Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԻՏԼԵՐԻ «ՍԹԵԼՍԸ»



Գոյություն ունի նաեւ այն կարծիքը, որ եթե Երկրորդ աշխարհամարտը մի քիչ էլ շարունակվեր, ապա պատերազմը, հավանաբար, այլ ելք կունենար։ Բազմաթիվ փաստաթղթերի եւ վկայությունների համաձայն՝ Երրորդ ռայխի աշխատանոցներում մշակվում էին այնպիսի զինատեսակներ, որոնք առաջ էին ընկել ժամանակից, եւ Հիտլերը, ով մինչեւ վերջին պահը հույս ուներ պատերազմի ելքը փոփոխել, թերեւս այդ համոզմունքի համար հիմքեր ուներ։ Նացիստ գիտնականները եւ կոնստրուկտորներն աշխատում էին միջուկային ռումբի, միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների շարժիչների եւ աշխարհում առաջին «անտեսանելի ինքնաթիռի» ստեղծման ուղղությամբ։

ԱՆՏԵՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ

Ռեյմար Հորթենը պատերազմի ժամանակ

Բոլոր ժամանակներում էլ մարտական հաջող գործողությունների գրավականներից մեկը համարվել է անսպասելիությունը։ Կործանիչ հարվածները միշտ էլ հասցվել են հակառակորդի համար շատ հանկարծակի։ Ռադարների ի հայտ գալու հետ անհրաժեշտություն առաջացավ անտեսանելի դարձնել ռազմական տեխնիկան, եւ այսօր այդ ասպարեզում ամենագովազդվածը համարվում է «սթելս» (անգլերեն՝ soeaLth-գաղտնի, ծածուկ) տեխնոլոգիան։

Սակայն «անտեսանելիների» թերությունները երեւան եկան ինչպես Իրաքում՝ «Փոթորիկ անապատում» գործողության, այնպես էլ Հարավսլավիայում ամերիկյան ռմբահարումների ժամանակ, երբ սերբական ՀՕՊ-ը խփեց եւ վայր գցեց ամենաքիչը «F-117 սթելս» տիպի երեք ինքնաթիռ։

Առավել հետաքրքիր է, որ «անտեսանելի ինքնաթիռի» առաջին մշակումները կյանքի են կոչվել դեռեւս ֆաշիստական Գերմանիայում, որտեղից էլ հայտնվել են Միացյալ Նահանգներում։

Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ռազմական տեխնոլոգիաների բնագավառում Գերմանիան էականորեն առաջ էր ընկել ինչպես ԱՄՆ-ից, այնպես էլ Խորհրդային Միությունից, որոնք տիրապետում էին գիտական ահռելի ներուժի։ 1943-ից պատերազմի բեկման ընթացքը նացիստները կապում էին նոր տեխնոլոգիաների հետ, որոնք կարող էին աշխարհ բերել «փոխհատուցման զենքը»։ Նման հավակնոտ անվանում կրող նախագծում մեծ տեղ էր հատկացվում նոր ռմբակոծիչներին, որոնք պետք է գերազանցեին գոյություն ունեցողներին իրենց արագությամբ, թռիչքի հեռահարությամբ եւ հակառակորդի ռադարների կողմից չհայտնաբերման հավանականությամբ։ Օդուժի հրամանատար Գերման Գյորինգը կոնստրուկտորների առջեւ որոշակի խնդիրներ էր դրել. նոր ռմբակոծիչը 1000 կգ-անոց բեռը պետք է հասցներ 1000 կմ հեռավորության վրա եւ զարգացներ 1000 կմ/ժ արագություն։ Այդ հիմնահարցի իրականացմամբ սկսեցին զբաղվել նաեւ Հորթեն եղբայրները, ովքեր ցանկանում էին ստեղծել աշխարհում առաջին ռեակտիվ օդանավը՝ «թռչող թեւ» աերոդինամիկ կառուցվածքով։

ՀՈՐԹԵՆ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ

Հիտլերի մարտական «սթելսը»

«Horten Ho-229» ռեակտիվ ռմբակոծիչն այն ժամանակվա համար, հիրավի, յուրօրինակ նախագիծ էր։ Ամերիկյան B-2 ժամանակակից ինքնաթիռը համարյա պատճենն է այն մեքենայի, որ 1940-ական թվականներին ստեղծել էին Ռեյմար եւ Վալտեր Հորթենները։ «Ho-229»-ը փաստորեն զուրկ էր ֆյուզելաժից եւ կարող էր զարգացնել 970 կմ/ժ արագություն։

Ամենահեղափոխական գաղափարը դարձավ Ռեյմար Հորթենի առաջարկությունը՝ ինքնաթիռը ծածկել փայտածուխի փոշու ներկով, որի շնորհիվ թռչող մեքենայի մակերեսը պիտի կլաներ էլեկտրամագնիսական ճառագայթումը։ Գերմանացի կոնստրուկտորների մտահղացմամբ՝ նման ծածկույթը ինքնաթիռի յուրահատուկ ձեւի համադրությամբ «Ho-229»-ը հակառակորդի ռադարների համար պիտի դարձներ անտեսանելի։

Ինքնաթիռի առաջին թռիչքը կայացավ 1944թ. մարտի 1-ին Գյոտինգենում, իսկ նրա զանգվածային արտադրությունը պիտի սկսեր 1945թ. սկզբին։ Գյորինգի հրամանով՝ «Ho-229»-ը մտցվեց «կործանիչների ժամկետային ծրագրում», բայց ժամանակն աշխատում էր գերմանացիների դեմ, եւ նրանք այդպես էլ չհասցրին ինքնաթիռի արտադրությունը դնել հարահոսի վրա։

1945թ. ապրիլի 14-ին Ֆրիդրիխսրոդում գտնվող ինքնաթիռի հավաքման գործարանը գրավեց ԱՄՆ 3-րդ բանակի 8-րդ կորպուսը։ Մինչ այդ օդ էին բարձրացել միայն երկու «Ho-229», եւ պատրաստման տարբեր փուլերում էր գտնվում եւս վեց ինքնաթիռ։ Ռազմավար վերցված ինքնաթիռներից մեկը մասնատվեց եւ ձեռք բերված գծագրերի հետ ուղարկվեց ԱՄՆ։ Ակնհայտ է, որ Հորթեն եղբայրների նախագծից ամերիկացիներն իրենց անտեսանելի «F-117A»-ի համար շատ բան փոխ առան։

«Ho-229»-ի արդյունավետությունը մարտական գործողություններում հայտնի չէ։ Այդ հարցը հետաքրքրեց օդատիեզերագնացության ոլորտի փորձագետներին։ 2008թ. աշնանը կալիֆոռնիական անապատում Northrop-Grumman ընկերության (որը մասնակցել է B-2 «անտեսանելիի» ստեղծմանը) ինժեներները պահպանված գծագրերով եւ միակ նախատիպի հիման վրա պատրաստեցին «Ho-229»-ի կրկնակը։ «Անտեսանելիության» փորձերն անցկացվեցին 2009թ. հունվարին, եւ ինչպես ցույց տվեցին ինքնաթիռի թեւային տեսքը եւ շրջահոսությունը, իսկապես, նրան որոշակի առավելություն էին տալիս ՀՕՊ-ի համակարգի նկատմամբ։

Ամերիկյան «F-117» ինքնաթիռըԸստ փորձարկումների տվյալների՝ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ բրիտանական հակաօդային պաշտպանության կայանքներն այդ ռմբակոծիչը կարող էին նկատել 129 կմ հեռավորությունից, այն դեպքում, երբ սովորական ինքնաթիռը տեսանելի էր 160 կիլոմետրից։ Թվում է, թե տարբերությունը մեծ չէ, սակայն հաշվի առնելով «Ho-229»-ի այն ժամանակվա համար խելահեղ արագությունը՝ Բրիտանիա հասնելու ժամանակահատվածը 19 րոպեից կկրճատվեր մինչեւ 8 րոպեի։ Իսկ այդ հանգամանքը էականորեն կբարդացներ բրիտանական ՀՕՊ-ի կործանիչների խնդիրը։

Իհարկե, նույնիսկ զանգվածային արտադրության իջած գերժամանակակից ինքնաթիռը հազիվ թե փոխեր պատերազմի ելքը, բայց շատ հավանական է, որ Գերմանիան կարող էր ժամանակ շահել, որը նրան չբավականացրեց առաջին միջուկային լիցքերի ստեղծման ու կիրառման համար։ Եվ հարկ է նշել, որ ճակատագրի հեգնանքով «Ho-229»-ը չհասցրեց իջնել զանգվածային արտադրության նաեւ այն պատճառով, որ Ռեյմար Հորթենը «կաշվից դուրս էր գալիս» առավել կարեւոր ու անհապաղ ծրագրի՝ «Ho-18 America-bomber»-ի իրականացման համար։ Վերջինս հսկա, վեց շարժիչանի ռազմավարական ռմբակոծիչ էր, որը, Հիտլերի մտահղացմամբ, պիտի միջուկային ռումբերը հասցներ ամերիկյան մայրցամաք։

Պատերազմից հետո Ռեյմար Հորթենը տարագրվեց Արգենտինա, ուր շարունակեց նախագծել ու կառուցել երկշարժիչանի սավառնակներ՝ «թռչող թեւի» սկզբունքի հիման վրա։ Սակայն այդ նրան զգալի հաջողություններ չբերեց։ Նա կյանքից հեռացավ 1994-ին՝ 79 տարեկան հասակում։

Վալտեր Հորթենը մնաց Գերմանիայում եւ դարձավ հետպատերազմական գերմանական օդուժի սպա։ Նա ապրեց 85 տարի եւ մահացավ 1998-ին Բադեն Բադենում։

Թարգմանեց Ս. Դ.
«XX դարի գաղտնիքները», 2010, թիվ 10

Ռեյմար Հորթենը պատերազմի ժամանակ

Հիտլերի մարտական «սթելսը»

Ամերիկյան «F-117» ինքնաթիռը

Խորագիր՝ #27 (892) 13.07.2011 – 20.07.2011, Պատմության էջերից


20/07/2011