Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄԱՆՈՐՅԱ ԱՆԱԿՆԿԱԼ



ԱՄԱՆՈՐՅԱ ԱՆԱԿՆԿԱԼԱմանորից մի տասը օր առաջ էր: Զինվոր տղաների` Արմենի, Նորիկի, Հակոբի, Սահակի զորացրման ժամանակն էր եկել: Տղերքը անսահման ուրախացել էին հարազատների հետ մոտալուտ հանդիպումից եւ միաժամանակ անսահման տխրել. երկու տարի միասին էին ծառայել: Կատակ բան չէ` երկու տարվա ամեն օրը դիմավորել էին միմյանց բարի լույս մաղթելով, իրար հետ հազար ու մի դժվարություն կիսելով: Բա դիրքերում ինչքան էին մտերմացել… Մեկը մյուսի մասին ամեն ինչ գիտեր, մեկը մյուսի բարբառն այնպես էր յուրացրել, ասես հազար տարի էդպես էր խոսել: Հիմա բոլոր անհաշտությունները, փոքր ու մեծ վեճերը մոռացվել էին, միայն լավն էր հիշվում…

Միմյանց հրաժեշտ տվեցին ընկերոջ, չէ՛, եղբայրների պես ու կիսաժպիտ-կիսաթախծոտ ճանապարհ ընկան ամեն մեկն իր ծննդավայր:

…Հայկական օջախներում Ամանորի եռուզեռ էր, իսկ զորացրված զինվորների տներում՝ կրկնակի տոն, կրկնակի ցնծություն:

Ամանորի նախաշեմին զորացրված արտաշատցի Արմենենց դուռը թակեց փոստատարը: Ծանրոցներ էր բերել է՛լ Գորիսից, է՛լ Նոյեմբերյանից, է՛լ Աշտարակից… Արմենը զարմացել էր, թեեւ ինքն էլ նմանատիպ ծանրոցներ էր ուղարկել զինվոր ընկերներին ու նաեւ իր ձեռքով երկու տարի առաջ քաշած օղուց ¥հայրն այդ օղին պահել էր, որ որդու վերադարձին քեֆի սեղանին դնի):

Փաստորեն, մեկը մյուսից անտեղյակ միմյանց Ամանորի ծանրոցներ էին ուղարկել` ցանկանալով հաճելի անակնկալ մատուցել:

Եկավ Ամանորը: Զորացրված զինվոր տղաների սեղանները լի էին Հայաստան աշխարհի տարբեր անկյունների բարիքներով: Իսկ երեկվա զինվոր տղերքը իրենց հարազատ օջախներում սեղանի շուրջ նստած՝ մի քիչ էլ գինովցած, ջերմությամբ հիշում էին բանակային երկու տարիները, ու բոլորն էլ նույն կենացն էին ասում այդ պահին. «Խմում եմ բոլոր զինվոր ընկերների, չէ՛, ախպերների կենացը»:

Ա. ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

Խորագիր՝ #01 (1172) 11.01.2017 - 17.01.2017, Բանակ և հասարակություն


12/01/2017