Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՅԱՆՔԻՑ ԱՌԱՎԵԼ



ԿՅԱՆՔԻՑ ԱՌԱՎԵԼԱմանոր է: Երևանից դուրս ես գալիս, եւ մոռացվում են տոնական շունչն ու գունագեղությունը։ Ճանապարհի երկայնքով տարածվում են սպիտակ ու ամայի դաշտերը, արահետները… Հեռվում Արարատ լեռն է` հաղթական ու վեհ… Ճանապարհը ձգվում է մինչև Վեդի քաղաք: Հասնում ենք գերեզմանատուն… Ապրիլյան  չարաբաստիկ այդ օրը պատմության սպիտակ էջի վրա արյունով գրվեց ևս մի անուն` Անդրանիկ Զոհրաբյան… Ծաղիկներով ամփոփված սառած հողաթմբի տակ հանգչում է նա… Օդը սառն է, մաքուր, բայց դժվար է շնչելը։ Կյանքը կարծես կանգ է առել այս շիրիմի ու նրա շուրջ տարածված լռության մեջ։ Հերոսի գերեզմանին այցի եկել է հերոս ընկերը` Վակը՝ Վարդգես Ումրիկյանը։ Ծանր ու հոգեմաշ րոպեներ են` լցված հազարավոր չասված բառերով. լուռ ցավ կա` սեղմված ատամների արանքում։

Քայլերս տանում են հերոսի տուն. ի՞նչ խոսել, ինչի՞ մասին լռել…Մոտենալիս դանդաղում եմ, սրտիս զարկերը` արագանում։ Բոլորը տոնում են 2017թվականի գալուստը։ Այս տանը եւս տոնական սեղան է դրված… Բայց ժամանակը կարծես կանգ է առել. 2016թվականի ապրիլի 3-ի առավոտն է՝ այն օրը, երբ չարաբաստիկ լուրը հայտնեց մանկության ընկերը։ Տանը բացարձակ հանդարտություն է տիրում։ Անդրանիկի դիմանկարը լցնում է  տան ողջ էությունը… սա սովորական տուն չէ. այստեղ խոսում են շշուկով, հայացքներով։ Անցնում եմ պատվո անկյուն: 20֊ամյա մի կյանք է այդ անկյունում` հագեցած հազարավոր երազանքներով ու նպատակներով: Հերոսի իրերն են` զինվորական հագուստը, փամփուշտները, խաչը, նկարները, մեդալները, պարգեւները։ Ապագա ֆուտբոլիստի մեդալների կողքին նաեւ հետմահու տրված «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանն է… Հերոսի մայրը` տիկին Ալլան, մի քանի բառ է ասում ցածրաձայն. «Ափսոս էին մեր տղաները»…

Սեղանի շուրջ լռությունը խախտում է հերոսի հայրը` Ատոմը։ Պատմում է ու պատմում… Անդրանիկի հարազատ ընկերը՝ Վակը, որքան բան կցանկանար պատմել, սակայն… Ծնողները ցանկանում են լսել. իրենց որդու հետ կապված ամեն խոսքը թանկ է, անգին…։ Մտովի բոլորս տեղափոխվում ենք անցած Նոր տարի… Մայրը հիշում է, որ Ամանորի գիշերը տասներկուսն անց տասին Անդոն զանգել ու ասել էր, որ արդեն պառկում են քնելու. պատժվել էին անկարգության համար։ Ակամա ժպտում ենք։ Վակոն մանրամասներ է ավելացնում ու աչքերը գետնին հառում՝ «Անցած տարի բոլորս կայինք` Անդոն, Քյարամը, Ուրֆանյանը, Կյաժը…»:

♦♦♦

Տանտերերը չեն մոռանում հյուրերի մասին… Հյուրասիրում են, բաժակները լցնում ու խմում են Անդրանիկի եւ բոլոր այն տղաների կենացը, ովքեր կանգնած են սահմանին։ Պատկերացնում եմ Անդրանիկին մեր կողքին նստած…

Մտովի տեղափոխվում ենք մարտական դիրք։ Վերհիշում պատերազմական օրերը։ Թվում է՝ ուր որ է սիրտդ կկանգնի ներսումդ կուտակված ցավից ու ցասումից, հետո ինքդ քեզ նախատում ես՝ թե նրանք չեն խելագարվել անասելի ցավից՝ դու հանգիստ նստիր տեղդ ու լսիր։

«Հայրենասիրությունը բարձր խոսքեր ասելը չի, հայրենիքը սիրում են նաեւ հայրենիքի համար զոհված հերոսների մասին ցածրաձայն խոսելով, հիշելով… Դա է հայրենասիրությունը… Մեր տղաները նահատակներ են, ոչ թե զոհեր, քանի որ իրենց կյանքը տվել են հանուն սուրբ գործի, սրբագործվել են…»: Բաժակները բարձրացնում ենք Անդրանիկի նկարին նայելով եւ խմում նրա ու բոլոր նահատակների համար։

«Ուզում եմ, որ մարդիկ կենաց ասելիս չմոռանան՝ ում շնորհիվ են հիմա բաժակ բարձրացնում…

Երբ թղթաբանություն եւ ուսման վարձի զեղչի տոկոսաչափ են որոշում, թող հիշեն, որ Ռոբերտը, Անդրանիկը, Արմենակը, Քյարամն ու մյուս նահատակները չէին մտածում հայրենիքը այսքան կամ այնքան տոկոսով պահելու մասին, նրանք կռվեցին անմնացորդ` 100%-ով՝ տալով ամենաթանկը` իրենց ջահել կյանքը… Միշտ հիշենք նրանց»,- ասում է հերոսի մայրը՝ տիկին Ալլան։

Հայրն էլ խոսում է երկրի անցուդարձի, նորից ու նորից հայրենիքի նվիրական գաղափարի, մեր օրերի մարդկանց մասին… Ժամերն անցնում են, բայց մենք զրուցում ենք առանց հոգնելու: Մի տեսակ լուսավոր հանգստություն ու պարզություն կա այս տանը… Կարծես Անդրանիկն էլ հիմա մեզ հետ մասնակցում է զրույցին… Միայն հետո՝ բաժանվելիս հանկարծ զգում ես նրա բացակայությամբ պայմանավորված դատարկությունը…

Գլուխս ծանրացել է, մտքերս՝ խառնվել: Ականջումս անընդհատ Անդրանիկի հոր խոսքն է. «Մենք այսօր ունենք ուժեղ, հոգեպես հզոր, կայացած զինվոր, ով ապահովում է իրեն վստահված դիրքի հողակտորի անվտանգությունը, պաշտպանուում է ինչպես սեփական տունն ու ընտանիքը… Կյանքից առավել»։

Արմինե ՊՈՂՈՍՅԱՆ

Խորագիր՝ #01 (1172) 11.01.2017 - 17.01.2017, Ճակատագրեր


12/01/2017