Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԶՈՒ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՀՈՐԴՈՐԸ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍՊԱՆԵՐԻՆ



Սիրելի երիտասարդ սպաներ

Հայ ազգը իր պատմության ընթացքում կերտել է փայլուն հերոսական հաղթանակներ` առ Հիսուս հավատքով պայծառակերպված, սուրբ Լուսավորչի տեսիլքով գոտեպնդված, Սահակ – Մեսրոպյան շնչով ազգայնացած, Ավարայրի դաշտով սրբացված: Եվ այս անխոցելի վահանի շնորհիվ է, որ հակառակ այն բանի, որ թշնամիները փորձել են մեր երկիրը գերեզմանի վերածել, մենք մնացել ենք անընկճելի, որովհետեւ ազգը, որ մեռնում է Քրիստոսով, Քրիստոսի հետ էլ հարություն է առնում:

Արդի հարափոփոխ աշխարհում, ժամանակակից մարտահրավերների առկայության պայմաններում, երբ Հայոց մեր երկիրը գտնվում է զինադադարի մեջ, որը ժամանակ առ ժամանակ խախտվում է ռազմատենչ կոչեր հնչեցնող հակառակորդի կողմից, հրամայական է` առավել զորացնել մեր բանակի մարտունակ ոգին, հայ զինվորի հավատքը եւ անդավաճան հույսը, որոնց գրավականն է սերը` սերը հայրենիքի, սերը ընտանիքի, սերը մերձավորի ու ընկերոջ նկատմամբ: Դարեր շարունակ Քրիստոսաշնորհ հավատքով է զորացել մեր ժողովրդի հաղթական ոգին, եւ ներկայիս նույնպես հույժ կարեւոր է, որ հատկապես բանակում հայրենանվեր ծառայություն իրականացնող հայորդիները լինեն կրողները ազգային-հոգեւոր մեր սրբազան արժեքների:

Մեր սրբազան պարտքն է շարունակել մեր հայրենանվեր նահատակ զինվորների հայրենակերտ գործը` մեր ուսերի վրա ամուր ու բարձր պահելով նրանց թողած սուրբ վաստակը`ազատ ու անկախ հայրենի պետականությունը: Մենք այսօր անցյալն ու ապագան կամրջող սերունդն ենք, եւ վա՛յ նրան, ով մոռանում է անցյալը, որովհետեւ մի օր էլ ինքը մոռացված անցյալ կդառնա: Ինչպես Եկեղեցին ժողովրդի հոգին է, դուք էլ, սիրելի զինվորյալներ հայոց ազգի, մարմինը պիտի դառնաք: Պետք է գիտենաք կյանքն արժեւորել աստվածային պատգամներով մարդկության եւ մեր ազգի համար, այլապես մեր կյանքը զերծ կլինի արժեքներից: Գաղտնիք չէ, որ մեր իրականությունը տակավին կատարյալ չէ, եւ անհրաժեշտությունն ունենք բարեփոխումների մեր անձի, մեր գործի, մեր համընդհանուր առաքելության մեջ:

Մեր մաղթանքն է, որ դուք, սիրելի զինվորյալներ հայոց ազգի, կարող լինեք օրերից վեր բարձրանալու, պատմությունը կերտելու եւ դառնալու հավիտենականության ճամփորդը: Եկեք քայլենք այնպես, որ լույս հետքը թողնենք պատմության մեջ: Քայլենք հաստատուն դեպի լույս ապագան մեր ազգի, եւ այս ճանապարհին, գոհություն ամենակալին, ձեր հոգեւոր առաջնորդողն ու ուղեկիցն է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին` իր մշտական ներկայությամբ հայոց բանակում:

Այսպիսով, սիրեցյալ եղբայրներ, արիացեք եւ զորացեք, ձեր բոլոր գործերը թող սիրով լինեն, եւ Աստված խաղաղության ու սիրո միշտ կլինի ձեզ հետ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից. ամեն:

ՀՀ ԶՈՒ Հոգեւոր առաջնորդ
ՎՐԹԱՆԵՍ եպիսկոպոս ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Խորագիր՝ #27 (892) 13.07.2011 – 20.07.2011, Հոգևոր-մշակութային


20/07/2011