Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՂԱՆԴԱՀԱՐ
ՂԱՆԴԱՀԱՐ

ՂԱՆԴԱՀԱՐ«Ղանդահար» վիպակը Գագիկ Մախսուդյանի՝ ազնիվ ներշնչանքով գրված այն ստեղծագործություններից է, որում արտացոլված է անցյալ դարի 80-ականներին Աֆղանական պատերազմի ժամանակ նրա ապրածն ու զգացածը: Այն ողբերգական դեպքերը, որոնք գրողի խոսուն միջամտությամբ վերածվել են ընդգրկուն-ընդհանրացնող գեղարվեստական փաստի…

 

ԱՐՏԱՀԵՐԹ  ՉՎԵՐԹ

 

Թե  ինչպես  գրադարան  հիմնեցի

եւ…  հայտնվեցի  «Սեւ  կակաչի»  մեջ:

 

1985 թվականի նոյեմբերի յոթն է։ Հինգշաբթի։ Տուն եմ վերադառնում։ AH-12 ռազմական բեռնատար ինքնաթիռը, բարձրություն հավաքելով, վերջին՝ պատվո պտույտն է կատարում Ղանդահարի օդանավակայանի վրա եւ պոչի տակից մանրիկ, ջերմային հրթիռներ արձակելով՝ քիթը հպարտորեն ուղղում է դեպի հյուսիս-արեւելք՝ դեպի ինտերնացիոնալ քաղաք Տաշքենդ, որտեղից սկիզբ էր առնելու «արտոնություններով հարուստ» իմ նորօրյա կյանքուղին։ Աշնանային զորացրումը վաղուց ավարտվել է, եւ ես՝ հատուկ նշանակության դեսանտային գումարտակի վերջին հայը՝ շարքային Վաչիկ Խաչիկյանս, տուն եմ թռչում արտահերթ չվերթով՝ ժամկետից շուտ։ Մինչդեռ Քառասուներորդ բանակում՝ որպես կանոն, շարքայիններից ստորիններին՝ զինվորական որեւէ մասնագիտացում կամ սերժանտական պատրաստություն չունեցողներին, բարձրագույն հրամկազմի  որոշմամբ, զորացրում էին սահմանված երկու տարի  բանակային ժամկետից երեք, երբեմն էլ չորս ամիս հավելյալ ծառայեցնելուց հետո, մինչեւ որ Չիրչիկի նախապատրաստական ճամբարից կժամաներ դեղնակտուցների առաջին խմբաքանակը։ Դասալքելու պատրաստ, սարսափահար դեմքեր… Բայցեւայնպես, հեռանում եմ առանց փետրվարյան փոխարինման սպասելու՝ պարտքս լիուլի հատուցած, թեպետ մինչեւ օրս դժվարանում եմ հասկանալ՝ ո՞ւմ եւ ի՞նչ էի հատուցել։ Եվ կարծում եմ՝ սրանք հարցեր են ամբողջ կյանքիս համար։ Միակ նշանակալի բանը, որ կարողացել էի իրագործել պատերազմից ազատ ժամանակ, զորամասի տարածքում գրադարանի հիմնումն էր, ինչը ես կառուցել էի «թՐՈՊ»-ի արկղերից, որոնք հոյակապ կավարից էին սարքված։

ՂԱՆԴԱՀԱՐԻնձնից մեկ զորակոչ ցածր զինվորներից օգնական ընտրեցի տարիքով մի  մոսկվացու՝ յուղոտ աչքերով մի նախկին պետտնտեսության գլխավոր անասնաբույժի, գիտությունների թեկնածուի եւ ձեռնամուխ եղա գումարտակի քաղաքական գծով հրամանատարի տեղակալ, մայոր Սմետանայի հանձնարարականը կյանքի կոչելուն։ Ես պետք է տասնօրյա ժամկետում գրադարան կառուցեի նորաշեն զորանոցի ինձ հատկացված  հարկաբաժնում, որն էլ իմ «կարապի վերջին երգն» էր լինելու։ Զորամասի հրամանատարությունը խոստանում էր զորացրել ինձ՝ ազատելով հավելյալ ամիսների ծառայությունից։ Գլխավոր անասնաբույժը, որին՝ որպես կրթյալ եւ բարեխիղճ անձնավորության, նախապատվություն էի տվել հիրավի այս հիշարժան առաքելությունը գլուխ բերելու գործում, հոգատար բծախնդրությամբ դասդասեց ձեռքի տակ եղած ահագին գրականությունը` ըստ ժանրային եւ մասնագիտական պատկանելության՝  կազմելով քարտարան։ Տեսնել էր պետք, թե ինչպիսի պատկառանքով ու ծիսական երկյուղածությամբ էր թերթում ռուս մեծերի՝ Պուշկինի, Դոստոեւսկու, Շոլոխովի եւ այլոց անմահ երկերը, սրբում նրանց վրայից անապատի սպիտակ փոշին՝ հառաչելով դառնորեն, երբ պատահում էին խունացած, պատառոտուն էջեր. «Բարբարոսնե՜ր, իժի ծնունդնե՜ր, շուտով ձեր վերջն էլ կգա…»։ Եվ դժվար էր կանխատեսել, թե հատկապես ինչ իմաստ եւ նշանակություն ունեին շուտով, վերջ բառերը նրա բերանում, որոնք նա արտասանում էր մի տեսակ անորոշ(խորհրդավոր), բայց եւ եռանդուն համոզումով, ինչը հատուկ է բոլոր խանդավառ հոգիներին…

Նրան վտարել էին պետտնտեսության գլխավոր անասնաբույժի պաշտոնից «հիվանդ անասունի մսի առաքումը սննդի կետեր ժամանակին չկանխելու համար»։ Դե, նա էլ համընդհանուր խայտառակությունից, ամոթից դիմել էր ծայրահեղ միջոցի. կամավոր անցել էր խորհրդային բանակի շարքերը՝ այդ կերպ մաքրելու անպատվության խարանը իր լայն, լուսավորյալ ճակատից։ Եվ, ինչպես ասում են, մրից փախել, մրջուրն էր ընկել։ Նա տարեց ամուսինների ուշացած զավակ էր։ Հայրը վախճանվել էր տղայի ծնվելուց մի քանի ամիս անց՝ Երկրորդ աշխարհամարտում ստացած ծանր վերքերից։ Ամուսնու մահից հետո մայրն իրեն լիովին նվիրել էր մինուճար որդու դաստիարակությանն ու խնամքին՝ ամեն ինչում  հասցնելով նրան գերազանցիկության աստիճանի, որին միաժամանակ ե՛ւ որպես միակ կերակրողի, ե՛ւ որպես բնածին հարթաթաթի ազատել էին բանակից։ Ի վերջո՝ խեղճ կինը սպառվել էր եւ մնացել որդու խնամքին, իսկ տղան այստեղ էլ դարձյալ իրեն գերազանց էր դրսեւորել։ Անտրտունջ հոգացել էր ծեր ծնողի կենսական պահանջներն ու կարիքները, թեկնածուական թեզ էր պաշտպանել եւ դեռ կուսակցության երաշխավորությամբ էլ նշանակվել էր պատասխանատու պաշտոնի… Ու հիմա տառապում էր «իր խելքից»։

-Երբ չոռը տված տավարի մսից գուլյաշ ու ռագու էին եփում, կուսակցականի խիղճդ չէ՞ր տանջում,- խոսքի բռնվեցի դատախազի տոնով։ -Դասականների խրատները շուտ ես մոռացել։

-Ես իմ խղճի առաջ մաքուր եմ,- արդարացավ անկյալ անասնաբույժը։ -Կուսակցությո՜ւն, կուսակցականի խի՜ղճ, դատարկ խոսքեր են, անունը կա, ինքը չկա։ Դուք, ասում է, մեղավոր եք, իսկ ես ինձ մեղավոր չեմ ճանաչում, եղբա՛յր։ Հա՛, էդպե՛ս։

-Քեզ տեղն է, խալխը գյուղից քաղաք է գալիս, իսկ դու, չգիտես ինչու,  գնում ես կեղտի ու թրիքի մեջ բախտ որոնելու։ Հետն էլ, հո, քաշվեցի՞ր,  ծակեցին տալոնդ, երկրացի։ Էնպես որ, մեղքդ կովերի վրա մի բարդի։

-Ես գյուղ գնացի, որովհետեւ սիրում էի մասնագիտությունս,- բացատրել սկսեց թախծոտ հրապույրով,- թեեւ կարող էի դասախոսել ամենահեղինակավոր բուհի մաքուր եւ լուսավոր լսարաններում։ Մարդու թշնամին ինքը մարդն է եւ ոչ թե՝ կովերը։ Եթե մարդը տգետ է ու անտաշ, ուրեմն, պրծավ, վիճակն անհույս է, խիղճը էստեղ հեչ մեջտեղ չի, կուսակցության հրահանգներով ու կեղծ բարոյականությամբ էլ նրան  խելքի չես բերի։ Նախրապանները ողորմելի արարածներ են. նրանց բան ու գործը առավոտից իրիկուն գետի ափին «ձուկ բռնելն» է եւ մեկ էլ ինչ-որ գարշանքից օղի թորելը։  Մուժիկին շատ էլ վճարես, մեկ է, քիչ էլ. նրա բանը չնչին է, ամեն ինչ արաղի շիշն է լցնում, արդյունքում՝ տուժում են կովերը, իսկ գլխաքանակի անկման համար պատասխանատվություն ես կրում դու ինքդ։ Ես նրանց ասում եմ՝ տավարի միսը պիտանի չէ սննդի արտադրության համար, եւ տալիս եմ իմ մասնագիտական եզրակացությունը։ Նրանք էլ թե՝ անհոգ կացեք, Ալեքսանդր Իվանիչ, ամեն բան կարվի հանձնաժողովի որոշման համաձայն, ձեր խոսքը մեզ համար օրենք է, կայրենք, հետքն էլ չի երեւա, միայն թե՝ դուք բարի լուրերով դարձեք։ Վերադառնում եմ անասնապահների համամիութենական սեմինար-խորհրդակցությունից՝ շիլան պատրաստ է։ Պետական հափշտակումների դեմ պայքարի վարչության աշխատակիցները տնտեսության թղթերն են քրքրում. պարզվում է՝ իմ բացակայության ժամանակ «աչքաբաց» մարդիկ ախտահարված տավարի միսը՝ որպես երկրորդ կարգի մսամթերք, առաքել են հասարակական սննդի կետեր…  Ինձ հաջողվեց խույս տալ դատ ու դատաստանից. բավարարվեցին գլխավոր անասնաբույժի պաշտոնից հեռացնելով եւ կուսմարզկոմի  խիստ նկատողությամբ։  Ոնց որ դու ես ասում՝ ծակեցին տալոնս, սրիկաները։  Իզուր չի ասված՝ ում մի օր ձեռքերի վրա պատվանդանին են բարձրացնում, այնպես էլ մի օր գլորում են ցած՝ լինի անմեղ, թե մեղավոր։

-Իսկ մեղքերից, իհարկե, Ղանդահարի նահանգում են մաքրվում,- խուտուտ տվի նրա թույլ տեղը։

-Մտքովս էլ չէր անցնում։ Երբ ինքնակամ ներկայացա Մոսկվա քաղաքի  մեր զինկոմին, որը հորս ճակատային ընկերն էր, եւ հայտնեցի բանակում ծառայելու ցանկությանս մասին, նա հայրաբար խորհուրդ տվեց հրաժարվել  անհեթեթ մտադրությունից, քանի որ «ինքս կարող եմ հայտնվել սպանդանոցում»։ Ես կռահեցի իմ մասնագիտությանը վերաբերող այլաբանության իմաստը, բայց եւ խնդրեցի, հարգելով հորս հիշատակը, միջնորդել, որ ինձ պիտանի ճանաչեն  ոչ շարային ծառայության համար։ Ընդառաջեցին…

– Կովերի անեծքը բռնել է, հիմի էլ դու ես հայտնվել սպանդանոցում։ Քեզնից մի ամբողջ վաշտի համար «Կիեւյան» կոտլետներ դուրս կգան, միայն թե խեղճ մայրդ, վախենամ, վշտին չդիմանա…

-Մայրս ավանդեց հոգին՝ չտեսնելով իմ խայտառակությունը.  այնպես որ՝  ես այլեւս կորցնելու ոչինչ չունեմ։

-Կորցնելու բան շա՛տ կա,- ոգեւորեցի հուսահատին։ -Ճիշտ է՝ նրանք քեզ «ունեցել են», ինչպես հարկն է,  բայց դու սիրտդ լեն պահի, երկրացի, նրանք դեռ ոտքերդ կընկնեն։ Եվ իմացած լինես՝ ամբողջ Ռուսաստանի գլխավոր անասնաբույժի պաշտոնը քեզ աչքով է անում, չէ որ  դու հիմա «Աֆղանական պատերազմի հերո՜ս ես»…- մաղթեցի շռայլ պայծառատեսությամբ՝ ինքս էլ չհավատալով իմ ասածին։

Շնորհակալ եմ նրան՝ յուղոտ աչքերով անասնաբուժական գիտությունների թեկնածուին, անմեղ-մեղավորին, մարդկությանը՝ ինձ մատուցած  անգնահատելի ծառայության համար, որի գրականագիտական իմացության եւ իմ՝ իբրեւ այս նշանակալի, լուսավորչական ձեռնարկումը ավարտին հասցնողիս հնարագիտության շնորհիվ համաշխարհային մշակույթը (թեկուզեւ ինքնանպատակ)  հանգրվանեց կղերաբարո մի երկրում, որը, չգիտես ինչու, կոչվում է «Դեմոկրատական»։

Գումարտակի քաղաքական գծով հրամանատարի տեղակալ, մայոր Սմետանային՝ հացթուխի արտաքինով մի կրասնոդարցի կազակի, զեկուցեցի  գրադարանի կառուցման ավարտի մասին եւ վերջապես թույլտվություն ստացա կապկպելու իրերս։ Մեկնումիս օրը օդանավակայանում  ինձ հետ էր վաշտի  սանհրահանգիչ, ավագ սերժանտ  Ալեքսանդր Իվանիչ  Նեվիննին՝ Ռուսաստանի ապագա գլխավոր անասնաբույժը, որ եկել էր վերջին հրաժեշտի։ Ես նրա մասին նպաստավոր կարծիք էի հայտնել  Սմետանային՝  երաշխավորելով հարթաթաթ սերժանտին՝ որպես զարգացած եւ բանիմաց մարդու, գրադարանավարի  պաշտոնում շարունակելու հետագա  ծառայական ժամկետը։ (Մեկ է՝ չեմ սիրում հովվերգական հակումներով էդ ուսման գերազանցիկներին,  որովհետեւ ինձ միշտ թվացել է, թե  նրանք գրքերից են կյանքի դասեր քաղում եւ ոչ թե իրականությունից, եւ դեռ ազգանունն էլ՝ ԱՆՄԵՂ

-Գնաս բարով, Վաչի՛կ,- տխուր-տրտում ասաց սանհրահանգիչը։ -Ես քո լավությունը երբեք չեմ մոռանա։

-Ես ի՞նչ, ես՝ ոչի՜նչ… դու ես քո բախտի տերը, շնորհքն էլ քեզնից է։

-Սմետանան ասաց, որ դու իմ մասին գովեստով ես խոսել, եւ ինձ գրադարանավար կարգեց։ Կնշանակի՝ ես այլեւս մարտական գործողությունների չեմ մասնակցելու… ոտքերս էլ ինձ չեն  դավաճանի։ Դու ինձ  փրկեցիր…

-Դու անմեղ ես, քո աչերն են մեղավոր,-  կատակեցի հայավարի եւ  իսկույն էլ թարգմանեցի տարակուսած սերժանտի համար։ -Ասում եմ՝ Տերը քեզ պահապան, հենց որ կարոտես, նամակ գրի։

(շարունակելի)