Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿԱՐՈՂ ԵՄ ՎԿԱՅԵԼ



ԿԱՐՈՂ ԵՄ ՎԿԱՅԵԼԲացեցի Գագիկ Սարոյանի «Դիցաբանական ապագա» բանաստեղծությունների ժողովածուն, ու առաջին տողից հաճելի մի կարոտախտ պարուրեց ինձ: Վաղուց այսպիսի վայելք չէի ստացել բանաստեղծություն կարդալուց: Շրջեցի գիրքը, որ տեսնեմ՝ ով է հեղինակը և կարդացի՝ «ծնվել է Գյումրիում, գրել է «Բաց դուռ», «Տարածական ծաղիկ» բանաստեղծական գրքերը, մասնակցել է Արցախյան պատերազմին, պարգևատրվել է «Շուշիի ազատագրության համար» և «Արիության համար» մեդալներով: Մտքովս անմիջապես անցավ` «մեր մարդն է»:

-Երկրաշարժը վերապրելուց հետո կարճ ժամանակ անց դուք կամավոր մեկնեցիք Արցախ:

-Գյումրիում երկրաշարժից հետո դեռ պետք  է պարտքս տայի քաղաքիս, 4-5 ամիս աշխատեցի շինարարությունում, հետո միայն մեկնեցի Արցախ: Իսկ կամավորությունը խոհի պես մի բան է. ոչ ոք չգիտի, թե ոնց է ծնվում. պարզապես հասունացել էր գնալուս պահը: Ազգը կանգնած էր հրապարակներում, ճառ ասելու ժամանակներն էին, զանգ կախողներ էլ էին պետք: Մեր ազգը շատ հետաքրքիր է. վտանգի պահերին կա ժողովրդի անռվազն հինգ տոկոս, որ միշտ պատրաստ է կամավոր զինվորագրվելու. առաջին հարվածն իր վրա ընդունելու:

…Պապս արմատներով Մշո կողմերից է, տատս ղարսեցի է,- շարունակում է հարցիս պատասխաններն իր ներսում որոնել բանաստեղծը,-: Տարածված տարբերակ է կարծես, բայց  իսկապես էլ դա է պատճառներից առաջինը, որ ինձ, կրտսեր եղբորս ու հորեղբորորդուս ուղղեց դեպի ռազմաճակատ: Էրգրի համար ածուխների տակ մլմլացող կարոտը, վրեժի զգացողությունը, մեզ համար բարդույթ դարձած զոհի կարգավիճակի տանջող մտորումները… Ինձ թվում է՝ պատահական չէր, որ մեծ ճանաչում գտան Մուշեղ Գալշոյանի «Ձորի Միրոն», Խաչիկ Դաշտենցի «Խոդեդան»՝ ազատագրական պայքարի մասին պատմող գրքերը: Ասեմ՝ երբ ինձ հետ կռվող տղաներին խրամատներում, գուցեև գրողական հետաքրքրությունից դրդված, հարցուփորձ էի անում` «լավ, դո՞ւ ինչու ես եկել», գյուղացի տղա, քաղաքացի արհեստավորներ կային, որոնք միանգամից հիշում էին այս գրքերը և ասում. «կարդացի՝ եկա»: Այսինքն՝ սա մի ամբողջ սերունդ կրթող գրականություն էր, որը ճիշտ ժամանակին իր դերակատարումն ունեցավ: Եվ սա մի հսկայական ալիք էր, որ բոլորիս մեջ արդեն կլթկլթում էր, և երբ ազդակը եղավ՝ սկսվեց «շարժումը», մեզ արթնացրեց ու ոտքի հանեց:

-Երբ ձեր առաջին գիրքը լույս տեսավ, դուք արդեն անցել էիք երկրաշարժով, պատերազմի թոհուբոհով: Այս ամենի հետևանքով պիտի որ մարտիկ ձևավորվեր, իսկ ձեր մեջ բանաստեղծի շնորհը վերածնվեց և նոր ուժով ի հայտ եկավ:

-Այո, կարծես հակառակ գործընթացը եղավ՝ պատերազմը օգնեց և նոր  երակ բացահայտեց իմ մեջ:

-Իսկ ի՞նչ տվեց ձեզ պատերազմը:

ԿԱՐՈՂ ԵՄ ՎԿԱՅԵԼ-Չգիտեմ՝ տվածն է շատ, թե խլածը, բայց կարող եմ փաստել, որ ինքնաճանաչման խրթին, խորդուբորդ (երբեմն անհնարին թվացող) ճանապարհներին այն ինձ չայլասերեց: 1990-ից մինչև 1993 թվականի գարունն այնտեղ եմ եղել: Ես եկա, իսկ երկու եղբայրներս մեկնեցին: Հետ եկա… ճիշտն ասած նշանած ունեի, որ ինձ էր սպասում:

-Այն աղջի՞կն էր, որի մասին մեզ հայտնել է լրաբզիկ կաչաղակը ձեր «Բալլադ մի իշաբեռ ցախի և լրաբզիկ կաչաղակի մասին» գործում: Ձեր «հազար տարվա կինը»: Լրաբզիկ բառը ձեր հորինածն է, չէ՞:

-Այո: Պետք է ամեն կերպ խուսափել թուրքերեն բառերից:

-Ձեր որդին վերջերս է համալրել հայոց բանակի շարքերը: Ի՞նչ մտքերով նրան ճանապարհեցիք:

-Հիմա երկիրը պահելու իրենց հերթն է: Փառք Աստծու, ոգին տեղն է իմ զինվոր տղի, գյումրեցու հումորը՝ նույնպես: Ինստիտուտը ոսկե մեդալով է ավարտել: Մի քանի օր առաջ ստացել էր սերժանտական ուսադիրները. արձակուրդին ուրախ-ուրախ տուն եկավ, հպարտությամբ ցույց տվեց: Կպել է, թե՝ դիմում գրեմ, որ ինձ Արցախ տանեն: Ասում եմ՝ «Տղա՝ ջան, քեզ վիճակահանությամբ սահմանամերձ զորամաս է բաժին ընկել: Ի՞նչ գիտես, գուցե Աստված հենց այնտե՞ղ է քեզ պաշտպան կարգել»:

-Ձեր բալլադներից մեկում գրում եք.

Տեսնես՝ էս երկրի բանաստեղծները

Արթու՞ն են հիմա,

Հսկո՞ւմ են արդյոք հրեշտակներին,

Որբերին արդյոք հիշո՞ւմ են նրանք,

Սիրահարներին հո չե՞ն մոռացել:

Անտունիներին և տնանկներին և այրիներին

Ասե՞լ են արդյոք բառեր կարևոր,

Իսկ զինվորներին գոտեպնդե՞լ են:

Մութ է դավադիր,

Տեսնես՝ էս երկրի բանաստեղծները

Ինչո՞ւ չեն գրում

Կիսատ մնացած հմայիլները,

Մի՞թե չեն հիշում պայմանը ահեղ,

Որը կապվել է խոր երկինքներում.

Շնորհի դիմաց պահպանել հոգին,

Որ չհանգի նա, որ նա չզոհվի

Կյանքի դավադիր խրամատներում…

-Այստեղ դուք հռետորական հարց եք ուղղում բանաստեղծներին. «Իսկ զինվորներին գոտեպնդե՞լ եք»: Հիմա ինքներդ հնարավորություն ունեք գոտեպնդելու մեր երկրի պաշտպանին:

 -Ի՞նչ ասեմ, խաղաղ, կապույտ երկինքների չարչրկված մաղթանքից զատ, գուցե մի փոքրիկ բանաստեղծությամբ փորձեմ նորոգել հայի մեր տեսակի ուխտը.

Պատերազմը սիրում է պատանիներին,

Եվ հաղթանակները վստահում է նրանց:

Որ չգան ու չսպանեն,

Կերակրիր պատանիներին

Ազատության հանապազօրյա երգով:

Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Խորագիր՝ #01 (1172) 11.01.2017 - 17.01.2017, Հոգևոր-մշակութային


12/01/2017