Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՆԱ ԻՆՁ ՏՎԵՑ ՀՊԱՐՏ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ՆԱ ԻՆՁ ՏՎԵՑ ՀՊԱՐՏ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

Շատ լավ հիշում եմ իմ եւ հայրիկիս վերջին հանդիպումը։ 1992 թվականի մայիսի 25-ն էր, փոքր քրոջս՝ Արմինեի ծննդյան եւ իմ վերջին զանգի օրը։ Քույրիկիս ծննդյան տոնը նշելուց հետո, նա շտապել էր դպրոց՝ ներկա գտնվելու իմ ավարտական միջոցառմանը։ Ամեն կերպ փորձում էր հուզմունքը թաքցնել, ժպտում էր, տրամադրությունը լավ էր։ Աստված իմ, ո՞վ կհավատար, որ իմ սիրելի ու պաշտելի հայրիկին այլեւս չեմ տեսնելու, որ նա կռվի դաշտից չի վերադառնալու։

Երկար ժամանակ նրանից ոչ մի լուր չկար։ Միայն կցկտուր իրար հակասող տեղեկություններ էինք ստանում այս ու այն կողմից։ Հայրիկիս եւ իր ընկերների զոհվելու փաստը երկար ժամանակ պատված էր անորոշության, անհայտության շղարշով։ Տարիներ անց իմացանք, որ հայրս «Արաբո» ջոկատի իր 76 զինակիցների հետ Մարտակերտի շրջանի Լենինավան կոչվող բնակավայրը ազատագրելու ժամանակ ընկել էր թշնամու ծուղակը եւ քաջաբար զոհվել… Պատմում են, որ նրանք անհավասար, կենացմահու կռիվ են տվել թշնամու մի քանի անգամ գերակշռող մարդուժի եւ ռազմական տեխնիկայի դեմ։ Ջոկատի մարտիկների առեղծվածային կորստի հետ կապված ճշմարտությունը հետո իմացանք, իսկ մինչ այդ անորոշություն էր, որ սղոցում էր սիրտդ, տանջող, կյանքդ հալումաշ անող անորոշություն… Նրան ճանաչողները հավատում ու սպասում էին, որ նա կվերադառնա։ Սակայն ո՛չ մեր եւ ո՛չ էլ հայրիկիս մյուս բախտակից ընկերների հարազատների համար այդ լույսը չբացվեց։

Մեծացանք հայրիկի կարոտը մեր սրտում։ Իհարկե, ամենից դժվարը մայրիկիս համար էր։ Երեք աղջիկների հոգսը մնաց նրա ուսերին: Եվ իմ մայրիկը ոչ միայն չընկրկեց կյանքի դժվարություններից, այլ կարծես դրանցից ուժ առավ։ Գիշերները իր մեծ վշտի հետ էր, ցերեկները՝ մեզ հետ։ Փորձում էր մեր ներկայությամբ չարտասվել։ Մայրս մեզ համար ե՛ւ մայր եղավ, եւ՛ փոխարինեց մեր պաշտելի հայրիկին։ Նա մեզ համար դարձավ իսկական ամրոց, որտեղ մենք մեծացանք, հասակ առանք, որտեղից մեծ կյանք մտանք…

Խոնարհում եմ գլուխս հայրիկիս ու նրա նահատակված ընկերների, մեր գոյամարտում իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայրիկների շիրիմների առաջ։ Նրանք իրենց կյանքով մեր բախտը փրկեցին։ Նրանց շիրիմները մեզ՝ ապրողներիս համար սրբավայր-ուխտատեղիներ են, նրանց ապրած, թեկուզ կարճատեւ, կյանքը սերունդների համար արիության, խիզախության, պատվի եւ հայրենասիրության փառահեղ էջեր են…

Օրերս Հրազդանի շրջանի Մեղրաձոր գյուղի (որտեղից է ծնունդով հայրս) «Արցախ» ջոկատի տղաների նախաձեռնությամբ եւ հորեղբորս տղայի՝ Հայկ Սեդրակյանի աջակցությամբ գյուղի հարակից ձորակի գեղատեսիլ մի անկյունում՝ անտառափեշին հանդիսավորությամբ բացվեց հայրիկիս, ազատամարտիկ Համլետ Գալստյանի (Գալեենց Համոյի) հիշատակը հավերժացնող հուշարձան-աղբյուրը։ Հուշարձանի բացման պատիվը տրվեց փոքր քրոջս` Արփինեին։ Արարողությանը ներկա էին հայրիկիս մարտական ընկերները, համագյուղացիները, հարազատ-բարեկամներ, հյուրեր հանրապետության տարբեր շրջաններից։ Արարողության ժամանակ իրենց սրտի խոսքն ասացին Հրազդանի ԵԿՄ նախագահ Ներսես Հարությունյանը, Մեղրաձորի երկրապահ միության նախագահ Կորյուն Սահակյանը, «Արցախ» ջոկատի հրամանատար Յաշա Մելքոնյանը, նրա մարտական ընկերներ ու համագյուղացիներ՝ Գառնիկ Գեւորգյանը, Ռաֆիկ Ղազարյանը, Երեմ Եփրեմյանը, Մխիթար Թութոյանը, Գեւորգ Վիրաբյանը։ Հայրիկիս ու նրա նահատակված ընկերների գծած ճանապարհը դրոշմված է բոլորիս սրտերում։ Նրանք իրենց կյանքը զոհեցին մեր մեծ ընտանիքի՝ հայրենիքի լուսավոր ապագայի համար։

ԱՐՄԻՆԵ ԳԱԼՍՏՅԱՆ

Պատրաստեց ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ