Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՐՁԱԳԱՆՔ



ԱՐՁԱԳԱՆՔ«Հայ զինվոր» թերթն իր ֆեյսբուքյան էջի միջոցով օր օրի ձեռք է բերում տասնյակ նոր ընթերցողներ: Մեր գործունեությանը հետեւողների, բանակային թերթի նյութերը ընթերցողների ու քննարկողների թիվն արդեն հատել է երեսունվեց հազարը: Պետք է նկատել, որ «Հայ զինվորը» ֆեյսբուքում է ընդամենը չորս տարի: Չափազանց ուրախալի է, որ զինվորականի կյանքն ու առօրյան լուսաբանող թերթը շատերի համար դարձել է տարբեր խնդիրներ քննարկելու հարթակ, տեղեկատվություն ստանալու վստահելի աղբյուր, նաեւ` հանդիպման հաճելի վայր: Այդ մասին են վկայում հունվար ամսվա ընթացքում ստացված արձագանքները:

Մեր օգտատերերի ջերմ վերաբերմունքին է արժանացել Սամվել Հարությունյանի` «Գինեսի ռեկորդակիր գնդացրորդը» վերնագրված նյութը, որում պատմվում է առաջնագծում ծառայող ջոկի գնդացրորդ Արտակ Ռաֆայելյանի մասին: Նա իր ֆիզիկական արտառոց ունակությունների շնորհիվ հասցրել է գրանցվել ոչ միայն Հայկական դյուցազնագրքում, այլեւ դառնալ Գինեսի գրքի ռեկորդակիր՝ պառկած դիրքից 11011 անգամ կատարելով հենում-ծալում վարժությունը: Նյութը ֆեյսբուքյան էջում դիտվել է 4073 անգամ, ստացել է 2400 հավանում, 1285 օգտատեր էլ կիսվել է հղումով: Բազում մեկնաբանություններից էլ մեջբերենք մի քանիսը. «Թող թշնամին տեսնի` ահ եւ սարսափ ապրի. այ, էսպիսի ուժեղ զինվորներ ունի հայոց բանակը», «Զինվո՛րս, ապրե՛ս, էս ինչ դյուցազուն ես», «Ուժդ անսպառ, եղբա՛յրս», «Քաջերի սերունդը քաջերն են», «Ապրե՛ս, ԶԻՆՎՈՐ ջան»:

Սպայի ու զինվորի, նրանց կենցաղի, ծառայության, մարտական պատրաստության մասին պատմող մեր լրագրողների ակնարկները, ռեպորտաժներն ու հարցազրույցները եւս աննախադեպ քանակությամբ դիտումներ ու հավանումներ են գրանցել: Իսկ զինվորի` մեզ ուղարկած լուսանկարը, որ մակագրել էինք` «Իմ ջահել բանակ», ինչպես ասում են, «պայթեցրել» է ֆեյսբուքը. 3055 հավանում: «Ջահել, խենթ ու անպարտ», «Լավագույն տղաները ծառայում են, կեցցե՛ք դուք», «Միշտ էսպես ուրախ լինեք, տղե՛րք ջան»` գրել են մեր ընթերցողները:

Իհարկե, հունվար ամսին ուշադրության կենտրոնում էին նաեւ զորակոչին առնչվող հրապարակումները: Թե՛ նորամուծությունների մասին պատմող նյութերը, թե՛ հավաքակայանից ռեպորտաժները, թե՛ զորակոչիկների անկեղծ լուսանկարները, թե՛ ՀՀ գլխավոր զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանի հետ հարցազրույցը հայտնվել էին մեր առաջատար հորիզոնականներում: «Պարտադիր պահանջ` բարի վերադարձ», «Անփորձանք, մեր հպարտ որդինե՛ր»: «Հիշե՛ք, որ դուք պաշտպանում եք հազարավոր մարդկանց կյանքեր, որ ձեզ սիրում ու սպասում են», «Դուք մեր պարծանքն եք, Աստված ձեզ պահապան»` բարեմաղթել էին մեր հայրենակիցները:

«Մեր ժամանակի հերոսը» խորագրի ներքո տպագրված ակնարկներն էլ՝ նվիրված «Արիության մեդալի», «Մարտական խաչի» ասպետներին` սպաներին ու ժամկետային զինծառայողներին, շարունակում են ջերմ արձագանք գտնել մեր ֆեյսբուքյան էջում: Աննախադեպ քանակությամբ դիտումների են արժանանում հայրենիքի համար զոհված զինծառայողների մասին պատմող նյութերը: Ե՛վ Հայաստանի, ե՛ւ սփյուռքի մեր հայրենակիցներն իրենց գոտեպնդող, քաջալերող, թեւավորող խոսքով ամուր թիկունք են հայ սպային ու զինվորին` ցույց տալով, որ բանակն ու ժողովուրդը միասնական են, համախումբ:

Շնորհակալ ենք մեր ֆեյսբուքյան էջի 36240 ընթերցողներին՝ մեզ հետեւելու, արձագանքելու համար: Ձեր արձագանքները ոգևորում են մեզ եւ ճշտում թերթի անելիքը:

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐ»

Խորագիր՝ #06 (1177) 15.02.2017 - 21.02.2017, Բանակ և հասարակություն


15/02/2017