Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹԵՀՐԱՆԸ՝ ԱՐԱԲԱ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՄԵՐՁԵՑՄԱՆ ԽԹԱՆ



ԹԵՀՐԱՆԸ՝ ԱՐԱԲԱ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՄԵՐՁԵՑՄԱՆ ԽԹԱՆՄերձավոր Արևելքում Իրանի դերակատարության բարձրացումը և ռազմական նոր ծրագրերը լուրջ անհանգստություն են առաջացրել Իսրայելում: Իր շահերի պաշտպանության համար Թել Ավիվը նույնիսկ պատրաստ է նոր հարաբերություններ կառուցել իր նախկին հակառակորդ արաբական երկրների հետ:

Օրեր առաջ Մյունխենի Անվտանգության հարցերով միջազգային գագաթնաժողովում Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ իր երկրի համար առկա է միայն մեկ խնդիր` Իրանը: Հրեական պետության համար վտանգ են ներկայացնում Իրանի միջուկային հավակնությունները, բալիստիկ հրթիռների ծրագրերն ու ազդեցության տարածումը Մերձավոր Արևելքում` Եմենում, Սիրիայում, Լիբանանում, ինչպես նաև Իրաքում, Բահրեյնում ու Սաուդյան Արաբիայում։ Լիբերմանի խոսքով՝ Իրանն իր նպատակների իրագործման համար օգտագործում է Լիբանանում` «Հըզբոլլահ» շարժումը, Գազայի հատվածում` «Իսլամական ջիհադն» ու «Համասը», Եմենում՝ հութիներին, Իրաքում՝ տարբեր շիական խմբավորումների։

Փաստորեն, Իսրայելը կրկին փորձում է Իրանի շուրջ ձևավորել տարածաշրջանի «ընդհանուր արտաքին թշնամու» կերպար: Թել Ավիվը պատրաստ է նույնիսկ վերանայելու իր հարաբերությունները Պարսից ծոցի ամերիկյան այն դաշնակիցների հետ, որոնք աշխարհաքաղաքական մրցակցություն ունեն Թեհրանի հետ ու Պաղեստինյան հակամարտության պատճառով լարված հարաբերությունների մեջ են Իսրայելի հետ: Հակաիրանականությունը կարող է միավորող գործոն հանդիսանալ այդ պետությունների համար: Չի բացառվում, որ արաբա-իսրայելական դաշինք ձևավորելու դեպքում Թել Ավիվը զիջումների գնա Պաղեստինի արաբ բնակչությանն առնչվող հարցերում:

Հակաիրանական նոր դաշինքի ձևավորման ճանապարհին Իսրայելը կարող է տարաձայնություններ ունենալ Ռուսաստանի հետ: Թել Ավիվի շահերից են բխում ինչպես «Հըզբոլլահի» ուժերի սպառումը Սիրիայում «Իսլամական պետության» դեմ ծանր մարտերում, այնպես եւ Սիրիայի մասնատումը էթնո-կրոնական բաժանարար սահմաններով, ինչն անթույլատրելի է Մոսկվայի համար: Այնինչ, Իսրայելի և Ռուսաստանի միջև որևէ ընդհարում պատմականորեն բացառվում է, ուստի երկու երկրները կփորձեն խնդրի լուծման իրենց համար նպաստավոր ուղիներ փնտրել:

Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ

Խորագիր՝ #08 (1179) 01.03.2017 - 07.03.2017, Տարածաշրջան


01/03/2017