Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՆԵՐԿԱՅՈՒՄ ԱՐՁԱԳԱՆՔՈՂ ԱՆՑՅԱԼԸ



ՆԵՐԿԱՅՈՒՄ ԱՐՁԱԳԱՆՔՈՂ ԱՆՑՅԱԼԸՄեր ավագ ընկերոջ՝ «Մազե կամուրջի» վրայով անվախ քայլող հրաշալի բանաստեղծ Արմեն Մարտիրոսյանի լուսավոր հիշատակին:

 

Եթե քրիստոնյա մեկը դեպի թուրքը դավաճանություն գործի, մեռնի կամ խրատվի` աչքերի կամ երկու ձեռքերի պատուհասմամբ եւ ապաշխարի:

Սմբատ Սպարապետի

«Դատաստանագրքից»

 

Կիլիկիայի հայկական պետությունը… տարածքով, երևի թե, այսօրվա Հայաստանի չափ, այսօրվա Հայաստանի պես քարոտ-քարքարոտ` երեք կողմից թշնամական երկրներով ու ցեղախմբերով շրջապատված: Քաղաքակիրթ աշխարհի հետ ընդամենը մի կապ-կամուրջ ուներ այդ փոքրիկ երկիրը` Միջերկրական անվանված երկրային ծովն էր` ճիշտ այնպես, ինչպես թշնամական օղակից դուրս մի փոքրիկ կամուրջ ունի այսօրվա Հայաստանը` երկնային ծովը: Երկրային ծովը հատող քանի՞ նավ ուներ Կիլիկիան, քանի՞ օդանավ ունի Հայաստանը` առայժմ միակը համարվող երկնային պահապան ծովում…

Մոտ երկու հարյուր տարի գոյատևեց հայկական այդ անկախ պետությունը` Ռուբինյան, Հեթումյան, Լևոնյան, Լուսինյան արքայական դինաստիաներով, և գոյատևման հզոր լծակներից մեկը իրավական ներքին օրենքների խստագույն կիրառումն էր` կենտրոնական և ուժեղ պետականություն ստեղծելու, թերևս, ամենակարևոր նախապայմանը, որն ինչ-որ տեղ պակասում է այժմյան Հայաստանի Հանրապետությանը:

ՆԵՐԿԱՅՈՒՄ ԱՐՁԱԳԱՆՔՈՂ ԱՆՑՅԱԼԸՊատահական չեն, չէ՛, ներկայի ու անցյալի այս զուգահեռները, որովհետև Կիլիկյան Հայաստանի տնտեսական ու քաղաքական իրավիճակը գրեթե այնպիսին էր, ինչպիսին այժմ է: Երկիրը նոր-նոր թևակոխում էր անկախության ճանապարհը: Եվ դեռևս միջազգային պետություններից, ասենք, Բյուզանդիայից կամ Գերմանիայից պաշտոնապես չճանաչված, բայց իրականում հայոց թագավոր դարձած Լևոն Մեծը, որը հարևան թշնամական հորդաների դեմ տարած փայլուն հաղթանակներով հասել էր գերիշխանության, իբրև պետության կայացման առաջին ու կարևոր քայլ, արքունիք է հրավիրում հռչակավոր գիտնական ու հասարակական-եկեղեցական գործիչ Ներսես Լամբրոնացուն՝ իբրև խորհրդատու և արքայադպիր, և խնդրում կազմել  հայոց առաջին օրենսգիրքը: Գրեթե նույն ժամանակամիջոցում՝ իշխանության անցնելուց հետո, Արևելյան Հայաստանում նույն կերպ է վարվում նաև Զաքարե Երկայնաբազուկ Զաքարյանը` Մխիթար Գոշ բազմահմուտ գիտնականին հանձնարարելով ստեղծել իր պետության օրենքների ժողովածուն` «Դատաստանագիրքը»:

Մեր պատմության չափազանց հետաքրքիր էջերից են նշանավոր գիտնականի և արքայի նման համագործակցությունները, որոնք մի ավելորդ անգամ վկայում են, որ երկրի ու պետության փրկությունն ամենից առաջ մարդկանց հոգիների փրկության մեջ է, որ կայուն ու գործող օրենքով նախատեսված հազար ու մի պատիժներով, ապաշխարությամբ ինչ-որ չափով կարելի է զսպել մարդուն դեպի մեղքն ու մեղսագործությունը մղող սատանայի սանձակոտոր ծավալումը: Տեր Աստված, այդպե՛ս, հենց այդպե՛ս են իրավական պետություն կառուցում` իրավական կայուն ու գործող օրենքներով…

Իսկական մտավորականի ու աշխարհիկ տիրոջ համագործակցության փորձն արդեն կար նախկինում և տվել էր շոշափելի արդյունք` հայոց գրերը, Վռամշապուհ թագավորի, Սահակ Պարթև կաթողիկոսի և Մեսրոպ Մաշտոց մտավորականի միասնական տեսք ու կերպարանքով: Եվ հավանաբար այդ համագործակցությունն էր պակասում Տիգրան Մեծին, որը սրով նվաճած անծայրածիր երկիրը, պատկերավոր ասած, չվավերացրեց գրչով, որպեսզի շարունակելի ու տևական լիներ ժամանակի թոհուբոհում:

Այդ անհրաժեշտ ու պարտադիր համագործակցության օրինակները, որոնք  պսակվեցին նախ հայեցի գիր ու գրականության հրաշագործ ծննդով, ապա` Կիլիկիայի հայոց պետականության ամրապնդումով, մեր պատմության ու նախնիների ուսանելի դասերն են` անցյալում, ներկայում և ապագայում: Չյուրացնել այդ առաջնահերթ դասերը, այլ կերպ ասած` անկախության տարրական այբուբենը, նշանակում է ձեռք քաշել սրով, պայքարով, տառապանքով, արյամբ նվաճած ազատությունից, այն դարձնել թղթի վրա ձևականորեն դրոշմված և տնտեսապես, քաղաքականապես, հոգեպես անիրագործելի: Այս իմաստով, թվում է, ուշացել ենք զուտ հայեցի օրենսգիրք ստեղծելու ճանապարհին…

Կիլիկիո Լևոն Մեծ արքայի խորհրդատուն և օրենսգետը, ինչպես նշեցինք, Ներսես Լամբրոնացի գիտնականն էր` մի բազմահմուտ ու քանքարավոր անհատ, որին ժամանակակիցները միայն «մեծաշնորհ ու սքանչելի» ածականներով են հիշատակում: Ավելորդ չէ մեջբերել 13-րդ դարի պատմիչ Կիրակոս Գանձակեցու բնորոշումը. «Գրիգորիս հայրապետի ժամանակ կային անվանի Ներսեսը` նույն կաթողիկոսի հարազատը, և մյուս Ներսես եպիսկոպոս Լամբրոնացին` Հեթումի եղբայրը, որ թարգմանեց Հովհաննու տեսիլքի մեկնությունը, Հռոմի Գրիգոր պապի պատմությունը և սուրբ Բենեդիքտոսի օրենսդրությունը: Գրեց նաև Դավթի սաղմոսների, Սողոմոնի առակների, սուրբ պատարագամատույցի, Հովհաննու Ավետարանչի աղոթքների մեկնությունները»:

Եվ այսպես` հայոց առաջին օրենսգիրքը ծնվեց Ներսես Լամբրոնացու և Լևոն Մեծ արքայի համատեղ ջանքերով: Իսկապես որ, առաջինը, որովհետև մինչ այդ դեռևս չկար Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը»: Պատահական չէր, որ Լամբրոնացին գանգատվում էր, թե` «կաթողիկոսի գրապահոցում չգտանք այլ օրենքներ, բացի «Կանոնագրքից»: Պակասը լրացնելու համար նա ստիպված եղավ թարգմանելու՝ այլ պետությունների, մասնավորապես բյուզանդական ու ասորական օրենքների ժողովածուները: Դա սոսկական ու տառացի թարգմանություն չէր, այլ հարմարեցված էր հայկական կյանքի առանձնահատկություններին, վարքուբարքին, սովորություններին, հավատալիքներին: Առանձնակի ուշադրության են արժանի Լամբրոնացու թարգմանած «Զինվորական օրենքները»` 57 իրավական հոդված, որ գործադրվել է հայոց բանակում: Հետագայում՝ 13-րդ դարի կեսերին, այդ օրենքներն ընդարձակեց և առավել ընդգրկուն դարձրեց Սմբատ Սպարապետը ¥Գունդստաբլ), որը հայ ¥Ներսես Լամբրոնացի, Մխիթար Գոշ) և օտար աղբյուրների հիման վրա ստեղծեց  ամբողջական ու գործուն կանոնագիրք` հայոց կյանքի գրեթե բոլոր բնագավառներն ու նրբերանգներն ընդգրկող. դա և՛ պետականությունն ամրապնդող սահմանադրություն էր, և՛ ներքին կյանքը կարգավորող, մարդկանց իրավունքները պաշտպանող, օրինախախտումների համար զանազան պատիժներ հաստատող կանոնադրություն էր, որը չափազանց կարևոր դեր խաղաց Կիլիկիայի Հայկական թագավորության շուրջ 200-ամյա պատմության ճանապարհին:

Իսկապես էլ, արքայական հիշատակելի ժամանակներ էին, և հայոց արքայի՝ իբրև երկրի բարձրագույն իշխանավորի,  անսահմանափակ իրավունքները վավերացնող սահմանադրություն էր Սմբատ Սպարապետի ստեղծածը:

Օրենսգրքում մեծ տեղ էր հատկացված հայոց բանակի ամրապնդմանը, զինվորական կարգուկանոնի հաստատմանը, առանձին միավորների միաձույլ շաղախով մարտունակ ու կազմավորված զորք ունենալու գործին: Այժմ դարերի հեռվից կարելի է մեկ առ մեկ մտաբերել այն փառահեղ հաղթանակները, որ Կիլիկիայի հայկական բանակը տարել է երկիր ներխուժած բազմաթիվ և բազմազգի հորդաների դեմ: Հենց իր` Սմբատ Սպարապետի զորավարական ողջ գործունեությունը կարելի է  պատկերացնել այդ հաղթական ճակատամարտերի համայնապատկերում… Սակայն, եթե չլինեին խստագույնս գործող զինվորական օրենքներ, Կիլիկիայի ազգային բանակը հազիվ թե նման հաջողության հասներ: Սմբատ Սպարապետի «Կանոնագիրքը» գործում էր անխաթար, թվացյալ դաժանության մեջ` միշտ ճշմարիտ ու արդարացի: Նա խրախուսում-բարձրացնում էր անմեղին, հայրենիքի նվիրյալին և, ընդհակառակը, դաժանորեն պատժում էր զինվորական կյանքում տեղ գտած թուլամորթությունը, վախկոտությունը, դասալքությունը, դավաճանությունը, որոնցից յուրաքանչյուրի համար օրենքով նախատեսված էին զանազան պատժամիջոցներ: Ահա, օրինակ,  իրավական հոդվածներից մեկը, որով պատժվում է հայրենիքի հանդեպ դավաճանությունը. «Եթէ յուրուք վրայ հաստատի, թէ թշնամիսն կամի յաւելուլ, անարգ նախատանօք պատուհասի ոչ միայն ինքն, այլ և որք գիտացին զնոյն գործն»: ¥«Եթե մեկի վրա հաստատվի, թե ուզում է թշնամու կողմն անցնել, անարգ նախատինքով պատուհասվի ոչ միայն ինքը, այլև նրանք, ովքեր գիտեին այդ մասին»): Եվ որովհետև այն ժամանակ էլ, ինչպես այժմ, եղել են դասալիքներ, զինվորական ծառայությունը կամովին լքողներ, օրենքը մի շարք կետերով անդրադարձել է նաև նրանց: Ընդ որում՝ պատիժ էր սահմանված ոչ միայն դասալիքի, այլև նրա հարազատների համար, ովքեր պատերազմի ժամանակ միջամտում և  դրանով իսկ արգելում էին սեփական որդուն զինվորության վերցնելու գործը. «Եթէ ոք զիւր որդին ի ժամանակ ճակատուն խնայէ զինուորել ի  պատերազմ, աքսորեսցի և յընչից իւրոյ  զրկեալ խայտառակեսցի նա թէ և ոք զորդին իւր ի զինուորութեան, աքսորեսցէ»: ¥«Եթե մեկը ճակատամարտի ժամանակ իր որդուն խնայի և չուղարկի պատերազմելու, աքսորվի և ունեցվածքից զրկվելով, աքսորվելով` խայտառակվի թե ինքը և թե իր զինվորյալ որդին»):

Դասալիքներին և դասալքությունը  հովանավորողներին արժանի խստագույն պատիժ` ուսանելի բոլոր ժամանակների համար և դժբախտաբար մեր այսօրվա հայկական բանակում իր ամբողջ զորությամբ չկիրառվող…

Սակայն անհնար է խորապես ընկալել այդ օրենքի տարբեր հոդվածների իմաստն ու բովանդակությունը, առանց պատկերացնելու, թե ինչպիսի կառուցվածք ուներ Կիլիկիայի ազգային բանակը: Հինավուրց գրչագրերն այդ մասին, փառք Աստծու, թողել են սպառիչ տեղեկություններ: Դա ամենից առաջ զուտ ազգային բանակ էր, որի շարքերում հասարակ զորականից մինչև սպարապետը` բացառապես հայեր էին` միևնույն շահերով ու գիտակցությամբ առաջնորդվող: Զորքը, որ բաղկացած էր 80-100 հազար մարտիկից, ենթարկվում էր թագավորի նշանակած գլխավոր հրամանատարին` սպարապետին: Կիլիկիայի զինված ուժերը հիմնականում կազմվել են արքայական բանակից, որն ունեցել է 12 հազար հեծյալ և 50 հազար հետևակ և իշխանների զորամասերից: Այս վերջինները թագավորի կամ սպարապետի հրամանով պատերազմների, կարևոր զորահանդեսների և զորախաղերի ժամանակ միացել են թագավորական զորքին՝ ցուցադրելով երկրի ռազմական ուժն ու հզորությունը` հուրախություն հայ ժողովրդի և ի սարսափ թշնամիների:

Ինձ համար, սակայն, հաճելի է նկարագրել, թե ինչպիսին էր Կիլիկիայի հայոց բանակը զանազան տոնախմբությունների, արքաների օծման արարողությունների, զորավարժությունների պահին: Ահա առջևից, շքեղ համազգեստ հագած, ընտիր զենք ու զրահով զրահավորված, հենց բուն Կիլիկիայում բուծված ազնվազարմ նժույգներ հեծած անցնում են Առաջին Կարգի Ասպետները` զինվորյալք հայոց իշխանական  տների, ովքեր զորավարժությունների, պատերազմների ժամանակ ցուցաբերած արիության, ճարպկության եւ ռազմավարական արվեստին տիրապետելու հմտությամբ նվաճել են այդ պատվավոր կոչումը:  Իսկական ասպետական բանակ է, իսկ ասպետները, հայտնի է, բոլոր երկրներում աչքի են ընկել նախանձելի հավատարմությամբ դեպի իրենց զինվորական երդումը, թագավորն ու ժողովուրդը: Չէ, իսկապես որ, մեծ փառք ու պատիվ էր Առաջին Կարգի Ասպետ լինելը, և հայոց ազնվական պատանին, դեռ վաղ մանկությունից թե՛ զինավարժության և թե՛ դպրատների բարձրագույն ուսումն առնելով, ձևավորվում էր որպես ասպետ` ասպետական հոգեբանությունը բնորոշող հիմնական գծերով: Երիտասարդների հոգում արմատակալած` մարդկայնորեն բարի նախանձի արտահայտություն էր. Երկրորդ Կարգի Ասպատը և՛ մարտի դաշտում, և՛ մրցումներում ձգտում էր, ռազմի և բարոյականության նորմերը խստիվ պահպանելով, աչքի ընկնել արիությամբ, թագավորին ու ժողովրդին անմնացորդ նվիրումով, որպեսզի տեղ գրավեր Առաջին կարգայինների շարքում. դա զինվորին ուղեկցող մեծագույն պատիվն էր` նրա անբասիր անունն ու զորությունը հաստատող, և տրվում էր ամենից արժանավորներին:

Կիլիկյան Հայաստանում վարձատրվում էին և՛ արքայական, և՛  առանձին իշխանների զինվորները` հեծյալները, որոնք կազմված էին ազատներից, ամսական 12, հետևակը, որն ավելի հասարակ ծագում ուներ, 3 ոսկով:

Վճարվող գումարի այս զրնգուն հակասությունը ոչ այնքան այն բանի համար էր, որ ընդգծվեր զինվորների ծագման տարբերությունը, այլ ամենից առաջ սահմանված էր, որպեսզի հետևակայինի հոգում բորբոքեր հեծելազորում ընդգրկվելու, այսինքն` ասպետականության կարգը մտնելու ձգտումը: Դրան էր մղվում (ամենօրյա վարժությամբ ու համառ պարապմունքով) նաեւ հետևակայինը` զորախաղերի ժամանակ հավաքված ժողովրդի և բարձրագույն հրամանատարների առաջ փորձելով ապացուցել իր գերազանցությունը, ասպետ դառնալ և այդպիսով վերացնել շինականի և ազնվականի միջև գոյություն ունեցող անջրպետը: Իսկական ու առողջ մրցակցություն, որն այսօր էլ վատ չէր լինի, եթե կիրառվեր մեր բանակում: Բանակը, ուրեմն, հասարակ զինվորից մինչև բարձրագույն հրամանատարը, վարձատրվում էր, չհաշված հանդերձանքը, զենքն ու զրահը, սնունդը` բոլորին ձրիաբար բաշխվող:

Ասպետականություն… դա զինվորին արիության, կարգապահության ու բարոյականության մղող հոգեբանություն էր, որը պատերազմների ժամանակ փայլուն հաղթանակների միջոցով բազմիցս ապացուցել է իր առավելությունը: Մի բան, որը չափազանց շատ է պակասում այսօրվա Հայաստանի նորաստեղծ բանակին…

Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Խորագիր՝ #05 (1176) 08.02.2017 - 14.02.2017, Բանակ և հասարակություն


08/02/2017