Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԶԻՆԱԿԻՑ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ
ԶԻՆԱԿԻՑ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ

ԶԻՆԱԿԻՑ ԵՂԲԱՅՐՆԵՐԸԱրման եւ Ռոման Ադամյանները հարազատ եղբայրներ են, տանկիստներ: Մեկը վաշտի, մյուսը դասակի հրամանատար է: Ապրիլի 2-ից 3-ն ընթացող մարտական գործողությունների ժամանակ նույն տանկում էին, ինչը, ասում են, հակասում է պատերազմի կանոններին: Եթե, իհարկե, պատերազմը կանոններ ունի: Նրանք շրջանցել են հարավարեւելյան ուղղությամբ գրավված մարտական դիրքը, թիկունքից շեշտակի հարվածել ու կասեցրել հակառակորդի առաջխաղացումը: Ոչնչացրել են թշնամու երկու տանկ, պատճառել կենդանի ուժի զգալի կորուստներ: Ադամյանները պարգեւատրվել են «Մարտական խաչ»  երկրորդ աստիճանի շքանշանով:

Սպաներին առաջին անգամ հանդիպել էի ապրիլին: Հրադադար էր, բայց տանկիստի իրենց գլխարկները դեռ չէին հանել: Գուցե ականջակալներով այդ սեւ գլխարկից էր, որ Արմանը խիստ էր թվացել, Ռոմանը` մտահոգ, եւ ես եզրակացրել էի` զրույց չի ստացվի: Ամիսներ անց եկել եմ զրահատանկային զորամաս, որտեղ ծառայում են արցախցի եղբայրները: Հիմա կուղղեմ ապրիլյան բացթողումս:

 

Պատերազմում հաղթում է գիտելիքը

Արմանը նման է մի մարդու, որն ամեն ինչ տեսել է: Չնայած երիտասարդ է, հազիվ երեսուն տարեկան:

-Չգիտեմ` ո՞նց տանկիստ դարձա: Չգիտեմ` ինչո՞ւ այդպես որոշեցի: Հետաքրքրասիրությունից դրդվա՞ծ  ուժերս փորձեցի, թե տանկի խցիկն ինձ գրավեց իր անհասանելիությամբ,-կարծես ինքն իրեն է հարցնում ու միաժամանակ էլ կարեւոր որոշում կայացնում. բացե՞լ արդյոք ծալած էջը:

-Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում երեք տարի սովորել եմ որպես մոտոհրաձիգ, վերջին կուրսում, սակայն, մտափոխվել, դարձել եմ տանկիստ,-խոժոռվում է` ինչպես սխալված մեկը:- Չէ, ինչ եմ ասում, այդպես չէր:  Ավելի ուշ եմ տանկիստ դարձել, շատ ավելի ուշ: Սկզբում դժվար էր, ոչինչ չէր ստացվում:  Անհաջողություն` անհաջողության հետեւից: Իմ կուրսում բոլորն ինձնից լավ էին տանկի հետ լեզու գտնում: Այնպե՜ս էին մանեւրում… Ես էլ, գիշերը զորանոցում պառկած, շարունակ մտածում էի. տեսնես՝ մի օր ես էլ կկարողանա՞մ երկաթյա հսկային իմ կամքին ենթարկել: Մանր բաները դժվար ու անհաղթահարելի էին թվում: Մասնագիտական գիտելիքի պակասը ամեն քայլափոխի զգացնել էր տալիս:  Ինչքան էլ անվախ լինես, ինչքան էլ ցանկանաս, մեկ է՝ հաջողությունը սիրում է արհեստավարժներին: Ես փորձ չունեի, եւ հաջողությունն ամեն անգամ ինձնից երես էր թեքում:

-Թեթևությամբ ես քո «թերությունների» մասին պատմում, երեւի նրանից է,  որ ինչ-որ էական բանի ես հասել քո կյանքում: Հասել ես համառ աշխատանքի շնորհիվ:

-Մարտական առաջին հրաձգությունս հիշեցի: 2008 թվականն էր, նոր էի նշանակվել դասակի հրամանատար: Մեխանիկ-վարորդը սխալվեց, իսկ ես փոխանակ ուղղեի, ճիշտ ճանապարհ ցույց տայի, սեղմեցի «аварийный блок» կոճակը: Տանկը կանգնեց` ոչ առաջ, ոչ հետ: Ասես սպասում էր, որ մեկն իրեն գործի գցի: Տխուր տեսարան էր: Մենք այդ օրը չկրակեցինք, նույնիսկ տեխնիկան տեղաշարժել չկարողացանք: Մնացել էինք վարժադաշտում շվարած:

-Հիասթափվե՞լ էիր:

ԶԻՆԱԿԻՑ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ-Հիասթափություն չկար, կար սովորելու մեծ ցանկություն: Շաբաթներով տանկից դուրս չէի գալիս: Երբ գլխարկը գլխիցս հանում էի, ճակատիս դաջված տեղը օրերով չէր անցնում: Հետո զորավարժությունների ժամանակ իմ տանկը գրեթե միշտ գերազանց արդյունք էր գրանցում, խոցում էր բոլոր թիրախները: Շնորհակալագրեր, պատվոգրեր, պարգեւներ… Ես սխալների վրա սովորող մարդ եմ: Երբ բոլորն ասում են` ապրե՛ս, էլի ինչ-որ բանից, ինքս ինձնից դժգոհ եմ, որովհետեւ ոչ ոք ինձնից լավ չգիտի իմ հնարավորությունների սահմանը:

-Ապրիլյան կռվից հետո մասնագիտական մտահոգություններդ պետք է որ անհետացած լինեն:

-Չէ՛, չէ՛: Հիմա ավելի շատ եմ աշխատում, որովհետեւ բացթողումներն ավելի լավ եմ նկատում, որովհետեւ գիտեմ` պատերազմում հաղթում է գիտելիքը, փորձը, արհեստավարժությունը: Դու ընտրում ես բոլոր տարբերակներից ամենաճիշտը: Դու անում ես ավելին, քան կարող ես,-Արմանը աչքերը շրջում է չորս կողմը. դիմացը նստած է եղբայրը, որ ամբողջ ընթացքում ոչ մի անգամ չէր միջամտել զրույցին,-այ, Ռոմանը կհաստատի: Լավ է՝ միասին էինք, նույն տանկում, թե չէ՝ անընդհատ կմտածեի` տեսնես որտե՞ղ է, ի՞նչ է անում, ո՞ւմ հետ է:

 

Տասներկուաստղանի տանկը

-Արմա՛ն,-դիմում է Ռոմանը քիչ մտածելուց հետո,- դու դուրս արի, որ ես կարողանամ խոսել:

Արմանը զարմացած նայում է եղբորը, բայց չի հակաճառում: Դուրս է գնում:

-Մենք հիմա նույն զորամասում ենք ծառայում: Նախկինում տարբեր շրջաններում էինք: Հազվադեպ էինք հանդիպում: Եվ երբ երկու օրով տուն էինք գնում, անպայման վիճում էինք տանկի մեխանիզմներից, մեքենավարումից: Հետո վերադառնում էի զորամաս, մտնում խցիկ` համոզվելու` ե՞ս եմ ճիշտ, թե ինքը: Էն ժամանակ ո՞վ կմտածեր, որ մի օր նույն տանկով պիտի կռիվ տանք,-ասում է՝ վեր բարձրացնելով հոնքերը:- Ես եւ Արթուր Հովսեփյանը մտել էինք խցիկ: Պատրաստվում էինք շարժվել: Մեկ էլ՝ Արմանը վազքով եկավ ու հայտարարեց, որ միանում է մեզ,-վերհիշում է Ռոմանը անհանգիստ ձայնով:-Փորձեցի հետ պահել: Ասացի` «ես երկու երեխա ունեմ, իսկ դու երկու ամիս առաջ ես ամուսնացել»: Ընդդիմացավ ճիշտ այնպես, ինչպես ես ռազմական համալսարան ընդունվելիս: Այն ժամանակ էլ ինքն էր երկու ոտքը մի կոշիկի մեջ դրել, թե` «տնից մեկը զինվորական կլինի»: Ինչեւէ, տեղավորվեց խցիկում, ու քիչ անց բարձրացանք թումբը: Ճանապարհ հարթող մի դեղին տրակտոր երեւաց եւ երկու-երեք տանկ: Խփեցինք առաջինը, մի ժամ անց` երկրորդը:

Ռոմանը թուխ, միջահասակ, պնդակազմ, ժայռի նման տղա է: Նրան վախի և համարձակության մասին հարցեր չես ուղղի: Անհարմար է: Բայց արի ու տես՝ ինքն է խոսք բացում:

-Երբ առաջին անգամ մտանք մարտադաշտ, վախ չկար: Դեռ չէի հասկանում, թե ինչ է կատարվում: Երբ երկրորդ անգամ գնացինք, սիրտս էնպես էր խփում, ոնց որ ձեռքիդ մեջ թռչունը կթպրտար: Պատերազմը դաժան դպրոց է, եթե մարդ անցել է էդ կրակի միջով, ամեն նեղությունից դուրս կպրծնի,-ձայնը իջեցնում է:- Մեր տանկը հանգիստ չէր առնում: Չորս-հինգ րոպեում յոթ-ութ արկ էր կրակում: Երբ մեզ էին թիրախավորում, տանկը քողարկում էի իր խիտ ծխով: Այդ հնարքը շատ էր օգնում: Տանկը պիտի լավ պահեինք:

-Կռվով անցած է, հա՞: Ապրիլին փողին տասը աստղ էի նկատել,-ասում եմ ոգեւորված:

-Արդեն տասներկուաստղանի է,-ժպտում է Ռոմանը:-Միայն տանկը չէ վաստակավոր. նշանառու Արթուր Հովսեփյանը մի «Մարտական խաչ» էլ առաջին պատերազմից ունի: Այն ժամանակ էլ նույն տանկով է կռվել, նույն թշնամու դեմ: Եվ էլի հաղթող են դուրս եկել:

Հասկացա` չորսով էին պատերազմում. Արմանը, Ռոմանը Արթուրն ու տանկը:

Շուշան ՍՏԵՓԱՆՅԱՆ