արդյունքում նույնիսկ շարքեր չեն մնացել: Մենք պարբերաբար տեսել ենք անկանոն փախուստի մատնված թշնամու թիկունքը: Մեր կրակահերթերն ու համազարկերը մարդու եւ ազգի ազատության, մարդու եւ ազգի արժանապատվության փառաբանումներ էին: Մեր ռազմիկների հարաբերությունները` հրամանատարներից մինչեւ զինվորներ, ընկերասիրության, փոխօգնության ու զենքի եղբայրության դասագրքային օրինակներ էին:

Մենք չենք ընկրկել ո՛չ անփորձ նորակոչիկների, ո՛չ փորձված վարձկանների եւ ո՛չ էլ հակառակորդի բազմապատիկ ավելի գլխաքանակի առաջ: Դրանք մեզ համար զգոնության լրացուցիչ ազդակներ էին:

Այո՛, մենք հաղթեցինք տեւական, ծանրագույն եւ անհավասար պատերազմում: Ոմանք «անհավասար պատերազմ» ասելով նկատի ունեին այն իրողությունը, որ Ադրբեջանն ուներ ավելի շատ փող, ավելի շատ տեխնիկա եւ կենդանի ուժ: Դա ճիշտ է, բայց ինձ համար պատերազմն անհավասար էր, որովհետեւ ուժեղը կռվում էր թույլի դեմ, եւ ուժեղը մենք էինք: Ազատասերը կռվում էր զավթիչի դեմ, եւ ազատասերը մենք էինք: Արդարը կռվում էր անարդարի դեմ, եւ արդարության մարմնավորումը մենք էինք:

Այսօր էլ մենք խաղաղության կողմնակիցն ենք, բայց եթե զավթիչների ու անարդարների մտքով նոր արկածախնդիր մտադրություն անցնի, վայրկյան անգամ չեմ կասկածում` նորից անհավասարություն կլինի, ու մենք էլի կլինենք ուժեղը, որովհետեւ հայրական տունն ու հայրենիքը պաշտպանողը անպարտ է ու անկասելի:

Հարգելի՛ սպաներ,

Այդ «մենք»-ի մեջ առաջին հերթին հիմա դուք եք: Հավատացնում եմ ձեզ` դա իսկապես մեծ պատիվ ու բախտավորություն է ձեզնից յուրաքանչյուրի համար:

Մաղթում եմ ձեզ հաջողություն եւ անփորձանք ծառայություն:

Հավատում եմ ձեզ, հպարտանում եմ ձեզնով եւ Աստված ձեզ պահապան:

Շնորհակալություն:

Խորագիր՝ #27 (892) 13.07.2011 – 20.07.2011, Բանակ և հասարակություն, Ուշադրության կենտրոնում


20/07/2011