Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
Ո՛Չ ՀՐԴԵՀԻՆ
Ո՛Չ ՀՐԴԵՀԻՆ

Ո՛Չ ՀՐԴԵՀԻՆՀՀ ԶՈւ 2017 ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ օրերս անցկացվեց ԶՈւ կենտրոնական ենթակայության զորամասերի արտահաստիքային հրշեջ խմբերի պետերի հավաք-խորհրդակցություն: Երկօրյա միջոցառումը կազմակերպել էր ԶՈՒ ԳՇ թիկունքի վարչության հակահրդեհային տեսչությունը: Հավաքին մասնակցեցին մի քանի տասնյակ սպաներ ու ենթասպաներ:

Ներկայացնելով հավաքի նպատակներն ու խնդիրները` ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության հակահրդեհային տեսչության պետ, գնդապետ Հրայր Քոչարյանը կարեւորեց նման միջոցառումների պարբերական անցկացումը զինված ուժերում հակահրդեհային պաշտպանության մակարդակի բարձրացման տեսանկյունից:  ԱԻՆ հրշեջների մասնակցության շնորհիվ էլ նման հավաքները փորձի փոխանակման մեծ հնարավորություն են տալիս: Դրանք զուգորդվում են դասախոսություններով եւ գործնական պարապմունքներով, ինչն արտահաստիքային պետերի համար կարեւոր է նաեւ ժամանակակից մարտահրավերների իմացության եւ որակավորման փուլում: Այսպիսի հավաք-խորհրդակցությունների ընթացքում անձնակազմն իրազեկվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանների եւ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի համապատասխան դրույթների մասին: Հընթացս կատարելագործվում են մասնակիցների գործնական հմտությունները:

Հավաքի շրջանակներում անցկացվեցին տեսական եւ գործնական պարապմունքներ հրդեհների կանխարգելման, հակահրդեհային պաշտպանության կազմակերպման վերաբերյալ: Քննարկվեցին մասնագիտական հմտությունների բարելավմանն ու մարտավարության մշակմանն առնչվող հարցեր: Հրշեջները ցուցադրեցին մասնագիտական բարձր վարպետություն, տեխնիկայի ու հակահրդեհային միջոցների տիրապետման, հրդեհի մարման գործողությունների իմացություն:

Խորհրդակցության մասնակիցները փաստեցին, որ  լրացուցիչ գիտելիքներ ստացան ինչպես հրդեհի հետեւանքով առաջացած արտակարգ իրավիճակների, այնպես էլ դրանց դեմ պայքարի արդյունավետ ուղիների ու միջոցների մասին:

Զինված ուժերի հրշեջ խմբերի համագործակցությունը ԱԻՆ համապատասխան ստորաբաժանումների հետ խիստ կարեւոր է:  Զինվորական օբյեկտներում ծագած հրդեհի դեպքում հաշվարկները, ըստ ահազանգի, մեկնում են դեպքի վայր, տեղում արագ գնահատում են հրդեհի աստիճանը եւ փորձում մեկուսացնել, ապա եւ մարել այն: Անհրաժեշտության դեպքում աշխատանքները համակարգվում են ԱԻՆ փրկարար ծառայության հետ համատեղ:

Յուրաքանչյուր հաշվարկում 7 հոգի է` չորս հրշեջ, ջոկի հրամանատարը, պահակախմբի պետը, վարորդը: Առաջին բարդության հրդեհի դեպքում մեկնում է երկու հաշվարկ, 1-ին «բիս» ահազանգի դեպքում` 4, երկրորդի` 6, երրորդի` 8 հրշեջ մեքենա: Ավելի վտանգավոր հրդեհների դեպքում մոբիլիզացվում են ԱԻՆ այլ հաշվարկներ եւս` ըստ բարդության եւ անվտանգության աստիճանի ու տարածքի:

ՀՀ ԶՈՒ հրշեջ հաշվարկներն էլ անհրաժեշտության դեպքում մասնակցում են նաեւ քաղաքացիական օբյեկտներում հրդեհաշիջման աշխատանքներին:

Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ