Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԿԵՑՑԵ՛Ք, ՏՂԱՆԵ՛Ր
ԿԵՑՑԵ՛Ք, ՏՂԱՆԵ՛Ր

Այս հոդվածը, որը գրվել է 2002թ., նվիրվում է ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի կազմավորման 25-ամյակին

 

Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններն սկզբնավորվել են դեռեւս 1992թ.` ՀՀ եւ ՌԴ միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր, իսկ 1995թ. մարտի 16-ին կնքված՝ «Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» եւ 1997թ. օգոստոսի 29-ին կնքված՝ «Բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության մասին» համաձայնագրերն այդ հարաբերություններին հաղորդեցին ռազմավարական դաշնակցային բնույթ: Անցած 25 տարիների ընթացքում մեծածավալ աշխատանքներ են կատարվել պաշտպանության ոլորտի բոլոր բնագավառներում՝ երկու երկրների միջեւ փոխշահավետ համագործակցության դինամիկ զարգացման համար, կնքվել են մի քանի տասնյակ միջպետական, միջկառավարական եւ միջգերատեսչական համաձայնագրեր, ստեղծվել է հայ-ռուսական զորքերի (ուժերի) միացյալ խմբավորումը, տարածաշրջանային միացյալ ՀՕՊ համակարգը: Բարձրաստիճան խորհրդակցություններն ու հանդիպումները կրում են պարբերական բնույթ, մի շարք ոլորտներում իրականացվում է համատեղ պլանավորում, ինչը վկայում է հայ-ռուսական դաշնակցային գործընկերության ռազմավարական բնույթի եւ երկարաժամկետ հիմունքներով համագործակցությունը շարունակելու կողմերի վճռական մտադրությունների մասին: Երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջեւ երկկողմ ռազմական համագործակցության ամենամյա պլանների համաձայն՝ ակտիվ համագործակցություն է իրականացվում պաշտպանության ոլորտի բոլոր բնագավառներում: Դրանցից հատկանշական է ռազմատեխնիկական համագործակցությունը, որը նպաստում է ՀՀ զինված ուժերի` ժամանակակից սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով վերազինմանը: Երկու երկրների հարաբերությունների ռազմավարական բնույթն անշուշտ պայմանավորված է նաեւ անվտանգության միջավայրի նկատմամբ համանման մոտեցումներով եւ հավաքական շահերով:

 

ԿԵՑՑԵ՛Ք, ՏՂԱՆԵ՛ՐԳեներալ-մայոր Հայկազ Բաղմանյանի հրամանատարությամբ գործող զորամիավորման կազմի մեջ մտնող, Զորավար Անդրանիկի անունը կրող զորամասի (հրամանատար՝ գնդապետ Հ.Մուրադյան) վաշտերից մեկը 2002թ. մայիս ամսին մասնակցել է ՌԴ ԶՈւ Մոսկվայի զինվորական օկրուգի «Գորոխովեցկի» ուսումնական կենտրոնում անցկացված հավաքական անվտանգության խորհրդի անդամ երկրների միջեւ կնքված պայմանագրի վավերացման 10-ամյակին նվիրված մարտական համատեղ զորավարժությանը։

Նման մասշտաբի ու կարեւորության, տեխնիկայի բոլոր միջոցների կիրառմամբ մարտական կրակոցով համատեղ զորավարժություն հավաքական անվտանգության մասնակից երկրների ԶՈւ միջեւ այս 10 տարիների ընթացքում անցկացվում էր առաջին անգամ։ Փաստը, որ այդ զորավարժությանը մասնակցելու էին ՌԴ-ից տանկային մեկ գումարտակ, հրետանի, հրթիռազենիթային հաշվարկներ, ավիացիա, ՀՀ-ից ու Բելառուսից մեկական մոտոհրաձգային վաշտ, հետեւակի մարտական մեքենաներով (ՀՄՄ-2) դեսանտագրոհային դասակ Ղազախստանից, հատուկ նշանակության մեկ խումբ Ղրղըզստանից, դիտորդներ Տաջիկստանից, բավական է՝ պատկերացում կազմելու, թե զորավարժությանն ինչ կարեւորություն ու նշանակություն է տրվել մասնակից պետությունների նախագահների կողմից։

Ապրիլի 2-ից 4-ը ՀՀ ԶՈւ օպերատիվ խումբը մարտական պատրաստության վարչության պետի տեղակալ, գնդապետ Հրանտ Աղաջանյանի գլխավորությամբ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մասնակցեց շտաբային համատեղ վարժանքներին, որոնց նպատակն էր ապահովել հրամանատարական կազմի եւ շտաբների պատրաստությունը համատեղ զորավարժությանը։ Իսկ մերձմոսկովյան «Գորոխովեցկի» զորավարժարանում ՌԴ ԶՈւ 22-րդ գվարդիական բանակի, զորավարժության հրամանատար,  գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Մերկուրեւի ղեկավարությամբ ուսումնասիրվել էր  տեղանքը, նշվել էին տանկային գումարտակի, հրթիռազենիթային հաշվարկների, հետեւակի մարտական մեքենաների (ՀՄՄ-2) տեղակայման վայրերը, վաշտերի, դասակների, ջոկերի հենակետերը, ճշգրտվել էին դասակի, ջոկի հրամանատարների մարտական հրաձգությամբ պաշտպանական մարտի վարման կարգը։

 

ԽՐԱՄԱՏԸ ԶԻՆՎՈՐԻ ԱՄՐՈՑՆ Է

Թրթուրավոր տրակտորը միայն խրամուղու ուրվագծերն էր արել։ Տեղակայման վայր հասնելուց մեկ շաբաթ անց հայկական մոտոհրաձգային վաշտը (հրամանատար` կապիտան Կարեն Ջալավյան) սկսեց հենակետերի կառուցման ինժեներական աշխատանքները։ Հնգօրյա քրտնաջան աշխատանքներից հետո տեղանքը դարձավ անճանաչելի։ Հատկապես անթերի էր պատրաստվել երկրորդ դասակի (հրամանատար՝ լեյտենանտ Արտյոմ Պողոսյան) հենակետը, ինչի համար էլ դասակը խրախուսվեց գնդապետ Հրանտ Աղաջանյանի կողմից:

-Յուրաքանչյուր դասակ պետք է այսպես կառուցի իր խրամատը, քանի որ այն զինվորի ամրոցն է,- ասաց գնդապետ Աղաջանյանը:

 

ՏԵԽՆԻԿԱՆ ՀՈՒՍԱԼԻ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է

Տեխնիկան՝ հետեւակի մարտական 10 մեքենա, ստանալուն պես բերվեց անհրաժեշտ մարտական վիճակի։

Վաշտն այս ամենն անում էր այնպիսի եռանդով ու ջանասիրությամբ, որ 22¬րդ բանակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գվարդիայի գեներալ-մայոր Պոպովն անկարող եղավ թաքցնելու իր հիացմունքն ու մեր զինվորների հետ հաղորդակցվելու մեծ ցանկությունը։ Նրա այն հարցին, թե՝ ով կարող է հետեւակի մարտական մեքենայի (ՀՄՄ-2) մարտավարատեխնիկական տվյալներն ասել, ու լսելով զինվորների միահամուռ դրական պատասխանը՝ փորձեց այն գործնականորեն ճշտել եւ շարքից իր ցանկությամբ դուրս կանչեց մեխանիկ-վարորդներից մեկին։ Վարժ ռուսերենով շարքայինը պատասխանեց գեներալի բոլոր հարցերին, որից հետո վերջինս նրան հրավիրեց տեխնիկայի մոտ՝ համոզվելու, թե արդյոք զինվորի գործնական հմտությունները նույնքան ամբողջակա՞ն են, որքան տեսական գիտելիքները։ Մի քանի հանձնարարականներից հետո փորձառու գեներալն անթաքույց հիացմունքով ասաց.

-Ուրեմն, պատահական չէ, որ հայկական բանակն ամենամարտունակն է տարածաշրջանում։ Եվ ես նույնքան էլ օրինաչափ եմ համարում նրա տարած հաղթանակները,-սեղմելով զինվորի ձեռքն ու շնորհակալություն հայտնելով՝ շեշտեց գեներալ-մայոր Պոպովը։

Այսպիսի գովասանքի խոսքեր մեր վաշտի հասցեին, առանց չափազանցելու, հնչում էին ամեն օր։

Վաշտի շարային բարձր պատրաստականության մասին խոսում էին բոլորը՝ շարքայինից մինչեւ գեներալ։ Մի անգամ՝ ճաշի ժամանակ, մեզ մոտեցան երեք մատուցողուհիներ՝ ասելով, որ իրենք ապշած են, թե ինչպես են քայլում ու երգում մեր դասակները։

– Честно говоря- мы удивлены- вот тебе рота. Молодцы ребята.

 

ԱՌԱՋԻՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ

Ապրիլի 25-ին սկսվեց մարտական հրաձգությամբ համատեղ փորձնական զորավարժության առաջին ստուգատեսը զինամթերքի 25 տոկոսի ծախսով։ Նախապես հաստատված գրաֆիկով սկսվեց պաշտպանական մարտ՝ հակաօդային պաշտպանության միջոցների, հրետանու կրակով եւ օդուժի իրական հարվածներով։ Մեր վաշտն իր առջեւ դրված հանձնարարությունը կատարեց բարեհաջող՝ կրկին արժանանալով բարձր հրամանատարության՝ ի դեմս Մոսկվայի զինվորական օկրուգի մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Խալիլովի եւ 22-րդ բանակի հրամանատար, գվարդիայի գեներալ-լեյտենանտ Մերկուրեւի դրվատանքին։ Ինչպես ասում են՝ սկիզբը խոստումնալից էր։

 

ԵՐԿՐՈՐԴ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ

Ապրիլի 29-ին անցկացվեց մարտական հրաձգությամբ համատեղ փորձնական զորավարժության երկրորդ՝ վերջին ստուգատեսը, արդեն զինամթերքի 50 տոկոսի ծախսով։

Փորձադաշտը կորել էր ծխի մեջ։ Հրետանու եւ «Գրադ» կայանքների համազարկերից հետո օդ բարձրացան Մի-8, Մի-10 ուղղաթիռները։ Ապա մարտի մեջ մտան բելառուսական ու հայկական մոտոհրաձգային վաշտերը, Ղազախստանի դեսանտագրոհային դասակն ու Ղրղըզստանի հատուկ նշանակության խումբը։ Շուրջ մեկ ժամ տեւած պաշտպանական, ապա հարձակողական մարտն ավարտվեց պայմանական թշնամու թիրախների 100 տոկոսանոց խոցումներով։

 

ՆԻԺՆԻ ՆՈՎԳՈՐՈԴԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՅՑԸ ՎՐԱՆԱՅԻՆ ԱՎԱՆ

Տեղի հայկական համայնքի եռանդուն ներկայացուցիչ, արտաշատցի գործարար Վիկտոր Մարգարյանից տեղեկանալով, որ «Գորոխովեցկի» ուսումնական կենտրոնում անցկացվելիք զորավարժություններին մասնակցելու նպատակով այնտեղ է նաեւ Հայաստանից եկած մեկ մոտոհրաձգային վաշտ, մայիսի 16-ին վաշտի տեղակայման վայր այցելեցին համայնքի մի խումբ ներկայացուցիչներ՝ Լիդա Լեւոնի Պողոսյանը (նախագահ), Ֆիրդուսի Հակոբյանը, Բաբկեն Մարտիրոսյանը, Վարդան Վարուժյանը, որոնց հետ էր նաեւ Բաբկեն Մանուկյանը Սամարայից։ Իսկ մինչեւ մեր հայրենակիցների այցը, վրանային ավանի անմիջական հարեւանությամբ գտնվող անտառի մի մեծ հատվածում հրդեհ բռնկվեց։ Կրակը մոլեգնորեն լափում էր ծառ ու թուփ։ Գնդապետ Աղաջանյանի հրամանով վաշտը նետվեց վերացնելու հրդեհի օջախը։ Տեսնել էր պետք, թե մեր զինվորներն ինչպիսի անձնազոհությամբ ու քաջությամբ էին կռիվ տալիս տարերքի դեմ։ Չնայած տատանողաբար փչող քամուն, վաշտը անտառի բավականին մեծ հատված փրկեց հրդեհի ճիրաններից։ Տղաները ծխահար եղած աչքերով, մրի մեջ կորած դեմքերով, բայց զվարթ ու անհոգ շարվեցին ըստ դասակների եւ շարժվեցին վրանային ավան, որտեղ նրանց սպասում էին Նիժնի Նովգորոդից եկած մեր հայրենակիցները։ Նրանք եկել էին լիքը սրտերով ու ոչ դատարկաձեռն։ Բերել էին ծխախոտ, հյութեր, միրգ ու բանջարեղեն, լավաշ ու պանիր, տեսակ-տեսակ ուտելիքներ…

-Դուք մեր երեխաներն եք,- արցունքախառն, ոչ վարժ հայերենով մեզ դիմեց համայնքի նախագահ Լիդա Պողոսյանը։-Եվ երբ մենք իմացանք, որ դուք, այսքան երկար ճանապարհ կտրելով, եկել-հասել եք այստեղ, եկել եք ներկայացնելու հայկական զինված ուժերը եւ, ինչպես լրատվական ծառայություններն էին հաղորդում, ներկայացել եք պարզապես փայլուն՝ հիացնելով ու զարմացնելով բոլորին, անկեղծ եմ ասում, ես հուզմունքս չեմ կարողացել զսպել, իմ աչքերից ուրախության ու հպարտության արցունքներ են հոսել։ Իմ աշխատասենյակի հեռախոսները չէին լռում ու չլռեցին մինչեւ ուշ գիշեր։ Երեւի չեք պատկերացնի, թե ինչ անասելի ոգեւորություն ու ազգային հպարտություն հաղորդեցիք մեզ՝ Նիժնի Նովգորոդում ապաստանած ձեր հայրենակիցներին։ Խոնարհվում ենք ձեր առաջ, իմ հարազատներ, մեր հզոր, ազատ հայրենիքի փառապանծ բանակի դրոշակակիրներ։

Ելույթից հետո հայկական վաշտն էլ ուրախացրեց իր հայրենակիցներին։ Անտառում թեւածում էր հայկական երգն ու երաժշտությունը, հայկական քոչարին ոտքի հանեց բոլորիս։

 

ԵՐՐՈՐԴ ՍՏՈՒԳԱՏԵՍ

«Գորոխովեցյան» զորավարժության բուն նպատակը հավաքական անվտանգության երկրների համատեղ ուժերով զինված ահաբեկչական խմբավորումների դեմ հնարավոր մարտական գործողությունների կիրառումն էր:

Մայիսի 14-ն է։ Օրը պայծառ է ու արեւոտ։ Ժամը 10-ին հրամանատարական կետից լսվում է զորավարժության հրամանատար, ՌԴ ԶՈւ 22-րդ բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Մերկուրեւի խրոխտ ձայնը։

-500 հոգուց բաղկացած ահաբեկչական զինված մի խմբավորում, դեռ լույսը չբացված, խախտել է հավաքական անվտանգության երկրներից մեկի պետական սահմանը։ Հանցախմբի նպատակը զինված ճանապարհով պետական հեղաշրջում կատարելն է։ Իրադարձությունների բարեհաջող զարգացման դեպքում այս խմբին պետության ներսում միանալու են ավազակային զինված այլ խմբավորումներ, որոնց ընդհանուր թվաքանակը հասնում է 2500-3000 մարդու։ Գործընկեր պետության նախագահը օգնություն ստանալու խնդրանքով դիմել է հավաքական անվտանգության խորհրդի անդամ երկրների նախագահներին։ Օգնությունը չի հապաղում։

Սա համատեղ զորավարժության երրորդ՝ վերջին փուլն էր զինամթերքի 100 տոկոսի ծախսով։

Զորավարժությունն սկսվեց նախապես հաստատված ժամանակացույցով, օդուժի իրական ռմբահարումներով, հրետանու, «Գրադ» ու զենիթահրթիռային կայանքների, հրասայլերի ու հետեւակի մարտական մեքենաների տեղատարափ կրակով, հակաօդային պաշտպանության միջոցների եւ ստորաբաժանումների կենդանի ուժի մասնակցությամբ։

Զորավարժության երրորդ փուլն անցկացվեց մարտականին մոտ պայմաններում. թվում էր՝ ռազմի դաշտում ես, ականատեսը իրական պատերազմական գործողությունների։ Մղվում էր պաշտպանական մարտ։

Առաջին մոտոհրաձգային դասակը, ավագ լեյտենանտ Սուրիկ Մկրտչյանի հրամանատարությամբ, հետեւակի երկու մարտական մեքենայով ու մեկ հրասայլով գործում էր կրակային դարանում՝ կրակ բացելով հարձակվող պայմանական հակառակորդի վրա։ Մի-8 եւ Մի-10 մարտական ուղղաթիռների, հրետանու եւ զենիթահրթիռային կայանքների կրակային ակտիվ աջակցությունից հետո մարտի մեջ մտան մոտոհրաձգային ստորաբաժանումները, որի ընթացքում իրենց մարտական հմուտ գործողություններով աչքի ընկան ռուսական տանկային գումարտակը, Հայաստանի, Բելառուսի մոտոհրաձգային վաշտերը։ Հակառակորդի զորքերի առաջխաղացումը կանգնեցվեց։ Սկսվեց հակահարձակումը։ Այստեղ իրենց հրաշալի դրսեւորեցին հայ նռնականետորդները։ Արեւմուտքում՝ արդեն նահանջող թշնամու ձախ թեւում, ղազախական դեսանտագրոհայիններն ու ղրղըզական հատուկ նշանակության խումբը դեսանտ իջեցվեց։ Թշնամին սկսեց խուճապահար նահանջել։ Մարտի ելքը վճռված էր։ Մեր ստորաբաժանումները թշնամուն հետապնդեցին մինչեւ պետական սահմանը։ Սահմանի այդ հատվածի անառիկությունը վերականգնվեց։

Զորավարժության ավարտին զորահանդես անցկացվեց, որի ժամանակ բարձր հրամանատարական կազմը թանկարժեք եւ անվանական նվերներով, ազատականներով խրախուսեց առավել աչքի ընկած զինվորներին ու սպաներին։ Գվարդիայի գեներալ-լեյտենանտ Ալեքսեյ Մերկուրեւը, շնորհակալություն հայտնելով զորավարժության մասնակիցներին, հույս հայտնեց, որ ռազմական նման համագործակցությունն առաջիկայում է´լ ավելի կսերտանա, կընդլայնվի ու կամրապնդվի։

Հավաքական անվտանգության խորհրդի անդամ երկրների միջեւ կնքված պայմանագրի վավերացման 10-ամյակին նվիրված մարտական կրակոցով առաջին համատեղ զորավարժությունն ավարտվեց։

♦♦♦

Վերջում կրկին ուզում եմ անդրադառնալ Նիժնի Նովգորոդի մեր հայրենակիցներին, որոնք տասնյակ մեքենաներով իրենց ընտանիքների հետ եկել էին «Իլինո» երկաթուղային կայարան՝ ճանապարհելու զորավարժություններում փայլուն դրսեւորած հայկական մոտոհրաձգային վաշտին։

Պահը հուզիչ էր։ Կայարանամերձ հրապարակում ասեղ գցելու տեղ չկար։ Կանայք, աղջիկները ծաղիկներ էին նվիրում զինվորներին։ Տեղատարափ անձրեւի տակ գրկախառնվել էին բոլորը։ Համայնքի այրերից մեկի թոռնիկն ասաց իրեն գրկած պապին.

¬Պապի՛կ ջան, ես էլ եմ ուզում զինվոր դառնալ։

Բոլորի աչքերում ուրախության, բերկրանքի, կարոտի ու բաժանման արցունքներ էին…

♦♦♦

Մայիսի 18-ին «Զվարթնոց» օդանավակայանում պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, բարձրաստիճան զինվորականներ, ծնողներ ու դպրոցականներ դիմավորեցին մերձմոսկովյան «Գորոխովեցկի» զորավարժարանում հավաքական անվտանգության պայմանագրի անդամ պետությունների համագործակցության շրջանակներում համատեղ մարտական զորավարժություններին գերազանց մասնակցած ազգային բանակի մոտոհրաձգային վաշտի մարտիկներին։

 

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Նիժնի Նովգորոդ-Մոսկվա-Երևան