Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
«ՎՃՌԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՄԵՐ «ԴԵՍՊԱՆՆԵՐԸ»
«ՎՃՌԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՄԵՐ «ԴԵՍՊԱՆՆԵՐԸ»

«ՎՃՌԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՄԵՐ «ԴԵՍՊԱՆՆԵՐԸ»Հունվարի 15-ին ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հերթական զորախումբը մեկնեց Գերմանիա, որտեղ նախապատրաստական վարժանքներ անցնելուց հետո տեղափոխվելու է Աֆղանստան: ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող «Վճռական աջակցություն» խաղաղարար առաքելությանը Հայաստանը մասնակցում է 2010 թվականից: Միաժամանակ ներգրավված է Հայաստանի զինված ուժերի երկու զորախումբ: «Վճռական աջակցություն» առաքելությունը ոչ մարտական է, որի հիմնական նպատակն է մարզել և վերապատրաստել Աֆղանստանի ուժային կառույցների ներկայացուցիչներին։ 2014թ. ավարտին այն փոխարինել է ISAF («Անվտանգության աջակցության միջազգային ուժեր») առաքելությանը։ Ինչպես ISAF, այնպես էլ հիմա՝ Resolute support («Վճռական աջակցություն») ծրագրի իրականացման ժամանակ Աֆղանստանի ողջ տարածքը բաշխված է 4 մասերի: Գերմանական զորախումբը, որի կազմում են նաև ՀՀ ԶՈւ զինծառայողները, հսկում է հյուսիսային հրամանատարության կազմում գտնվող Մազարի Շարիֆի «Քեմփ Մարմալ» ռազմաբազայի տարածքը:

 

ՀՀ ՊՆ Խաղաղապահ բրիգադում շարային ստուգատես է. Աֆղանստան մեկնող հերթական հայկական զորախմբի հրամանատար, մայոր Հովիկ Միրզոյանը վերջին ցուցումներն ու հրահանգներն է տալիս խաղաղապահներին:

Զորախմբի զինծառայողներից շատերի համար սա առաջին խաղաղարար առաքելությունը չէ: Կրտսեր սերժանտ Գարեգին Առաքելյանը, օրինակ, իր առաջին առաքելությունն իրականացրել է Կոսովոյում:

«ՎՃՌԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՄԵՐ «ԴԵՍՊԱՆՆԵՐԸ»-Պարեկային ծառայություն էինք իրականացնում Կոսովոյի քաղաքներում և  Սերբիայի սահմանագծին: Վերաբերմունքը հայերիս հանդեպ շատ ջերմ էր: Բոլորը՝ թե՛ տեղի բնակչությունը, և թե՛ միջազգային կոալիցիոն ուժերի ղեկավար կազմը, մեզնից գոհ ու շնորհակալ էին: Մեր բոլոր զորախմբերն էլ բարի համբավ են վայելում այն վայրերում, որտեղ ընդգրկված են խաղաղապահ գործունեության մեջ: Այս անգամ Աֆղանստանում եմ ներկայացնելու իմ հայրենիքի զինված ուժերը, ինչի համար շատ հպարտ եմ:

Ի տարբերություն Գարեգին Առաքելյանի՝ շարքային Արսեն Հովհաննիսյանն առաջին անգամ է մասնակցելու խաղաղարար առաքելությանը:

-Ինչ էլ որ լինի, պատրաստ ենք ցանկացած փորձության: Գնում ենք մեր պարտքը կատարելու և պատվով վերադառնալու: Իսկ ակնկալիքները դրական են:  Անհամբեր եմ:

Ավտոբուսների շարասյունն ուղևորվում է «Զվարթնոց» օդանավակայան: Կես ժամ չանցած՝ զորախումբն արդեն շարված է թռիչքուղու մոտ: Խաղաղապահ բրիգադի շտաբի պետ, գնդապետ Արտյոմ Գևորգյանը հրահանգավորում է անցկացնում՝ մաղթելով անփորձանք, պատվաբեր ծառայություն:

Թռիչքից առաջ զրուցեցինք նաև Խաղաղարար զորախմբի հրամանատար, մայոր Հովիկ Միրզոյանի հետ.

-Դուք նման առաքելությունների որոշակի փորձ ունեք: Ի՞նչ կասեք մեր զորախմբերի պատրաստվածության մասին:

-Վստահ եմ՝ այս զորախումբը, ինչպես և առաքելություն իրականացնող մեր մյուս զորախմբերը բարձր մակարդակով կիրականացնի ծառայությունը և կարդարացնի մեր սպասումները: Վստահությունը մեր զորախմբերի հանդեպ միշտ էլ բարձր է եղել:

«ՎՃՌԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՄԵՐ «ԴԵՍՊԱՆՆԵՐԸ»-Ի՞նչ դժվարությունների եք հանդիպում խաղաղապահ առաքելությունների ընթացքում:

-Հիմնական դժվարությունները սովորաբար կապված են ընտանիքից երկար ժամանակով հեռու գտնվելու հետ: Այդ պատճառով մինչև մեկնելը աշխատում ենք հնարավորինս չլուծված խնդիրներ չթողնել:

-Այլազգի զորախմբերի հետ համագործակցության ընթացքում մերոնք ի՞նչ հատկանիշներով են առանձնանում, ո՞րն է մեր զորախմբերի հանդեպ վստահության գաղտնիքը:

– Մեզնից յուրաքանչյուրը՝ որպես հայ ազգի ներկայացուցիչ, որպես «դեսպան», ներկայացնում է մեր երկիրը: Հայկական զորախմբերը պատիվ են ունեցել ծառայելու գերմանական, ամերիկյան, հունական, լեհական զորախմբերի կազմում: Իմ կարծիքով, բարի համբավի գաղտնիքը թաքնված է նախ և առաջ բարձր կարգապահության և  խնդիրների կատարման որակի ու արագ արձագանքման մեջ:

Նշեմ նաև, որ նմանատիպ բոլոր առաքելությունները մեզ համար կարևոր փորձառություն են, որը վերադառնալուց հետո համատեղ միջոցառումների ժամանակ փոխանցում ենք նաև մեր զինված ուժերի այլ զորամասերին ու ստորաբաժանումներին:

Քնար ԹԱԴևՈՍՅԱՆ