Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՆԿԱՐԱՅԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՄԻՋԵՎ ՍԱՌՆՈՒԹՅՈՒՆ Է ՆԿԱՏՎՈՒՄ



ԱՆԿԱՐԱՅԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՄԻՋԵՎ ՍԱՌՆՈՒԹՅՈՒՆ Է ՆԿԱՏՎՈՒՄՎերջին ամիսներին Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերություններում նկատելի է որոշակի սառեցում, ինչն ավելի ցայտուն է դարձել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Ադրբեջան կատարած այցից հետո: Եթե դեռ մեկ տարի առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը խոսում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման հրամայականի մասին, ապա 2016 թվականի աշնանը երկու տարբեր հայտարարություններով արդեն իսկ կասկածի տակ է դրել վերջինիս ամբողջականությունը: Էրդողանը նշել է, որ Թուրքիայի կենսական տարածքներն են ոչ միայն Հյուսիսային Սիրիան եւ Հյուսիսային Իրաքը, այլ նաեւ՝ Նախիջեւանը: Ռիզայի համալսարանում էլ նա առանձնացրել է Ղարաբաղը՝ Ադրբեջանի ու Նախիջեւանի հետ մեկտեղ նշելով որպես առանձին քաղաքական միավոր: Այդ ամենը չէր կարող վրիպել ադրբեջանական վերնախավի ուշադրությունից:

Բաքվի եւ Անկարայի հարաբերությունների սառեցման որոշակի հակասություններ նկատվեցին դեռեւս անցած տարվա հուլիսին Թուրքիայում հեղաշրջման անհաջող փորձի օրերին, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տեղի ունեցածի վերաբերյալ «եղբայր ժողովրդի առաջնորդին» արժանի գնահատական այդպես էլ չտվեց: Ավելին՝ Բաքուն սկսեց վարել ինքնուրույն, Անկարայի հետ չհամաձայնեցված քաղաքականություն: Ադրբեջանում բավականին ջերմ ընդունեցին Իսրայելի վարչապետին, սերտացան Թուրքիայի մրցակից Պակիստանի հետ հարաբերությունները: Պակիստանի ու Իսրայելի միջեւ ստորագրված պայմանագրերով Ադրբեջանից միլիոնավոր դոլարներ են հոսելու այդ երկրներ, եւ դա այն դեպքում, երբ Թուրքիայում վերջին տարվա ընթացքում տնտեսական անկում է արձանագրվում, եւ ներդրումների պակաս է զգացվում: Ճիշտ է, Բաքու-Ջեյհան նավթամուղի եւ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության հավակնոտ ծրագրերի իրականացումը դեռ շարունակվում է, սակայն իրականում վերջին 3 ամսվա ընթացքում Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ նույնիսկ ապրանքաշրջանառությունն է նվազել:

Էրդողանին հաճելի չէ տեսնել, թե ինչպես է Ալիեւը փնտրում աշխարհաքաղաքական այլընտրանքային գործընկերներ, մանավանդ՝ Եվրասիական Տնտեսական միության շրջանակներում: Եվ որքան սերտանում են ռուս-թուրքական հարաբերությունները, հատկապես՝ Սիրիայի հարցում, այնքան ավելի շատ է Բաքուն ցուցադրում ինքնուրույն քաղաքականություն: Ավելին՝ Թուրքիայի քրդաբնակ շրջաններում անկարգությունների կազմակերպման ետեւում հայտնաբերել են նաեւ ադրբեջանական հետք, իսկ «Իսլամական պետության» կազմում Ադրբեջանի քաղաքացիների բացահայտ մասնակցությունը Սիրիայում ընթացող պատերազմին գոնե այս փուլում Անկարայի սրտով չէ:

Այդուհանդերձ, Թուրքիան շարունակում է հավատարիմ մնալ ղարաբաղյան հարցում ադրբեջանամետ դիրքորոշմանը, ինչն իրականում մեծ բեռ է դարձել նրա համար: Թուրքական դիվանագիտությունը փորձում է ձերբազատվել կովկասյան ուղղությամբ Բաքվի թելադրանքից, բացել հայ-թուրքական սահմանը, առեւտրային  արդյունավետ հարաբերություններ հաստատել ԵՏՄ անդամ Հայաստանի հետ: Այդ ծրագրերի իրականացմանը խանգարում է Ալիեւի կոշտ եւ ապակառուցողական քաղաքականությունը:  Անկարայում համաձայն են, որ Ադրբեջանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը՝ 5 շրջանների հանձնման դիմաց: Նաեւ մտահոգ են, որ հիմնահարցը չմտնի ռազմական փուլ: Ռուս-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը Անկարային կստիպի հետ կանգնելու Ալիեւի ցանկացած արկածախնդրությանը սատարելուց, ինչը լավ են հասկանում Բաքվում: Լավ են հասկանում նաեւ, որ Նախիջեւանը գործնականում ապրում է Թուրքիայի հաշվին, կարծես նրա մարզերից մեկը լինի, եւ որ Ղրիմի սցենարով դրա բռնակցումը որեւէ դժվարություն Անկարայի համար  չի ունենա:

Այսպիսով՝ որքան սերտանում են ռուս-թուրքական հարաբերությունները, այնքան խորանում են տարաձայնությունները Անկարայի եւ Բաքվի միջեւ՝ դրան նպաստող տարբեր գործոններով հանդերձ: Մասնավորապես՝ տարածաշրջանային խոշոր դերակատարներ Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը վերջին մի քանի ամիսների ընթացքում փորձում են այստեղ կայունություն եւ խաղաղություն հաստատել: Մինչդեռ Ալիեւին պետք են նոր դիվերսիաներ ու լարվածություն՝ պետության բյուջեն ռազմական ծախսերի ոլորտ ուղղելու եւ սեփական իշխանությունը պահպանելու նպատակով: Ամենայն հավանականությամբ Բաքուն կշարունակի Անկարային այլընտրանք փնտրել:

Բագրատ ՄՈՎՍԵՍՅԱՆ

Խորագիր՝ #05 (1176) 08.02.2017 - 14.02.2017, Տարածաշրջան


08/02/2017