Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԻԱՅՆ ԱՌԱՋ



ՄԵԶ ԳՐՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ԱՌԱՋԱրթուր Գևորգյանը ծնունդով Կոտայքի մարզի Զովք գյուղից է: Այնքան էլ վաղուց չէ, որ զորացրվել է: Ծառայությունից վերադարձել է «Քաջարի մարտիկ» կրծքանշանով: Քառօրյա պատերազմական գործողությունների մասնակից է, եւ ապրիլյան դեպքերը նրա հիշողության մեջ դեռ թարմ են:

-Կիրակի էր,- հիշում է Արթուրը,-հրամանատարը ասաց. «Տղե՛րք, գնում ենք առաջնագիծ, իրավիճակը չափազանց լուրջ է, ուշադիր և զգույշ պետք է լինեք, դուխո՛վ…»: Թշնամին անընդհատ կրակում էր: Կռիվ էր… ու ոչ թե մեր տեսած ֆիլմերում, այլ իրական, երբ ապրելու և մեռնելու հավանականությունը մեկը մեկին էր… Սպաները կռվում էին մեր կողքին, մեզ ուժ տալիս, ոգևորում: Ասում են` պատերազմում բոլորը հավասար են, բայց մեզնից ամեն մեկը այդ օրերին ընկերոջ կյանքը սեփականից վեր էր դասում:

Մարտադաշտում գնդակների մահացու տեղատարափ էր, կրակում էին ամեն կողմից, բայց վախ չկար, կռվում էին աշխարհում ամեն ինչի մասին մոռացած:

-Նահանջել չկա, միայն առաջ,- ոգևորում էին միմյանց, որովհետև պարզ գիտակցում էին՝ մի քայլ ետ գնալը թշնամուն է՛լ ավելի կմոտեցներ իրենց ծնողներին, իրենց շեներին ու օջախներին: Ամեն մեկը հասկանում էր, որ սահմանի մի փոքրիկ հատվածի ամրությունը հենց իրենից է կախված:

-Նահանջել չկա, միայն առաջ,- կրկնում էին՝ իրար ոգևորելով:

♦♦♦

-Հենց այդ օրերին ևս մեկ անգամ զգացինք, թե ժողովուրդն ինչքա~ն է սիրում, գնահատում իր զինվորին, որ մեր բոլոր տագնապները, անհանգստությունները, մեր բոլոր ապրումները ժողովրդի սրտով է անցնում,-խոստովանում է Արթուրը: -Հավատացեք, թիկունքից եկած օգնությունը, թեկուզ ամենասովորական լուցկին ու ծխախոտը, քաղցրավենիքը, մեզ ավելի էին ոգևորում, կրկնակի ուժ ու եռանդ էին տալիս, նաև պարտավորեցնում ավելի լավ կռվել, թշնամու մեջքը անխնա կոտրել:

Արթուրը երկար լռում է, հետո նորից ինչ-որ բան հիշում ու ժպտալով շարունակում.

-Իսկ թե այդ օրերին ինչ են զգացել, ինչ տագնապներ են ապրել մեր ծնողները, դժվար է բառերով արտահայտել: Երբ դիրքերից իջա, զանգեցի տուն. «Մամ ջան, աչքդ լույս լինի, իջել եմ պոստից»: Հեռախոսի այն կողմում ձայն չկար. մայրս լաց էր լինում: Հետո տնեցիք բոլորն էլ հերթով վերցնում էին հեռախոսը, հա՛մ լաց էին լինում, հա՛մ ուրախանում…

♦♦♦

Նոր տարին Արթուրը հարազատ օջախում անցկացրեց, բայց մտքով էլի թռել-հասել էր ծառայավայր: Մտաբերում էր զինվորական միջավայրում նշած տոնական օրերը, երբ զորամասում թնդում էր երաժշտությունը, երգում էին, պարում: Տոնական շունչ էր ամենուրեք, իրենք էլ անսահման ուրախ էին, ամենակարևորը` տղերքը ողջ էին… Կյանքը սիրող տղերքը, որ իրենց կյանքը տվեցին հանուն խաղաղության…

Արթուրը մեկ առ մեկ նշում է զոհված ընկերներին, հիշում միասին անցկացրած ուրախ-տխուր օրերը:

-Ծառայությունից հետո ամեն ինչին ուրիշ հայացքով եմ նայում, ուրիշ կերպ արժևորում ու գնահատում: Հիմա մեր հող ու ջուրը ավելի թանկ է դարձել ինձ համար, որովհետեւ այս հողի համար իրենց կյանքն են տվել իմ ընկերները…

 

ԱՐՈՒՍՅԱԿ ԱՄՐԱՄՅԱՆ

գ. Զովք

Խորագիր՝ #01 (1172) 11.01.2017 - 17.01.2017, Բանակ և հասարակություն


12/01/2017