Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՆԱՏՕ-Ի ԶՈՐՔԵՐԸ ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԻՆ
ՆԱՏՕ-Ի ԶՈՐՔԵՐԸ ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԻՆ

ՆԱՏՕ-Ի ԶՈՐՔԵՐԸ ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԻՆ

Հունվարի 12-ին ամերիկյան 300 զինվորականներ ժամանել են Լեհաստան: Նրանք կմիանան այդ երկրում արդեն գործող ԱՄՆ զորախմբին: Շուրջ 3500 զինվորական և 2500 միավոր զրահատեխնիկա  տեղակայվելու է Ռուսաստանի Կալինինգրադի մարզի սահմանից ոչ հեռու գտնվող Ժագան բնակավայրում, այնտեղ արդեն գործում է ամերիկյան զորախմբի հրամանատարական կենտրոնը: Նախատեսվում է մոտակա ժամանակներում անցկացնել նաև լեհ-ամերիկյան համատեղ ուսումնական զորավարժություններ:

ՆԱՏՕ-ի նոր խոշոր ռազմական բազա հիմնելու մասին որոշում կայացվել էր դեռ 2016 թվականին: Ըստ ռազմական փորձագետների՝ սառը պատերազմից հետո սա ամերիկյան զորքերի խոշորագույն տեղակայումն է Եվրոպայում: Լեհաստան  արդեն բերվել են  «Abrams» տեսակի 87 տանկ, «Bradley» զրահապատ 114 մեքենա, 18 ինքնագնաց կայանք:

Լեհական կենտրոնը կդառնա Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի հրամանատարական վեց գլխավոր հանգույցներից մեկը, որի խնդիրներից է լինելու նոր ստորաբաժանումների ընդունումն ու տեղակայումը, սպառազինության վերաբաշխումը, ինչը հնարավորություն կտա նաև արագ մոբիլիզացնելու ուժերը հյուսիսարևմտյան ուղղությամբ ցանկացած գործողություն սկսելու դեպքում, այդ թվում՝ օդուժի կիրառմամբ: Ընդհանուր առմամբ՝ լեհական ուղղությամբ կգործի 4 գումարտակ: Ամերիկյան զինվորականները Լեհաստանում կմնան մինչև սեպտեմբեր, որից հետո նրանց կփոխարինեն Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ այլ երկրների զինվորականներ:

Լեհաստանում մեկ այլ ռազմական բազա էլ կբացվի: Այն կհամալրվի շուրջ 1000 զինվորականներով ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Ռումինիայից: Նախատեսվում է, որ մինչև տարեվերջ Լեհաստան կժամանի մոտ 7 հազար զինվորական: Աճող ծախսերին զուգահեռ կմեծանա նաև Հյուսիսատլանտյան դաշինքի ընդհանուր բյուջեն՝ 892 միլիարդ դոլարից հասնելով 918 միլիարդի:

Հատկանշական է, որ Լեհաստանում ամերիկյան զորքերի տեղակայման մասին որոշման վերջնական կայացումը համընկել էր ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամ երկրում՝ Թուրքիայում ծավալված ներքաղաքական խորը ճգնաժամի հետ: Հիշենք նաև, որ վերջին մի քանի ամիսներին Անկարան հաճախակի է խոսում Ինջիրլիքում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմական բազայի հնարավոր փակման կամ մեկ այլ երկրի տրամադրելու մասին:

Ռուսաստանը բավական զուսպ է ընդունել անմիջապես իր «քթի տակ» ամերիկյան զորքերի տեղակայման փաստը: Մոսկվան բազմիցս  հայտարարել է, որ Արևմուտքում պետք է հարգեն Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերությունների Հիմնարար ակտը, որում ամրագրված է՝ Հյուսիսատլանտյան դաշինքը չի կարող մշտական զորքեր տեղակայել անմիջապես ՌԴ սահմանին մոտ: 2016թ. ամռանը Կրեմլը իր հայտարարություններով փաստացի նախազգուշացրեց, որ Դաշինքի զորքերի նոր համալրումը ուղիղ սպառնալիք է իր ազգային անվտանգությանը:  ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչները պնդում են, որ Հիմնարար ակտի խախտում չի եղել, քանի որ Լեհաստանի բազայում ոչ մի երկիր իր զորքերը մշտապես չի տեղակայելու, այն համալրվելու է միայն ռոտացիոն կարգով:

Դեկտեմբերին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարեց, որ Դաշինքի պաշտոնյաների հավաստիացումները բավարար չեն: Նա մատնանշեց, որ նման քայլը կրկին վկայում է՝ ՆԱՏՕ-ում որպես հիմնական հակառակորդ են դիտարկում հենց Ռուսաստանին: Շոյգուի խոսքով՝ վերջին տասը տարվա ընթացքում Ռուսաստանի սահմանին Դաշինքի հետախուզական սարքավորումների մոտենալու դեպքերն աճել են 4 անգամ: Հետևաբար, Ռուսաստանը լուրջ նախապատրաստվել է՝ մասնավորապես Կալինինգրադի մարզում դեռ աշնանը տեղակայելով «Բաստիոն», «Իսկանդեր», Ս-400 տեսակի հրթիռային ու հակահրթիռային կայանքներ եւ ավելի հզորացնելով Բալթյան նավատորմը: Ուժեղացվում է նաև Ռուսաստանի կենտրոնական շրջանների պաշտպանական համակարգը: Օրերս Մոսկվայի ՀՕՊ համակարգը համալրվել է ևս երկու Ս-400 կայանքներով:

Ամերիկյան զորքերի այս տեղակայումը միանշանակ չի ընկալվել նաև Եվրոպայում, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ի անդամներ Գերմանիայում, Իտալիայում, Հունաստանում, քանի որ ամերիկյան կողմի այս քայլը կարող է հանգեցնել անկանխատեսելի զարգացումների: Եվ հիմա ստացվում է, որ բոլորը հույսները կապում են ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որը հունվարի 20-ին պաշտոնն ստանձնելուց հետո հնարավոր է՝ հստակեցնի Վաշինգտոնի դիրքորոշումը և փոխզիջումային քայլեր ձեռնարկի: