Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ՀԱՂԹՈՒՄ Է ՆԱ,  ՈՎ ՉԻ ԽՆԱՅՈՒՄ ԻՐԵՆ
ՀԱՂԹՈՒՄ Է ՆԱ, ՈՎ ՉԻ ԽՆԱՅՈՒՄ ԻՐԵՆ

ՀԱՂԹՈՒՄ Է ՆԱ,  ՈՎ ՉԻ ԽՆԱՅՈՒՄ ԻՐԵՆԵրեք տարի անընդմեջ (2013, 2014  եւ 2015 թթ.)՝ լավագույնը միավորման կազմում, 2015-ին՝ պաշտպանության բանակում: Այսպիսի փայլուն հաջողությունների է հասել գնդապետ Գեղամ Գաբրիելյանի հրամանատարությամբ գործող զորամասը: Հատկապես մարտական հերթապահություն կատարող զորամասում բացառվում է նման արդյունքների հասնել առանց  բարձր կարգապահության ու մասնագիտական գերազանց պատրաստվածության եւ իհարկե՝ մարտական առաջադրանքի կատարման լուրջ գիտակցման:

Հրամանատարի աշխատասենյակում եմ: Հեռախոսազանգերը չեն լռում.  ծառայությունների պետերը, մարտական հերթափոխի պատրաստվող ստորաբաժանումների հրամանատարները նախնական կարգադրություններ են ստանում: Զորամասի ամեն շարժին քաջատեղյակ հրամանատարը  հերթով լսում  է   ներս ու դուրս անող փոխհրամանատարների զեկույցները, համապատասխան հանձնարարականներ է տալիս…

Շարահրապարակում աշխույժ եռուզեռ է: Մարտական հերթափոխի պատրաստվող ստորաբաժանումները շարային ստուգատես են անցնում եւ վերջին ցուցումները ստանում իրենց անմիջական հրամանատարներից: Վաղը տղաները կբարձրանան դիրքեր՝ փոխարինելու իրենց մարտական ընկերներին:

-Մարտական հերթափոխի եք պատրաստվում, երևի ճակատ սրբելու ժամանակ չունեք,- զրույցի  եմ բռնվում հրամանատարի հետ:

-Մարտական առաջադրանք կատարող զորամասում ծանրաբեռնվածության պակաս չի զգացվում: Ուրիշ կերպ նկատելի արդյունքի չես հասնի: Զորամասը վերջին տարիներին իսկապես լուրջ հաջողություններ ունեցավ բացառապես մեր զինվորի ու սպայի տքնաջան և նվիրված ծառայության շնորհիվ՝ մարտական ծառայությանը, իրենց պարտականություններին  գիտակցաբար մոտենալու, հրամանները ստեղծագործաբար կատարելու շնորհիվ: Լավագույնների մեջ լավագույնն ենք  ճանաչվել,  որովհետև մեր զինծառայողները առաջադրանքները կատարում են չխնայելով իրենց ուժերն ու կարողությունները: Մեր զինվորն ու սերժանտը, ենթասպան ու սպան գիտեն հաջողության հասնելու եւ հաղթելու բանաձևը՝ հաղթում է նա, ով իրեն չի խնայում,-վստահեցրեց հրամանատարը, որի խոսքում անթաքույց սեր ու պատկառանք եմ նկատում ծառայության դժվարություններն իրենց ուսերին կրող զինվորի ու սպայի նկատմամբ:

-Վերջին ամիսներին թշնամին ակտիվացել է, հատկապես շատ են դիպուկահարների կրակոցները: Առաջնագծում ծառայությունն առավել անվտանգ դարձնելու նպատակով ի՞նչ շոշափելի աշխատանքներ են իրականացվել:

-Առաջնագծի՝ մեր պաշտպանությանը վստահված հատվածում հսկայածավալ ինժեներական-ամրաշինական ու կահավորման աշխատանքներ են կատարվել: Սահմանի ողջ երկայնքով փշալարային արգելափակոցներ են ավելացվել, ամրացվել են պաշտպանիչ պատնեշները, հենակետերում տեղադրվել են տարատեսակ տեսասարքեր: Մշտապես հետևողական աշխատանքներ ենք  իրականացնում անձնակազմի զգոնության բարձրացման ուղղությամբ. յուրաքանչյուր հերթափոխից առաջ անվտանգության կանոնների պահպանման նպատակով անցկացնում ենք հրահանգամեթոդական պարապմունքներ: Ամենակարևորը՝ ԶՈՐՔԻ ՄԱՐՏԱԿԱՆ ՈԳԻՆ ԲԱՐՁՐ Է: Անձնակազմը մարտունակ է, համալրված ժամանակակից զինատեսակներով: Հակառակորդի ցանկացած ոտնձգության կհետևի խորտակիչ հակահարված: Նման անպատասխանատու փորձը թշնամու գլխին կատարյալ փորձանք կդառնա:

-Ձեր խոսքը հուսադրող է: Այսպես վստահ կարող է խոսել միայն իր զորքի ուժն իմացող զինվորականը: Ինչ եք կարծում, հնարավո՞ր է՝ ձեր ղեկավարած զորամասը նորից արժանանա լավագույնի կոչման:

-Չեմ կարող ասել: Մարտական պատրաստության ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումները կատարել ենք ժամանակին և ճշգրտորեն: Կճանաչվե՞նք լավագույնը, թե ոչ, կիմանանք արդյունքների ամփոփումից հետո: Միայն կարող եմ հպարտորեն ասել, որ ունենք համարձակ, քաջ, հերոսանալու պատրաստ զինվորներ: Հաղթում է նա, ով չի վախենում ծառայության ծանրաբեռնվածությունից, ով չի խնայում իրեն:

Աներկբա է հրամանատարի խոսքը, և ես հավատում եմ մեր երկրի արևելյան սահմանի պահպանությունն ու պաշտպանությունը անձնվիրաբար իրականացնող զորամասի հրամանատարին, հավատում եմ իր զորքի ուժին, ոգուն, իր զինվորին անվերապահ վստահող փորձառու գնդապետի խոսքին:

 

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ