Հայերեն | На русском | In English

Մենյու
Խորագրեր
ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ ԳՆԴԱՑՐՈՐԴԸ
ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ ԳՆԴԱՑՐՈՐԴԸ

ԳԻՆԵՍԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ ԳՆԴԱՑՐՈՐԴԸՀայոց բանակի շարքերում ծառայող զինվորների մեջ դյուցազնական ուժի տեր տղաների շատ եմ հանդիպել և բազմիցս առիթ եմ ունեցել գրելու նրանց մասին, որոնցից մեկն էլ ջոկի գնդացրորդ Արտակ Ռաֆայելյանն է: Առաջնագծում ծառայող զինվորը իր ֆիզիկական արտառոց ունակությունների շնորհիվ հասցրել է գրանցվել ոչ միայն Հայկական դյուցազնագրքում, այլև դառնալ Գինեսի գրքի ռեկորդակիր՝ պառկած դիրքից 11011 անգամ կատարելով հենում-ծալում վարժությունը:

Արտակը ծնունդով Հրազդան քաղաքից է, ինչպես ինքն է անթաքույց  հպարտությամբ  շեշտում՝ «Աթարբեկյան» թաղամասից է: Պատանեկան հասակում զբաղվել է սիրողական բռնցքամարտով: Ճիշտ է, մեծ սպորտում  ակնառու նվաճումներ  չի ունեցել, բայց իր բնատուր անսովոր ուժով միշտ էլ առաջացրել է շրջապատի զարմանքն ու հիացմունքը:

Արտակին հանդիպեցի առաջնագծում, նա դիրքի արթուն հերթափոխն էր: Ակամա նայեցի նրա ապառաժ բազուկներին, բռնած զենքին եւ մարմնովս սարսուռ անցավ: Երբ բարևեցի՝ ձեռքս կորավ նրա հզոր ու կոշտացած ափի մեջ. շարքային Ռաֆայելյանը մի տեսակ շփոթվեց ու կարմրեց, կարծես հանցանք գործած լիներ: Այդ պահին մեզ մոտեցած դիրքի ավագ, ավագ լեյտենանտ Միհրան Իսոյանը պարզ ու հակիրճ բնորոշեց թերեւս ինքն իր սրտաբաց ձեռքսեղմումից շփոթված զինվորին. «Ես հպարտ եմ, որ Արտակի նման զինվոր ունեմ»:

Ապրիլյան իրադարձությունների ժամանակ Արտակը դիպուկ ու նպատակային է գործածել իրեն ամրակցված ՊԿ գնդացիրը, որի փողից բռնած՝ հորիզոնական դիրքում մեկ րոպե անշարժ պահում է 10 կիլոգրամից ավելի կշռող զենքը՝ առաջացնելով մեր՝ ներկաներիս անկեղծ հրճվանքը: Ծառայության հասարակածը արդեն իսկ հատած գնդացրորդն ու բանակի «Քաջարի մարտիկը» կզորացրվի ամռանը, նրան փոխարինելու կգա Ռաֆայելյանների օջախի մյուս դյուցազնը՝ Արտակի կրտսեր եղբայր Ժորան, որը նույնպես Հայկական դյուցազնագրքի հերոսներից է…

 

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուս.՝ հեղինակի