Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՈՂ ՁԵԶ ՈՉԻՆՉ ՉՊԱՏԱՀԻ…



Խնձորիստան գյուղում ապրում էինք հրաշալի մի ընտանիքում,- հիշում է Իգոր Սարգսյանը:- Ջոկատի ազատամարտիկներին գյուղացիները հյուրընկալել էին իրենց հարկերի տակ։ Ես ու թալինցի Վահե Բաղդասարյանը (հոգուց լույս ճառագող, հայրենասեր մի տղա, Վահեի զոհվելը մեծ ցավ էր մեզ համար) ապրում էինք մի հարկի տակ (ափսոս, պատերազմը մոռանալ է տվել տանտերերի` այդ հրաշալի մարդկանց անունները)։ Բազմանդամ ընտանիք էր՝ պապ, տատ, տղաներ, հարսներ, թոռներ։ Դժվարին օրեր էին, սակայն անպատմելի հարգանք ու սեր էին տածում մեր հանդեպ։ Մենք ամեն կերպ փորձում էինք նեղություն չտալ, աշխատում էինք բավարարվել եղածով, սակայն ամեն անգամ, երբ ուշ ժամի հերթափոխից տուն էինք դառնում ու անաղմուկ, որպեսզի չարթնացնենք տանտերերին, փորձում ոտք դնել այդ սուրբ օջախները, մեզ դիմավորում էին տարեց տանտերերն ու հրավիրում սեղանի մոտ։ Զգացվում էր, որ սպասել են մեզ, թեեւ ճաշը վաղուց պատրաստ է եղել։ Հնարավոր չէր մերժել, հրաժարվել.

– Դուք հեռուներից եկել-հասել եք, որ մեզ օգնեք, բա ամոթ չի՞, տնից-տեղից հեռու` հո քաղցած չե՞ք մնալու,- ասում էր տատը։

Հետո, երբ սեղանից վեր էինք կենում, պապը դիմում էր մեզ.

– Լվալու, կարկատելու ի՞նչ շորեր ունեք, ասեք, մի՛ ամաչեք։

Մենք այդ բոլոր հարցերը փորձում էինք կարգավորել դիրքերում, սակայն ամեն առավոտ արթնանալիս տեսնում էինք նորից լվացած, արդուկած մեր շորերը։

Տանտիրոջ տղաներից մեկը զոհվել էր, ու ամեն անգամ, երբ հերթական կռիվ-հրետակոծությունիից հետո ողջ-առողջ տուն էինք դառնում՝ պապը ժպիտը դեմքին մեզ դիմավորում էր դարպասի մոտ՝ ասելով. -Եկան տղաներս, փառք Աստծո,- իսկ երբ ներս էինք մտնում, տատը հերթով մեզ իր գիրկն էր առնում, համբուրում։

Երբ պետք է մեկնեինք այլ ճակատ, այդ ընտանիքի մեծն ու փոքրը արցունքն աչքերին դուրս էին եկել մեզ ճանապարհելու։ Այնքան էինք մտերմացել, որ մեզ ընդունում էին որպես իրենց հարազատ զավակների։ Եվ հիմա եկել էր բաժանումը, որն այնքան դժվար էր, ծանր։ Երբեք չեմ մոռանա տատի` մեր սիրելի նանի հրաժեշտի խոսքերը.

– Աստված թող ձեզ անփորձանք հասցնի ձեր ծնողներին, ձեր մայրերին։ Ախր նրանք հեռու են, աչքը ձեր ճամփին, ինչ լինելու է, թող ձեզ չլինի, թող ձեր մայրերի աչքերը արցունք չտեսնեն։ Ինչ լինելու է, թող ձեզ չլինի…

Այսպես մեզ ճանապարհեց Խնձորիստան գյուղից հայ մամիկը, մեր տատը, ով զավակ, ով որդի էր կորցրել Արցախյան հերոսամարտում…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
մայոր

Խորագիր՝ #27 (892) 13.07.2011 – 20.07.2011, Հոգևոր-մշակութային


20/07/2011