Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԵՍ ՈՒ ԲԱՆԱԿՍ 25 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ
ԵՍ ՈՒ ԲԱՆԱԿՍ 25 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ

25 տարի առաջ ծնվեց Հայոց բանակը։ Ծնվեց ու հասակ առավ, հաղթահարեց բազմաթիվ դժվարություններ, անցավ տարբեր փորձությունների միջով, տոնեց փառահեղ հաղթանակներ… Կայացավ, դարձավ հզոր բանակ` համալրված նվիրյալ զինվորականներով։

Շատերի ծննդյան օրն է համընկնում պետական որեւէ տոնի հետ, սակայն ոչ բոլորը կարող են հպարտանալ, որ իրենք Հայոց բանակի հասակակիցն են՝ ծնվել են 1992 թվականի հունվարի 28-ին։

Բանակի ծննդյան օրը բանակի մասին խոսում ու իրենց շնորհավորական խոսքն են ասում բանակի հասակակիցները։

 

ԿԱՐԱՊԵՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

VLUU L110, M110  / Samsung L110, M110

Շատ մարդիկ իրենց տարեդարձի օրը տխրում են, իսկ ես նման զգացողություն չունեմ։ Ավելին` ամեն տարի այդ օրը ես կրկնակի եմ ուրախանում, որ ծնվել եմ իմ պետության համար կարևոր նշանակություն ունեցող մի օր։ Ես և մեր բանակը հասակակիցներ ենք, ու այս տարի կնշենք մեր 25-ամյակը:

Բանակում առաջին անգամ ծննդյանս օրը նշել եմ դիրքերում, 19 տարեկան էի։ Երկրորդ անգամ նորից դիրքերում պետք է լինեի, բայց դրանից երկու օր առաջ հերթափոխը հանձնելիս ընկերներս ասացին, որ հրամանատարն իմ մասին է հարցրել: Չասացին, թե ինչու։ Կապվեցի հրամանատարական կետ, ասացին՝ պատրաստվի՛ր, իջնում ես զորամաս: Մինչև տեղ հասնելը հազար ու մի բան անցավ մտքովս: Հրամանատարի տեղակալը կանչեց իր մոտ ու հայտնեց, որ նախարարությունից բանակի 20-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը մասնակցելու հրավեր եմ ստացել, և ինձ ծննդյանս օրվա կապակցությամբ արձակուրդ է տրվում։ Պատկերացրեք` ինչ ուրախություն էր ինձ համար, ի՜նչ հրաշալի անակնկալ, մեծ, շա՜տ մեծ նվեր 20-ամյակիս… Ու ոչ միայն ծննդյանս օրը, այլև արձակուրդում եղած տասը օրերը անակնկալներով լիուլի էին։

…Չէի ուզենա գնալ բանակ ու սահմանամերձ զորամասում չծառայել, դիրքերում չկանգնել: Դիրքերում ամռան տապին, ձմեռվա սառնամանիքին գիշեր ու զօր կանգնած տղաները ավելի լավ են գիտակցում՝ ինչի համար են ծառայում։ Մենք գիտենք, որ մեր թիկունքում մեր ծնողներն են, ընտանիքը, հայրենիքը…

Ռուսաստանի շատ քաղաքներում եմ ապրել և համոզվել եմ, որ հայի «թասիբը», հայի պատիվը ոչ ոք չունի։ Այն մեր արյան, մեր գենի մեջ է, այն հնարավոր չէ ձեռք բերել կամ գնել։ Հենց դրա շնորհիվ ենք հասել նրան, որ անկախ երկիր ունենք, հզոր բանակ, ուրեմն՝ մեր ազգը շատ ուժեղ է։ Թող մեր զինվորները միշտ այդպես ուժեղ ու քաջ լինեն, ամուր կանգնեն իրենց դիրքում: Թող իմանան, որ բոլորս էլ մեր երկրի զինվորն ենք, և եթե, Աստված մի արասցե, կարիքն զգացվի, հաստատ նորից մարտական շարքերում կլինենք, նրանց կողքին: Եվ ինչպես բազմիցս ապացուցել ենք, նորից կապացուցենք, որ ուժեղ ենք,  մեր բանակն ուժեղ է:

Տոնդ շնորհավոր, ի՛մ բանակ:

 

ԱՐՄԵՆ ԱՊԻՏՈՆՅԱՆ

ԵՍ ՈՒ ԲԱՆԱԿՍ 25 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔՍովորել եմ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում։ Ֆուտբոլիստ եմ, բայց իմ մասնագիտությամբ չեմ աշխատում։

Բանակային կյանքին, մինչ զորակոչվելս, ծանոթ էի եղբայրներիս պատմածով։ Այդպես` ուրիշների պատմածով, շատերն են ծանոթ զորամասային անցուդարձին: Բայց այդ պատմածը միշտ չէ, որ համապատասխանում է իրականությանը։ Պատմելով՝ չես հասկանա՝ ինչ է ծառայությունը։ Լսելը մի բան է, անձամբ այնտեղ լինելը, տեսնելը, ծառայելը՝ ուրիշ։ Մինչև քո մաշկի վրա չզգաս բանակային կյանքի դժվարությունները, չգիտակցես արածդ գործի կարևորությունը, չես հասկանա՝ ինչ է ծառայությունը։

Շատ բաներ կան, որոնց մասին անգամ պատկերացում էլ չես ունենում մինչև բանակ գնալը։ Սկզբում փոքր-ինչ դժվար է լինում, բայց հետո կամաց-կամաց հարմարվում ես, հասկանում քո անելիքը, և ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Անգամ այն բաները, որ թվում են բարդ և անիրագործելի կամ չափազանց կարևոր, բանակից հետո դառնում են հեշտ և իրականանալի, նույնիսկ ժամանակ էլ չես ուզում վատնել նման «մանրուքների» վրա։ Բանակը մեծ դպրոց է տղամարդու համար, որի տված դասերը պետք կգան ամբողջ կյանքում:

…Ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին համոզվեցինք, որ մեր բոլոր զինվորները հերոսներ են։ Պատրաստված, խելացի զինվորներով համալրված մարտունակ բանակ ունենք: Սակայն, այնպես եմ ուզում, որ այլևս երբեք հարկ չլինի ցույց տալու մեր բանակի ուժը, մեր զինվորի ամուր ոգին, որովհետև ամեն հաղթանակ էլ ձեռք է բերվում թանկ կորուստների գնով… Այնպես եմ ուզում՝ խաղաղ լինեն հայոց սահմանները, որ զինվորներն անփորձանք ծառայեն ու վերադառնան հայրենի օջախներ և խաղաղության պայմաններում իրագործեն իրենց երազանքները։

Իսկ օրվա հետ կապված զգացողություննե՞րս… Դե, ո՞ւմ հաճելի չի լինի ծննդյան օրը նաև պետական մակարդակով նշելը, երբ երկրով մեկ տոնական տրամադրություն է։

Շնորհավոր իմ ու քո ծնունդը, Հայո՛ց բանակ։

 

ՌԱԶՄԻԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ԵՍ ՈՒ ԲԱՆԱԿՍ 25 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔՀամակարգչային օպերատորի մասնագիտություն ստանալուց հետո զորակոչվեցի բանակ։ Ծառայությանը պատրաստ էի: Հասկանում էի, որ բանակային կյանքը ավելի է հասունացնում. հայացքներդ են փոխվում, ավելի կշռադատված ես դառնում, կայանում ես, ինքնահաստատվում և, ընդհանրապես, սկսում ես ավելի լավ հասկանալ կյանքը։ Ծառայությանս մեծ մասն անցավ առաջնագծում։

Հպարտ եմ, որ իմ ու բանակիս ծնունդը նույն օրն է, ինձ համար դա շատ մեծ ուրախություն է, որովհետև քչերին է բախտ վիճակված օրացույցում իր ծննդյան օրը միշտ կարմիր գույնով տեսնել։

Ինձ շատ է դուր գալիս, երբ հունվարի 28-ին տեսնում եմ մեր քաղաքում տիրող իրարանցումը, տոնական տրամադրությունը։ Պատահում է՝ անտեղյակ մարդիկ հարցնում են՝ ի՞նչ է կատարվում քաղաքում, ես էլ հպարտորեն պատասխանում եմ՝ ծնունդս են նշում։

Հայրս միշտ ասում է. «Տե՛ս, թե ինչ օր ես ծնվել, է՜, մեր բանակի ծննդյան օրը»։ Ընկերներս էլ հաճախ բարի նախանձով նշում են. «Մենք էլ կուզեինք մի այդպիսի օր ծնված լինել»։

Ցանկացած առիթի ժամանակ անպայման բաժակ ենք բարձրացնում զինվորի համար, իսկ ծննդյանս օրը երկրորդ կենացը միշտ բանակինն է…

Այսօր ծառայող մեր զինվորներին մաղթում եմ  անփորձանք ծառայություն, բանակիս՝ հզորություն, երկրիս էլ՝ խաղաղություն։

Շնորհավոր ծնունդդ, հայկակա՛ն բանակ։

 

ՀԱԿՈԲ ՕՐՋԱՆՅԱՆ

ԵՍ ՈՒ ԲԱՆԱԿՍ 25 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔՏրամադրված ու սիրով եմ մեկնել ծառայության` գիտակցելով բանակի դերն ու նշանակությունը: Մարդամոտ եմ, շուտ եմ հարմարվել նոր պայմաններին: Բանակը մի ուրիշ, նոր միջավայր է, անծանոթ աշխարհ, նոր ծանոթություններ, նոր ընկերներ։ Բանակում շատ ընկերներ եմ ունեցել, որոնցից շատերի հետ կապը մինչ օրս էլ պահում եմ: Բանակային ընկերն ուրիշ է, նրա հետ դիրք ես պահում, այնտեղ մեկդ մյուսին վստահում եք։ Գլխումդ էլ անընդհատ նույն միտքն է՝ բոլորս էլ «տունուտեղից կտրված» տղաներ ենք, ու ամեն մեկս ծառայությունից հետո պիտի գնա-հասնի իր տուն, իր ծնողներին։ Այդ երկու տարիների ընթացքում իրար եղբոր պես պետք է ընդունենք, սիրենք ու պաշտպան լինենք։

Բանակը շատ է փոխում, կոփում. լավին էլ ենք դիմանում, վատին էլ։ Դրանք կյանքի այն երկու տարիներն են, որ, իմ կարծիքով, բոլոր տղաները պիտի անցնեն` առանց բացառության։

Հիշում եմ՝ ինչպես նշվեց 20-ամյակս. զորամասից բերեցին Երևան, այնուհետև մարզահամերգային համալիրում կայացած տոնական երեկոյի ժամանակ հայտարարեցին, որ մեզ արձակուրդ է տրվում. աննկարագրելի հուզիչ պահ էր ¥այս մասին երևի կհիշեն բոլոր այն 39 տղաները, ովքեր ծնվել են 1992 թվականի հունվարի 28-ին և 20-ամյակը նշելիս եղել են ծառայության մեջ¤։

Հպարտ եմ, որ ծառայել եմ հայոց բանակում, հպարտ եմ, որ իմ փոքր, գուցե չնչին ներդրումն ունեմ հայրենիքիս պաշտպանության գործում։

Բանակը մեր երկրի ամենասպասված ու սիրելի զավակն է։ Եվ առաջնեկ որդու նման նրան բաժին է հասնում լավագույնը։ Թող որ մեր բանակը օրեցօր ուժեղանա, մեր զինվորներն ամուր, առողջ լինեն։ Անփորձանք և ապահով ծառայեն ու միշտ հիշեն, որ տանն իրենց սպասում են։

Հոբելյանդ շնորհավոր, ՀԱՅՈ՛Ց ԲԱՆԱԿ:

ԿԱՐԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ