Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԶԻՆՎՈՐՆ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՃԱԽՐԱՆՔԸ»



«ԶԻՆՎՈՐՆ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՃԱԽՐԱՆՔԸ»Դիրքերում կապույտ երկնքի ֆոնին աղավնիների խաղաղ ճախրանքը դիտելիս  թվում էր՝ ոչ թե մարտական հենակետում եմ, այլ բնության մի գեղեցիկ անկյունում: Կատուն խեթ աչքով չէր նայում աղավնիներին, իսկ շունն ու կատուն, իրար թիկունք տված, տաքանում էին: Ի՜նչ հաշտ ու խաղաղ ընտանիք… Տեսնելով կենդանիներով հմայված հայացքս՝ սերժանտ Աղեկյանը ներկայացրեց իրենց փոքրիկ «տնտեսությունը»:

-Մի աղավնի անընդհատ թռչում գալիս էր մեր դիրք. երևի զգացել էր, որ ցանկալի հյուր է, կերակրում էինք: Երբ իմացանք, որ թույլատրվում է աղավնի պահել, բույն սարքեցինք, և հիմա արդեն տեսնում եք՝ որքան աղավնիներ ունենք: Որպես խորհրդանիշ՝ նրանք  նաև մեր առօրյային են խաղաղություն բերում: Շներն էլ, դե, մեր հավատարիմ ընկերներն են: Գրեթե ամբողջ գիշեր արթուն են մնում, անձնակազմին ուղեկցում են դիտակետեր ու դիմավորում:

Շրջում ենք հենակետի տարածքում: Այն ամբողջությամբ պայմանագրայիններով է համալրված: Պարտադիր ժամկետային զինծառայություն անցած տղաներ են, որոնց մեծ մասը նաև այլ զորամասերում պայմանագրային ծառայության փորձ ունի:

Մտնում ենք ճաշասենյակ: Մաքուր է, առանց ավելորդությունների: Բոլորը միաձայն իրենց գոհունակությունն են հայտնում սննդի որակի, չափաբաժնի ու բազմազանության վերաբերյալ: Դիրքի ավագը մոտենում է, բացում սառնարանը, որտեղ խնամքով շարված են թարմ հաց, թթվասեր, ձու և տարբեր պահածոների թիթեղյա տուփեր:

«ԶԻՆՎՈՐՆ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՃԱԽՐԱՆՔԸ»Խրամուղիով շարժվում ենք առաջ: Դիտակետերից մեկում կանգնած է շարքային Գևորգ Բարսեղյանը:

-Թշնամին միշտ հետևում է մեզ, փորձում որևէ թույլ կետ նկատել,- Գևորգը խոսում է՝ աչքը չկտրելով հակառակորդի դիրքերից: -Այնպես որ, միշտ զգոն ենք, միշտ ուշադիր: Մենք էլ նրանց ենք հետևում, ոչ մի բան աչքներիցս չի վրիպում:

Ծառայության անցա մարտական հերթապահություն իրականացնող զորամասում, քանի որ դիրքերի կյանքը սիրել եմ, երբ դեռ զինվոր էի: Հիմա այստեղ եմ ու գոհ եմ ամեն ինչից՝ պայմաններից, ծառայությունից, ընկերներիցս:

Գետնատնակում դիրքապահներն առաջարկում են տաքանալ վառարանի մոտ: Սուրճի հաճելի բուրմունք է տարածվել, չեմ հրաժարվում մի բաժակ սուրճից: Տղաների հետ զրուցում ենք ծառայության, մարտական հերթապահության մասին:

-Այս պահին իրավիճակը հանգիստ է, բայց, եթե մի բան լինի, մենք մեր դիրքերում պատրաստ կանգնած ենք,- ասում է Մարտիկը:

-Ի՞նչն է ձեզ համախմբում այստեղ՝ դիրքերում:

-Մարդ լինելը, արածդ գործից գոհ լինելը, ոգևորությունը,-թվարկում է Վաղինակը:

-Իսկ ի՞նչն է ամենից շատ ոգևորում:

«ԶԻՆՎՈՐՆ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՃԱԽՐԱՆՔԸ»-Առաջին հերթին՝ Հայրենիքի հանդեպ սերը: Նաև լավ ընկերների հետ միասին ծառայելը,-ասում է Արմանը: – Ոգևորվում ենք մեկս մյուսի հաջողություններով: Այստեղ մարդկային և ընկերական կապվածությունը այլ որակ է ստանում: Ընկերներով միշտ էլ ավելի արագ և հուսալի կարող ես առաջ գնալ, հասնել նպատակիդ, քան մենակ: Երբ գնդացիրն է կրակում, արդյունքն ավելին է, քան, եթե հրացանը կրակի. միասին մենք գնդացիր ենք, առանձին-առանձին՝ հրացան:

-Բոլորդ պայմանագրային զինծառայողներ եք: Ամուսնացա՞ծ եք, երեխաներ ունե՞ք:

-Համարյա բոլորս ամուսնացած ենք, ունենք երեխաներ: Ես երկու ծառայող տղա ունեմ,- ասում է Պարույրը:

-Ինչպե՞ս թե՝ ծառայող,-զարմանում եմ. Պարույրը տարիքով ամենաերիտասարդն է երևում:

-Չէ, ապագա զինվոր նկատի ունեմ,- ժպտալով ինքն իրեն ուղղում է Պարույրը:

-Կուզենայի՞ր, որ որդիներդ էլ զինծառայող դառնային:

-Կուզենայի: Բայց… կապրենք՝ կտեսնենք:

-Ես հիշում եմ, որ ոչ վաղ անցյալում զինծառայողներից շատերը չէին կարողանում ընտանիք կազմել ծանրաբեռնվածության պատճառով:

-Հիմա արդեն խնդիր չի,-  պատասխանում է սերժանտ Աղեկյանը:- Եթե երկու մարդ հասկացել են, որ կյանքի ընկեր պիտի  լինեն, ուրեմն պետք է միասին էլ մինչև վերջ հաղթահարեն դժվարությունները: Ամենածանրը կարոտն է: Որդիս 7 տարեկան է: Տանը եղած ժամանակ չեմ հագենում գուրգուրելուց: Անգամ կարգին բարկանալ չեմ կարողանում, երբ չարաճճիություն է անում: Իհարկե, մի հայացքս էլ բավական է, որ  զգաստանա:

-Ձեր կանայք հա՞շտ են զինծառայողի կին լինելու մտքի հետ:

-Ինչպես բոլոր ավանդական ընտանիքներում՝ ամուսինը որոշել է, ուրեմն կինը պետք է հաշտվի,- կատակում է Գեղամը:

Ուրախ ծիծաղում ենք:

♦♦♦

Զրույցի ընթացքում դրսից լսվում էր աղավնիների ղունղունոցը: Գետնատնակից դուրս գալով՝ աչքս էլի չեմ կարողանում կտրել այդ գեղեցկությունից: Արմանը բռնում է արդեն ձեռնասուն աղավնիներից երկուսին ու մոտեցնում.

-Սրանք զույգեր են՝ ահա տղան, սա էլ՝ աղջիկը:

Խնդրում եմ, որ թռցնի, իսկ ինքս պատրաստում եմ լուսանկարչական ապարատս: Օբյեկտիվը ֆիքսում է աղավնիներից մեկի թռիչքը և Արմանի բարի ժպիտը: Ուրախ եմ. կադրը ստացվել է: «Զինվորն ու խաղաղության ճախրանքը»՝ այսպես եմ վերնագրում լուսանկարս:

Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Լուս.՝ հեղինակի

Խորագիր՝ #06 (1177) 15.02.2017 - 21.02.2017, Ազգային բանակ


15/02/2017